կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-14 20:30
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նպատակը պետք է լինի իշխանափոխությունը, այլ ոչ ԿԳՄՍՆ-ի դեմ պայքարը. Դավիթ Սահակյանց

«Կիլդիմը» բոլորին համախմբում էր մի կարեւոր գաղափարի շուրջ, բոլորս՝ իշխանությունից մինչեւ սովորական քաղաքացի, մի խրամատում էինք, ինչը կարևոր էր մեզ համար։ Սակայն, վերջին 2 տարվա ընթացքում հասկացանք, որ այս իշխանությունների և մի ստվար զանգվածի հետ տարբեր խրամատներում ենք։ Պարզվեց, որ մեր «Կիլդիմ» նախագիծը ոչ միայն Ադրբեջանի համար էր ահ ու սարսափ, այլ նաեւ մեր երկրում գտնվող խաղաղասերների»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը։

Ըստ նրա՝ երբ այսօրվա իշխանությունները եկան, մի քանի ամիս անց իրենց յութուբյան ալիքը փակվեց և չկարողացան վերականգնել․ «Մեզ մոտ կան նաև կասկածներ, որ ներսից են նպաստել։ Դրանից հետո այդ ադրբեջանասերները ջրի երես դուրս եկան, նույնիսկ՝ իշխանությունը սկսեց խոսել այդ համերաշխության եւ սիրո մասին»,- հիշեցրեց Սահակյանցն ու չժխտեց այն հանգամանքը, որ դա էլ իրենց համար առիթ է հանդիսացել հիասթափության։

Բանախոսը սակայն, դժվարացավ ասել, թե «Կիլդիմն» ինչ ապագա կունենա, բայց համոզված է․ նախագիծը մի օր նոր շունչ կառնի։ Փոխարենը, մուլտիպլիկատորը վստահ ժամկետներ շեշտեց, չարչրկված «Օլիմպիկոս» գեղարվեստական մուլտֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա շուտով․ «Երկու տարի  ստիպված ենք եղել այստեղից-այնտեղից գտնել ֆինանսավորում, քանի որ նախարարության կողմից կասեցվեց այդ ֆինանսավորումը։ Ընդհնարապես, ֆիլմը պլանավորվում էր հանձնել անցյալ տարվա դեկտեմբերին, բայց քանի որ ֆինանսավորումից զրկվեցինք, ստիպված եղանք մեր ուժերով ֆիլմը շարունակել։ Հետո պլանավորում էինք ցուցադրել այս տարվա մայիսին, բնականաբար, կորոնավիրուսի պատճառով հետաձգեցինք։ Ամեն դեպքում, ֆիլմն ամբողջությամբ պատրաստ է, և սպասում ենք, թե երբ կբացվեն կինոթատրոնները»։

Ըստ Դ․ Սահակյանցի՝ բոլոր գիտակից մարդիկ, ովքեր մտահոգ են մեր երեխաների ու թոռների ապագայով, անընդունելի են համարում այն ինչ այսօր անում է ԿԳՄՍ նախարարությունը   մշակույթի, կրթության և մնացած բոլոր ոլորտների հետ․ «Այս ամենի մեջ կարծում եմ կա միտում․ ըստ երևույթին որոշում է կայացվել արժեզրկել եւ կամաց-կամաց, փոքր քայլերով ոչնչացնել ազգայինը, որն անհրաժեշտ է նման փոքր պետություններին։ Այդ ամենն արվում է, որպեսզի տարիների ընթացքում նման որոշումներով այլասերեն սերունդներին։ Ի վերջո, կգան այն վիճակին, որ երկիրը պատրաստ կլինի հանձնվելու ցանկացած այն ուժին, որը կուզենա տիրանալ հողատարածքի։ Բայց, մեզ համար այն ուղղակի հողատարածք չէ, այստեղ կարծում եմ նորմալ մարդիկ խորը զգացմունքներ ունեն  և՛ լեզվի, և՛ եկեղեցու, և՛ մշակույթի վերաբերյալ»,-  պնդեց Սահակյանցն ու մտաբերեց․ «Անցյալ տարի, երբ դեռ ոչ ոք չէր արձագանքում այն ամենին ինչ անում էր Արայիկ Հարությունյանը, ՀՅԴ երիտասարդ թևը կազմակերպում էր պիկետներ, որին ես պատիվ ունեցա մասնակցելու։  Գնալով հասկանում եմ, որ այդ պայքարն ավելի ուժեղանում է եւ շատ ողջունելի է։ Համոզված եմ, կոնկրետ այս նախարարը չի դիմանալու ճնշմանը, ուրիշ հարց է, թե ով կգա նրա փոխարեն։ Ամիսների հարց է, նա կհեռանա, բայց ով կգա հետո, մեկ ուրիշը՝ նույն գաղափարախոսությամբ։ Կարծում եմ՝ նպատակը ոչ թե պետք է լինի Արայիկ Հարությունյանի դեմ պայքարը, այլ այն մարդու, ով կանգնած է նրա հետևում»։

Դ․ Սահակյանցը համոզված է քաղաքական բոլոր անհատները, հասարակական գործիչներն ու մտավորականները, ովքեր մտածում են վտանգների մասին, պետք է մտնեն պայքարի մեջ։

Անդրադառնալով սպորտսմեն Արսեն Ջուլֆալակյանի՝ ԱԺ մանդատը վայր դնելուն, Սահակյանցը շեշտեց, որ նրա՝ ՔՊ-ի կազմում հայտնվելն արդեն իսկ ցավով է ընդունել․ «Եթե մանդատը վայր դնելը մի քայլ է դեպի վերադարձ այն սկզբունքներին, որին նա ի սկզբանե ուներ, կարելի է ողջունել։ Թեպետ, կան բաներ, որոնք խորը բիծ են թողնում հասարակության հիշողության մեջ։ Ամեն դեպքում, ողջունում եմ այն քայլը, որն արեց Ջուլֆալակյանը, հուսով եմ՝ նման քայլեր ավելի շատ կլինեն»։

Սահակյանցը դժվարացավ ասել, թե ընդդիմադիր ուժերի կողմից հանրահավաքներն ու փողոցային պայքարն ինչ արդյունքի կբերեն, բայց մի բան հստակ շեշտեց՝ ժամանակ չունենք, իսկ փողոցային պայքարը երկար ժամանակ կխլի․ «Միգուցե իրավաբանական նրբություններ  կան, որոնցով հնարավոր է օրակարգ բերել իշխանությունների հրաժարականը, հակառակ դեպքում պետք է փողոցն այդ հարցը լուծի։ Կասկածներ ու վախեր ունեմ, որ փողոցը շատ երկար կարող է հավաքվել, իսկ մենք դրա ժամանակն իսկապես չունենք, որովհետև օրեցօր նոր կոնվենցիաներ, նոր օրենքներ, նոր հիմար քայլեր են անում, որոնք ուղղակի բերում են սարսափելի վիճակի»,- վրդովված ասաց Սահակյանցն ու սարսափով ընդգծեց՝ սահմանների վերաբացվելու հետ միասին մեծ արտագաղթ կսկսվի․ «Վախենում եմ, որ բնակչության 30-40 տոկոսը կլքի երկիրը։ Պետք է շտապ գործել և ռեանիմացիայի ենթարկել մեր երկիրը»։

 

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում։

 Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը