կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-09 22:48
Հասարակություն

Դեղատոմսերի շրջանառությունը կարգավորող նոր կարգը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո երեք ամիս անց

Դեղատոմսերի շրջանառությունը կարգավորող նոր կարգը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո երեք ամիս անց

Այսօր հաստատվել է առողջապահության նախարարության ներկայացրած «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Դեղատոմսերի շրջանառությունը կարգավորող փաստաթղթում հստակ սահմանված են թմրամիջոցների, հոգեմետ նյութեր պարունակող դեղերի, անվճար և արտոնյալ կարգով հատկացվող դեղատոմսերի գրման, բացթողնման և հաշվառման կարգերը, դեղատոմսերի ձևերը` դրանք համապատասխանեցնելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքին: Այդ գործառույթները գործող կարգերում նկարագրված են թերի կամ բացակայում են:

Նշենք, որ սահմանվում է դեղատոմի 4 նոր ձևաթուղթ։ Դեղատոմսը մնում է դեղատանը հետագայում պատշաճ վերահսկողություն և մշտադիտարկում իրականացնելու նպատակով:

Նոր կարգով դեղատոմսերում գրվելու են դեղերի համընդհանուր (ջեներիկ) անվանումները: Դեղատանը դեղ ձեռք բերող անձին պարտավոր  են ներկայացնելու առկա նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ  տեղեկատվություն, այդ թվում՝ գների մասին` առանց ուղղորդման: Միաժամանակ   պարզեցված է թմրամիջոցների նշանակման կարգը։ Դրանք կարող են դուրս գրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ընտանեկան բժիշկները, ինչպես նաև պացիենտին բուժող բժիշկները` անկախ մասնագիտությունից:

Դեղատոմսերի շրջանառությունը կարգավորող նոր կարգը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո երեք ամիս անց։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությում գրանցված  4723 դեղից 3632-ը, որոնց թվում են նաև հակաբիոտիկները, բաց կթողնվեն դեղատոմսով։