կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-09 17:15
Մշակույթ

Մեր կինոյի զարգացումն ուղիղ կապ չունի «Հայֆիլմ»-ի պետականացման հետ. Դավիթ Սահակյանց

Մեր կինոյի զարգացումն ուղիղ կապ չունի «Հայֆիլմ»-ի պետականացման հետ. Դավիթ Սահակյանց

Տեղեկացրել էինք, որ կառավարության` օգոստոսի 31-ի նիստում որոշում կայացվեց փոփոխություն կատարել գործադիրի` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, և «Հայֆիլմ» կինոստուդիա փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, գույքը` 2 702 469 606 ՀՀ դրամ գնահատված արժեքով, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:

Yerkir.am-ի հետ զրույցում ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նշեց, որ, իր կարծիքով, «Հայֆիլմ»-ի պետականացումը շատ կարևոր քայլ է, և դրան պետք է հաջորդեն նաև այլ ընկերություններ, որոնք պետք է ի սկզբանե պետական լինեին: «Դրական տենդենց է, միայն պետք է ողջունել»,- ասաց նա:

Սահակյանցի կարծիքով`  մեր կինոյի զարգացումը, սակայն, ուղիղ կապ չունի դրա հետ, կինոն, ըստ նրա, պետք է զարգանա` դպրոցներ ստեղծելով ու նպաստելով հենց դրանց զարգացմանը:

«Մենք կարող է և պետական «Հայֆիլմ» չունենայինք, բայց ունենայինք ուժեղ կինոարտադրություն, որն իր նոր տունը կգտներ` հաստատ: Եթե կինոդպրոցները չզարգանան, բացարձակ կապ չունի` «Հայֆիլմը» պետակա՞ն կլինի, թե՞ ոչ, կինոարտադրությունը էականորեն առաջ չի շարժվի»,- ասաց Սահակյանցը:

Հարցին` այնուամենայնիվ, ի՞նչ բացեր կուզեիք, որպեսզի «Հայֆիլմը» լրացնել ոլորտում, պատասխանեց. «Հենց դրանով էլ զբաղվեր` հիմներ կինոդպրոցներ: Պետք է մեր մասնագետների պակասը լրացնել, հետո նոր միայն հաջողություններ ակնկալել կինոարտադրության մեջ»: