Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման ներդրման 20-ամյակին նվիրված «Կայուն զարգացման խթանումը Արևելյան գործընկերության երկրներում» բարձրաստիճան միջազգային համաժողովին: Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածքային իշխանությունների հանձնաժողովի (CORLEAP) և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) նախաձեռնության համատեղ ուժերով:
Համաժողովի ընթացքում Հայաստանում տեղական ինքնակառավարման ներդրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Եվրոպական Միությունը մեկնարկել է Արևելյան գործընկերության երկրներում տեղական իշխանություններին աջակցության նոր նախաձեռնություններ: Մասնավորապես, Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Արևելյան գործընկերության երկրների «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի երկրորդ փուլի և «Քաղաքապետերը հանուն տնտեսական զարգացման» նոր նախաձեռնության (M4EG) մասին` ուղղված համապասխանաբար էներգետիկ արդյունավետությանը և գործարար ոլորտին: Այս ծրագրերը նպատակաուղղված են խթանելու համագործակցությունը տեղական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև` հաշվետվողականության բարձրացման, համայնքների զարգացմանն ուղղված կանոնակարգերի ստեղծման և ներդրման, ինչպես նաև արդյունավետ և էֆեկտիվ վարչական կարողությունների լավագույն փորձի փոխանակման համար: Այս գործընթացները սերտորեն փոխկապակցված են, քանի որ տնտեսությունների էներգատարության նվազեցումը կդարձնի դրանց ավելի մրցունակ` հանգեցնելով տեղական աշխատատեղերի ստեղծմանն ու կայուն զարգացմանը: Քաջալերելով պետական-մասնավոր համագործակցությունը՝ այդ նախաձեռնությունները նպաստելու են համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծմանը և մեկ շնչին ընկնող ՀՆԱ –ի աճին:
Համաժողովի առաջին օրը կիամփոփվի հանդիսավոր ստորագրման արարողությամբ, որի ընթացքում Արևելյան Գործընկերության երկրների 21 քաղաքապետեր կմիանան «Քաղաքապետերը հանուն կլիմայի և էներգետիկայի» դաշնագրին: Հոկտեմբերի 27-ի համաժողովը կշարունակի քննարկումները Արեւելյան գործընկերության երկրներում Կլիմայի և էներգետիկայի նոր դաշնագրի հեռանկարների և առավելությունների շուրջ:
Համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանդես է եկել ելույթով.
Հարգելի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,
Եվրոպական միությունը եղել և մնում է եվրոպական ճարտարապետության կարևոր կառույց: Միության դերակատարությունը՝ որպես մեր ընդհանուր և միասնական արժեքների պաշտպանի, շարունակում է կարևորվել այսօր և կարևորվելու է ապագայում: Հայաստանը ակտիվ մասնակցել է Եվրոպական Միության և հատկապես Արևելյան Գործընկերության շրջանակում ծավալված համագործակցությանը: Վերջինս նպաստել է ժողովրդավարության արդյունավետ գործառույթի համար անհրաժեշտ կայուն կառույցների կերտմանն ուղղված մեր ներպետական ջանքերի համախմբմանը:
Արևելյան Գործընկերությունը սատարում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, արդարադատության և ազատությունների, ինչպես նաև՝ պետական կառավարման բնագավառներում:
Դրանք մեր բարեփոխումներն են, մենք ենք առաջին հերթին շահագրգռված դրանց բարեհաջող իրագործմամբ՝ ի շահ մեր ժողովրդի: Միևնույն ժամանակ, մենք շատ հարցերում հենվում ենք մեր գործընկերների օժանդակության վրա:
Ուստի, մեր նպատակն է էլ ավելի բարելավել պետական կառավարումը և ամրապնդել ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակության կառույցները: Այդ բոլոր գործընթացները հատկապես կարևորվում են Եվրամիության Արևելյան Գործընկերության համատեքստում:
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Եվրոպական Միության հետ Հայաստանի համագործակցության օրակարգի մշտական գերակայություններից են տեղական ժողովրդավարության ամրապնդման և զարգացման հարցերը: Այդ իսկ պատճառով առանձնահատուկ կուզենայի անդրադառնալ Հայաստանում տարածքային և տեղական իշխանությունների խնդիրներին, բարեփոխումների հեռանկարներին, ինչպես նաև Հայաստան-Միություն համագործակցությանը: Այս տարի նշում ենք մեր երկրում ՏԻՄ համակարգի ներդրման 20-ամյակը: Այսօր կարող ենք վստահությամբ արձանագարել, որ այն կայացել է: Քսանամյա համակարգի ապագայի մեր տեսլականն է` ունենալ ընդլայնված հնարավորություններով, սակայն մեծ պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք նաև պատշաճ որակի հանրային ծառայություններ կապահովեն: Դա թույլ կտա բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց կողմից իրականացվող գործառույթների նկատմամբ հասարակության վստահության աստիճանը, որը դեռևս մեզ գոհացնող մակարդակի վրա չէ:
Մեր համոզմամբ` տեղական ժողովրդավարության հետագա ամրապնդմանն էապես նպաստելու է այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կապահովեն քաղաքացիների առավել ակտիվ մասնակցությունը տեղական իշխանությունների ձևավորման գործընթացին և նրանց կմղեն ավելի նախանձախնդիր վերաբերմունք դրսևորել իրենց ընտրած մարմինների գործունեության նկատմամբ: Մեր ուշադրության կենտրոնում է հատկապես ավագանու ինստիտուտի լիարժեք կայացման, դրա արդյունավետության բարձրացման խնդիրը:
Վերջին տարիներին լայնածավալ աշխատանքներ են իրականացվել ֆինանսական համահարթեցման մեխանիզմների կատարելագործման, տեղական հարկերի վարչարարության բարելավման և այդ գաղափարներն օրենսդրորեն ամրագրելու ուղղությամբ: Մեր նպատակն է ունենալ առավել կենսունակ, խոշոր ու ֆինանսապես կայուն համայնքներ, տեղական մակարդակում թափանցիկ և արդար կառավարում, հասնել նրան, որ բնակչությունն իր կենսագործունեության համար առաջնային խնդիրները կարողանա լուծել տեղերում` տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործակցաբար:
Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման գրավականը մենք համարում ենք նաև համայնքների խոշորացումը, որը նպաստելու է նրանց հնարավորությունների ավելացմանն ու կառավարման ավելի արդյունավետ համակարգի ձևավորմանը:
Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի տնտեսական հաջողության գրավականը մեր մարզերի զարգացումն է: Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարության համար գերակա ուղղություն է տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Հատկապես մարզերում և գյուղաբնակ վայրերում ձգտում ենք ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները, որոնք հնարավորություն կտան բնակչության համար կյանքի նոր որակ ապահովել: Կառավարությունը վերջին տարիներին մեծ ներդրումներ է կատարել մարզերում արտադրական և սոցիալական ենթակառուցվածքները բարելավելու համար և ապագայում շարունակելու է այդ քաղաքականությունը: Մենք գիտակցում ենք, որ դա է ճանապարհը բարեկեցիկ համայնք ունենալու, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու, հատկապես երիտասարդների համար ինքնադրսևորվելու և կենսագործունեության նպաստավոր միջավայր կստեղծվի: Այդ քաղաքականության միջոցով մենք ակնկալում ենք տարածքներում բարելավել գործարար միջավայրը և ներգրավել առավելագույն ներդրումներ:
Ընդունելով ՀՀ տարածքների զարգացման հայեցակարգը` կառավարությունն ըստ էության նոր գործիք է ձևավորել, որը հնարավորություն կտա իրականացվող ծրագրերի արդյունավետությունը դիտարկել տարածքների համաչափ զարգացման համատեքստում, գնահատել դրանց ազդեցությունը կոնկրետ տարածքում կյանքի որակի բարելավման վրա:
Ակնհայտ է, որ այսօր թե պետության, թե համայնքների ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են: Մեր երիտասարդ հանրապետությունը և համայնքները տնտեսական հզորացման դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, սակայն մենք չենք կարող ետ մնալ արագ փոփոխվող աշխարհի զարգացումներից:
Մեր կառավարությունը վճռական է շարունակել Հայաստանը ավելի մրցունակ դարձնելու ուղղությամբ բարեփոխումները: Մենք ձգտում ենք, որ առաջընթաց ապահովելու այդ վճռականությունը փոխանցվի նաև համայնքներին և տեղական ինքնակառավարման մարմիններին: Այդ երկու մակարդակներում բարեփոխումների համադրումն ու համընթաց իրականացումը միայն կարող են հաջողության երաշխիք լինել:
Այս համատեքստում հատկանշական է, որ 2015թ. սեպտեմբերին Արևելյան Գործընկերության տեղական և տարածքային իշխանությունների հանձնաժողովի՝ CORLEAP-ի բյուրոյի նիստը տեղի ունեցավ Երևանում, որտեղ հաստատվեց CORLEAP-ի 2016-2017թվականների գործողությունների ծրագիրը, որը, կարելի է ասել, ամբողջությամբ ուղղված է Արևելյան գործընկերության երկրներում ժողովրդավարության ամրապնդմանը:
Համաժողովի հարգելի մասնակիցներ
Հայաստանը կարևորում է նաև Անդրսահմանային համագործակցության մասին Եվրոպական շրջանակային կոնվենցիան` որպես տարածաշրջանային համագործակցությունը հորիզոնական մակարդակներում հաստատելու և խորացնելու լրացուցիչ հնարավորություն։
Եվրոպական Միության կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է նաև «Տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը», որի հիմնական նպատակն է տարածքային զարգացման անհամաչափությունների հաղթահարումը:
2013 թվականից Արևելյան Գործընկերության շրջանակում իրականացվում է նաև Արևելյան Գործընկերության երկրների միջև «Տարածքային համագործակցություն» ծրագիրը, որը նախաձեռնելով պիլոտային զարգացման ծրագրեր` նպատակ ունի նվազեցնելու տնտեսական և սոցիալական տարածաշրջանային անհավասարությունները և իրագործելու տարածաշրջանի տնտեսական պոտենցիալը: «Տարածքային համագործակցություն» ծրագիրը իրականացվում է Հայաստանի և Վրաստանի միջև` ընդգրկելով անդրսահմանային 3 հայկական և 2 վրացական տարածաշրջաններ:
Հարգելի գործընկերներ,
ԵՄ կառույցների և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համագործակցության համատեքստում առանձնահատուկ կարևորում ենք նաև Եվրոպական Հանձնաժողովի նախաձեռնությունը` աջակցելու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կայուն էներգիայի համար տարվող քաղաքականությունների զարգացմանն ու իրականացմանն ուղղված ջանքերին: Դեռևս 2013թ. Հայաստանի քաղաքներից` Հրազդանը և Ապրանը միացել են «Քաղաքապետերի Դաշնագիր» նախաձեռնությանը, որով պարտավորվել են իրենց տարածաշրջաններում բարձրացնել էներգիայի արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը` նպաստելով կանաչ տնտեսական աճին և կյանքի բարելավված որակին: Այնուհետև Դաշնագրին են միացել Դիլիջան, Արթիկ, Սպիտակ, Վայք, Երևան, Էջմիածին, Տաշիր, Վանաձոր քաղաքները: Այսօր ևս մի շարք քաղաքներ պատրաստվում են միանալ այդ կարևոր գործընթացին:
«Հարգելի գործընկերներ,
Թույլ տվեք մեկ անգամ ևս հայտնել մեր երախտագիտությունը ԵՄ Արևելյան Գործընկերության տեղական և տարածքային իշխանությունների հանձնաժողովին (CORLEAP), ԵՄ համապատասխան կառույցներին՝ ցուցաբերվող մշտական ուշադրության և Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացին պատրաստակամ և ըստ ամենայնի օժանդակություն ցուցաբերելու համար:
Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ:
Շնորհակալություն ուշադրության համար»։