կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-19 20:55
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի սիմվոլով՝ մենք այսօր այն դիակն ենք, որ գետով անցնում ենք Ալիևի աչքի առաջ․ Դավիթ Սահակյանց

Այն, ինչ մենք պետք է անեինք, արեցին  մեր թշնամիները՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը։

«Մի ասացվածք կա․ «Պետք է նստես գետի ափին, և սպասես՝ երբ կանցնի թշնամուդ դիակը»։ Ցավոք սրտի, հասունացավ այն պահը, որ ամեն ինչ կատարվեց ի նպաստ Ադրբեջանի։ Այն, ինչ մենք պետք է անեինք և մենք սպասեինք՝ երբ կլինի նման կատակլիզմ, որը մեզ մոտ եղավ 2018 թ-ին, որի շնորհիվ մենք կհաստատեինք մեր այն հաղթանակը, որը կլիներ։ Ցավոք սրտի, դա չեղավ, և դրանից օգտվեցին ադրբեջանցիները։ Եվ Նիկոլ Փաշինյանի նոր իշխանության սիմվոլով մենք այսօր այն դիակն ենք, որ անցնում ենք Ալիևի աչքի առաջ այդ գետով։ Միգուցե վերջնական դիակ չենք, և դեռ կա շանս, որ կկարողանանք ոտքի կանգնել և չսուզվել մինչև վերջ»,-ասաց Դավիթ Սահակյանցը։

Նա համոզված է, որ մեր իշխանությունները շատ պարզ գիտակցում էին, որ թուրքի հետ հնարավոր չէ բարեկամանալ, բայց միտումնավոր մեր երկիրը դրեցին այն վիճակի մեջ, ինչ կա հիմա՝ առանց Արցախ-թիկունքի, բզկտված սահմաններով, Թուրքիայի ներկայության մեծացման սպառնալիքով։

«Շատ պարզ գիտակցում էին մեր իշխանությունները, և հենց դրա համար էլ ամեն ինչ արվում էր։ Կարծում եմ, ոչ մեկի մոտ էլ իլյուզիա չկար, թե ամենաարնախում ցիվիլիզացիաներից մեկը՝ թուրանական քաղաքակրթությունը, եթե մեկ անգամ թեկուզ քո թուլությունը տեսնի, և դու նվեր տաս մի բան, նա կխլի այն ամեն ինչը, ինչ կա քեզ մոտ։ Չի կարելի նման ազգերի հետ նման վարքագիծ ունենալով փորձել խաղաղություն հաստատել։ Երիտթուրքերի մոտ գաղափար կար, որ իրենց պետք է Հայաստանի տարածքը՝ առանց հայերի։ Այն ժամանակ Արևմտյան Հայաստանը՝ առանց հայերի։ Եվ այդ ծրագիրը միշտ է եղել, ի՞նչ պետք է փոխվեր այդ մարդկանց մոտ, ովքեր դրանով սնվում են, սնում են իրենց երեխաներին և սնում են իրենց ցիվիլիզացիան։ Նրանց հիմքում է հայերին ոչնչացնելը ցանկացած մեթոդներով»,-ասաց Դավիթ Սահակյանցը։

Ժամանակը ցույց կտա՝ կոնկրետ ինչի համար մեր իշխանությունները սա արեցին, նշեց նա, դա կարող է լինել գումարի դիմաց, ինչ-որ գաղափարների դիմաց․․․ իր համար դժվար է ասել, որովհետև, փառք Աստծո,  ոչ մի ձևով կապված չի ներկա իշխանական համակարգին։

Ինչի՞ց պետք է սկսել՝ արժեհամակարգի դեգրադացիան կանգնեցնելու, երկիրն ու ազգը մեր ժողովրդի զավակներին սիրել տալու համար․ Դավիթ Սահակյանցը համարում է, որ պետք է սկսել սիրուց։

Մեծամասամբ դա կապված է սիրո հետ դեպի քո երկիրը, շրջապատը, աշխարհը, ասաց նա, իսկ սերը պահանջում է աշխատանք։ Բայց մարդիկ հասել են մի վիճակի, որ ալարում են աշխատել, պաշտպանել այն, ինչն իրենցն է․ շատ ավելի հեշտ  է դարձել ապրել՝ ամեն ինչը հանձնելով, պատասխանատվություն չկրելով ոչ մի բանի համար, հանձնելով փողոցից եկած որևէ մեկի։

«Մեր պարագայում՝ հերիք չէ, որ ամեն ինչ հանձնել ենք փողոցից ինչ-որ մեկի, նա էլ պլանավորած ամեն ինչ հանձնում է թշնամուն»,-ասաց Դավիթ Սահակյանցը։

Նա նշեց, որ պետք է գործով ապացուցել երկրին նվիրվածությունը, որովհետև այսօր եթե հրաժարվում ես ամեն ինչից՝ քո էությունն ես կորցնում։ Պետք է պայքարը չդադարի երբեք, ասաց նա, վստահ է՝ ուշ թե շուտ այդ հաղթանակը կլինի, և կկարողանանք ունենալ այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, պարզապես հսկայական կորուստների գնով դա եղավ։

Փրկվել, նրա համոզմամբ, կարելի է՝ վերադառնալով ակունքներին։ Եվ հայ ազգի ֆենոմենը, նրա խոսքով, այն է, որ ուննեալով այդ ճիշտ ճկունությունը, կարողացել է ամբողջ պատմության ընթացքում և՛ ավանդույթը պահել՝ չլուծվել այլ ազգերի մեջ, և՛ զարգանալ։

«Չգիտես ինչու, հայտնվում են պերսոնաներ, որ որոշում են, որ դա արդեն սխալ ուղի է, և առաջարկում են իրենցը։ Մեզ դա կործանման կբերի միանշանակ։ Վերադառնալ ակունքներին չի նշանակում լինել հետամնաց։ Ավանդույթը բերել, հասցրել են մի աբսուրդ բնորոշման, որ եթե ավանդույթ է, ուրեմն պետք է հետամնաց լինի․ ես բացարձակ համաձայն չեմ, որովհետև ցանկացած բանի հիմքում կա հինը, ինչ այսօր ստեղծվում է՝ հիմքում հինն է, մշակույթը կործանելը չարի ու բարու մշտական պատերազմն է»,-ասաց Դավիթ Սահակյանցը։

Այսօր գործող իշխանությունները նորից խոսում են Մշակույթի նախարարությունը վերականգնելու մասին։ Այն Մշակույթի նախարարությունը, որը հենց իրենք էլ փակել են»

«Գերատեսչության անուն փոխելով, ստատուս տալով ոչինչ չի փոխվի, դա պետք է պերոսոնաներից կախված լինի։ Տառերի մեջ չէ ամեն ինչը՝ գաղափարաոսության մեջ է, որ, ցավոք, շատ թերի էր մինչև հեղաշրջումը, և որը հնարավորություն տվեց, որ քանդեն այն, ինչ եղել է թույլ։ Շատ ավելի ամուր հիմքեր պետք է դնել, որ վերականգնվի այն մշակույթը, որը մեզ ձևավորել է որպես հայ»,-ասաց Դավիթ Սահակյանցը։

Նա ընդգծեց, որ մեր ուժեղ կողմը մեր վերաբերմունքն էր մեր մշակույթին, եկեղեցուն, և 2018-ի հեղափոխությունից հետո ամենալուրջ հարվածը ստացան հենց այդ կառույցները։ Եվս մեկ ուժեղ կառույց ունեինք՝ բանակը, որը նույնպես հարված ստացավ։

Ազգի հերոսներին արժեզրկելու և պառակտելու ծրագիրը, Դավիթ Սահակյանցի համոզմամբ, վաղուց է սկսվել, անգամ մեր պինդ, կայացած ժամանակներում, դրա համար պետք էր այդ ամենին հակազդել միշտ, անընդհատ աշխատել ամուր լինելու ուղղությամբ, այդ դեպքում չէին հանդգնի Հայաստանի դեմ գործակել այս ազգակործան ծրագիրը։

Սյունիքով թուրք-ադրբեջանական ճանապարհ տրամադրելը դեպի Նախիջևան ու Թուրքիա, Դավիթ Սահակյանցի համոզմամբ, Հայաստանի համար ոչ մի զարգացում ապահովել չի կարող,  միակ բանը, որ կլինի, դա բիզնես շահերն են անհատների համար․ տարբեր շրջանակներ շատ մեծ եռանդով կսկսեն իրենց բիզնեսները շատացնել՝ խոսքը և՛ ներքին, և՛ արտաքին բիզնես շահերի մասին է, ովքեր ամեն ինչ պետք է անեն, որ մաքսիմալ կարողանան քամել ամեն ինչը։

«Ցանկացած իմպերիա, երբ փորձում է լավ լոզունգների տակ մինչև վերջին ադամանդը հանել այն երկրից, որին փորձում է տիրանալ, այդ երկրների բնակչությունը նույնիսկ խանգարում է այդ տերություններին․ նույնը սպասվելու  մեզ, եթե մենք հանձնվեցինք և տվեցինք այն ամենը, ինչ ուզում են մեր թշնամիները»,-ասաց Դավիթ Սահակյանցը։

Արժեհամակարգը շեղված և այլասերված է մեզ մոտ՝ նշեց նա, մենք չդիմացանք, և գլոբալիզացիան մեզ ուղղակի քայքայեց։ Այժմ նա չի էլ պատկերացնում՝ ինչ ֆունդամնետի վրա կարելի է հետ դառնալ։

«Դա մեր դարի պատերազմն է՝ հոգևորի և մատերիալիստականի․ մարդիկ պարզապես հանձնվել են նյութապաշտությանը․ երբ հանձնվում ես՝ աչք ես փակում ցանկացած բանի վրա, որը քեզ գումար չի բերում, մի վիճակ, որ ուտելիքը կարող է ավելի շատ լինել»,-ասաց նա։

Դավիթ Սահակյանցի «Օլիմպիկուս» անիմացիոն ֆիլմը հանրությունը ոգևորությամբ ընդունեց․ սա,  թերևս, ապացույց է, որ մեր ժողովրդի մոտ հերոսականությունը դեռ պահանջարկ ունի։

«Բայց ես չգիտեմ՝ վաղը կլինի՞ դրա պահանջարկը, թե՞ չէ, որովհետև եթե մենք կարողանանք 6 տարին մեկ ընդամենը մեկ ֆիլմ նկարել, զուգահեռ քայքայվի այդ արժեհամակարգը, չգիտենք՝ վաղը կունենա՞նք այն հանդիսատեսը, որը կուզենա դա նայել։ Մենք չգիտենք, վաղը գուցե թուրքական սերիալներ կամ ֆիլմեր սկսեն նկարվել և արգելվի այնպիսի ֆիլմերը, ինչպես, օրինակ, «Օլիմպիկուսը», որը քարոզում է այն, ինչը չի քարոզում այսօրվա իշխանությունը։ Եվ հենց դա էր պատճառը, որ ժամանակին մենք զրկվեցինք ֆինանսավորումից․ իրենք շատ լավ գիտեին, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա ֆիլմում, քարոզվում էր հայրենասիրություն, բայց ամեն ինչ արեցին, որ մենք զրկվենք ֆինանսավորումից, և դա արեցին ներկայիս իշխանությունները»,-ասաց Դավիթ Սահակյանցը։

Նա համոզված է, որ միտումնավոր է դա արվել։

«Եվ միայն մենք չենք, շատ թատրոններ էլ միացնում են իրար, ֆրանկենշտեյնների պես ինչ-որ մեկի մարմինը մեկի գլխին են միացնում՝ մոնստրներ են փորձում ստեղծել։ Դա վերաբերում է բոլոր ոլորտներին»,-ասաց Դավիթ Սահակյանցը։

Նա սակայն, հավատում է, որ եթե ունենանք կամք՝ կգտնվեն մարդիկ, որ կգան մեր ետևից։ Ազգային գաղափար պետք է ստեղծվի, ասաց Դավիթ Սահակյանցը, որի հիմքով կարվեն ցանկացած այլ աշխատանքներ։ Իսկապես, ուղղակի սիրել է պետք այն երկիրը, որն ունենք, գնահատել և նվիրվել այն աշխատանքին, որը կատարում է ազգը ամբողջությամբ։

Աննա Բալյան

ԱՄբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․