Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանն այսօր լրագրողների հետ զրուցեց բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում առկա խնդիրներին:
Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց կարգավիճակի մասին` նա ասաց, որ միայն հիվանդության առկայության դեպքում չէ, որ մարդը համարվում է հաշմանդամություն ունեցող. պետք է անցնի համալիր հետազոտում, որպեսզի ընդունվի հաշմանդամության մասին որոշում: Այդ որոշումն ընդունողները բժշկասոցիալական ոլորտի փորձագետներն են:
«Միայն հիվանդության առկայությունը բավարար չէ հաշմանդամ ճանաչվելու համար: Պետք է առկա լինի նաև կայուն կենսագործունեության խանգարում: Պետք է մարդու մոտ խաթարված լինեն ուսումնառության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու, ինքնագործունեության, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու կարողությունները և երեխաների համար էլ` խաղալու կարողությունը»,- ասաց Սողոյանը` հավելելով. «Հաշմանդամությունը ստատիկ վիճակ չէ, եթե մարդը ճանաչվեց հաշմանդամ, չի նշանակում, որ էլ հնարավոր չէ որևէ բան անել: Բավականին ակտիվացել են վերականգնողական օգնությունը բարելավող աշխատանքները: Յուրաքանչյուր քաղաքացի, ով հաշմանդամություն ունի, նրա համար կազմվում է նաև անհատական վերականգնման ծրագիր»:
Ի դեպ, նրա խոսքով, հանրապետությունում գրանցված 200 401 հաշմանդամություն ունեցողներից 136 713-ը համարվում են անժամկետ հաշմանդամություն ունեցողներ: «Անժամկետ են համարվում այն մարդկանց հաշմանդամությունները, ովքեր յոթ տարուց ավելի նույն խնդիրն ունեն և վերականգնողական կուրսեր անցնելուց հետո որևէ դրական արդյունքի չեն հասել` կենսաթոշակառուները, հիվանդների որոշակի ցանկին համապատասխանություն ունեցողները, մեկ աչքի բացակայությամբ մարդիկ և այլն»,- ասաց մասնագետը:
Ըստ նրա` հանրապետության տարածքում հաշմանդամություն ունեցող անձանց 1,1 տոկոսը երեխաներ են: Սողոյանը նշեց նաև, որ մեր երկրում առաջին կարգի հաշմանդամություն ունի տասը հազար մարդ, երկրորդ կարգի հաշմանդամություն` քառասուն հազար մարդ, իսկ երրորդ կարգի հաշմանդամություն` շուրջ հարյուր հազար:
Նա տեղեկացրեց նաև, որ տարեկան մոտ 70 հազար մարդ հետազոտվում է, որոնցից 3000 հազարին հաշմանդամություն չի վերագրվում: «Մարդիկ դժգոհում են սրանից, բայց, դե, հետազոտության արդյունքներն այլ բանի մասին են խոսում»,- նշեց բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը: