կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-12-12 19:19
Հասարակություն

Այսօրվա իշխանությունները ուղղորդվում են, կոնկրետ քաղաքականություն կա. Դավիթ Սահակյանց

Այսօրվա իշխանությունները ուղղորդվում են, կոնկրետ քաղաքականություն կա. Դավիթ Սահակյանց

«Կոնկրետ թիրախավորված աշխատանք է տարվում, թե ում կողմից, չեմ կարող ասել, այսօրվա իշխանությունները կատարողներն են այն ամենի, ինչը թելադրվում է»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության ու ողջ իշխանության վարած քաղաքականությանը, ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը:

Սահակյանցը կառավարության և հատկապես ԿԳՄՍ նախարարության աշխատելաոճի մեջ հստակ միտում է տեսնում և մտքով անգամ չի անցնում, որ դա երբևէ կշտկվի.

«Ես շատ եմ խոսել այս մասին, բայց կրկնում եմ, այս մարդիկ ինչ-որ մեկի կողմից ուղորդվում են, կոնկրետ քաղաքականություն կա, և ես չեմ կարծում, որ դրանք վրիպակներ են»- պնդում է Սահակյանցը:

Անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի այն մասին, որով հայագիտական առարկաները պետք է ոչ պարտադիր դառնան բուհերում, մինեմատոգրաֆը գտնում է, որ դա անթույլատրելի քայլ է.

«Միանշանակ դեմ եմ, որովհետև մեր երեխաներն այսօր դպրոցում չեն ստանում այն բավարար գիտելիքները, որով հնարավոր լինի բուհ ընդունվել ու ոչ մասնագիտական առարկաներ չսովորել: Բացի դրան, այդ առարկաներին չի կարելի այդպես մատների արանքով նայել, դրանք մեր խորհրդանիշներն ու գոյության սիլմվորներից են»:

Դավիթ Սահակյանցի համար այս իշխանությունների դրսևորած վարքագիծը շատ ցավալի է, բայց զարմանալի չէ, քանի որ պարզ հասկանում է, թե ուր են գնում նրանք.

«Դեռ ամռանն եմ ասել, որ Երևանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություններն ուղղակի առաջին ծիծեռնակներն են, ամենավատը հետո է լինելու, և մենք արդեն տեսնում ենք այդ «հետոյի» ցավալի արդյունքները»:

Դավիթ Սահակյանցի համոզմամբ՝ իշխանությունների քաղաքական գծի վրա է գտնվում նաև ԼԳԲՏ համայնքի, այսպես ասած, օրինականացումը, որը նրանք փորձում են իրականցնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ:

Նա գտնում է, որ, եթե կա հանրային լայն զանգվածների պահանջ, ապա իշխանությունները պարտավոր են ականջալուր լինել դրան ու կատարել պահանջը, ինչը չի արվում այսօր: Միաժամանակ համոզված է՝ եթե երիտասարդությունն ուս ուսի տա, հաջողության կհասնի.

«Ես աջակցել եմ և աջակցում եմ երիտասարդներին, և կարծում եմ, որ ինչքան շատ մարդ հավաքվի, այնքան իշխանությունները կհասկանան, որ ինչ-որ մի բան իրենք սխալ են անում և ինչքան մեծ զանգված միանա, լուծումն այնքան ավելի շուտ կլինի հասարակության մեջ, այն հասարակության, որն այս ամենին մատների արանքով է նայում, սա ևս լուրջ խնդիր է»,- եզրափակեց Սահակյանցը:

Հիշեցնենք, որ Դավիթ Սահակյանցը մեկն է այն բազմաթիվ մտավորականներից, ովքեր ողջունեցին նոյեմբեր ամսվա սկզբին սկսված երիտասարդական պայքարն՝ ընդդեմ ԿԳՄՍ Արայիկ Հարությունյանի հակահայկական, հակամշակութային գործունեության:

Ավելի վաղ՝ հուլիս ամսին, Դավիթ Սահակյանցն ու նրա մայրը՝ Լյուդմիլա Սահակյանցը, լքել էին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը: Պատճառը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ ցուցադրված թուրքական ու ադրբեջանական ֆիլմերն էին, մի բան, որը հանդուրժել չկարողացան ո՛չ Սահակյանցը, ո՛չ նրա մայրը:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ