կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-11 15:12
Քաղաքական

Պետք է փոխել նախագահ դառնալու` որոշ մարդկանց մանկության երազանքը. Արծվիկ Մինասյան

Պետք է փոխել նախագահ դառնալու` որոշ մարդկանց մանկության երազանքը. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման էր դրվել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ նախագծի տեքստը կարող է պարունակել բազմաթիվ նրբություններ, որոնք կարիք ունեն քննարկումների, առաջարկությունների տեսքով ներկայացման:

Նրա խոսքով` Դաշնակցության ներկայացրած առաջարկությունների մի մասն իրացվել է: «Երբ մենք խոսում ենք քաղաքական մենաշնորհի մասին, փորձենք հասկանալ` իսկ այսօրվա գործող Սահմանադրությունը տալի՞ս է շանս` երբևէ ազատվելու այդ քաղաքական մենաշնորհից: Այս ամբողջ վերլուծության եզրակացությունն այն է, որ այս գործող համակարգը չի տալիս այդ շանսը, այդ պատճառով առաջարկվում է կատարել փոփոխություն, որպեսզի բոլորը ստանան այդ հնարավորությունը` ազատվել քաղաքական մենաշնորհից: Ի՞նչ անենք, հրաժարվե՞նք այդ հնարավորությունից ու ասե՞նք՝ ամեն ինչ լավ է»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով` ըստ էության, երկրում մինչ այժմ իշխանության փոփոխություն տեղի չի ունեցել քաղաքական մակարդակում, և եթե ՀՀՇ-ի առանձին ներկայացուցիչներ տեղափոխվել են այլ քաղաքական ուժի ճամբար, դա չի նշանակում, որ փոփոխություն է տեղի ունեցել:

«Եթե, փոփոխություն ասելով, նկատի ունեք միայն երկրի նախագահին, ուրեմն ավելի լավ է` հրաժարվենք այդ պոստից: Չէ՞ որ եթե ասում ենք՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա այն չի կարող մեկ անձի տեսքով ներկայանալ: Դրա համար խորհրդարանական կառավարման համակարգը միակ փրկությունն է: Լուսահոգի Վլադիմիր Նազարյանը մի գիրք ուներ` «ՀՀ Սահմանադրության կոնցեպցիա» անվանումով, ուր մի հետաքրքիր միտք է ներկայացված. երբ 200 տարի առաջ ԱՄՆ-ում մեխն անգամ ներկրվում էր դրսից, ԱՄՆ-ի հայրերը թողեցին ամեն ինչը և ստեղծեցին Սահմանադրություն, որը պետք է ապահովեր մարդու հիմնարար իրավունքների իրացումը: Չպետք է սպասել` սահմանադրական ճգնաժամ լինի, որ նոր իրականացվեն սահմանադրական փոփոխություններ: Չպետք է մտածել, որ եթե որևէ մեկի մանկության երազանքն է նախագահ դառնալը, ու հանկարծ այդ պաշտոնը վերանում է, ուրեմն մարդկանց մանկության երազանքը փլուզվում է  Ոչ, պետք է փոխել այդ մանկության երազանքը, որ յուրաքանչյուրը հասկանա, ո,ր ներգրավվելով կառավարման համակարգում, հնարավոր է նպաստել երկրի բարեկեցությանը: Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները կարող են ստեղծել իրական հիմք ժողովրդավարական հիմքերի ձևավորման համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա հավելեց, որ գործող Սահմանադրությունը նաև չի ապահովում այն ընտրական մեխանիզմը, որը կնպաստի ազատ ընտրություններին:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու սահմանադրական փոփոխություններին, որ ՀՅԴ-ն իսկապես աշխատել է այդ փոփոխությունների նախագծի վրա` ամբողջ ծավալով:

«Մենք կարծում ենք, որ այս նախագծում առկա լուծումներով հնարավոր կլինի ապահովել բազմակարծության մթնոլորտի հիման վրա ստեղծված, ազատ ընտրություններով ձևավորված Ազգային ժողով, որն էլ կձևավորի գործադիր իշխանություն՝ ապահովելով կայուն զարգացում»,- եզրափակեց պատգամավորը: