կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-08 12:12
Հասարակություն

Դժբախտ դեպքերի հիմնական պատճառը գազաբալոնների ոչ ճիշտ շահագործումն է. մասնագետ

Դժբախտ դեպքերի հիմնական պատճառը գազաբալոնների ոչ ճիշտ շահագործումն է. մասնագետ

ՀՀ ՏԿԱԻՆ գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանն այսօր լրագրողներին ասաց, որ գազով լիցքավորվող ավտոմեքենաների բազմաթիվ պայթյունների ու դժբախտ դեպքերի հիմնական պատճառը գազաբալոնների ոչ ճիշտ շահագործումն է: Մասնագետի խոսքով` հաճախ գազաբալոնները տեղադրվում են չլիցենզավորված կազմակերպությունների կողմից:

«Գառնիի, Չարենցավանի դեպքերում, երբ գազաբալոնի պայթյունի հետևանքով զոհեր ունեցանք, պատճառն այն էր, որ լիցքավորվել են գազի համար չնախատեսված գազաբալոններ, որոնք տեղադրված են եղել հենց վարորդների կողմից և չեն համապատասխանել նորմերին: Տեղադրման պայմանները նույնպես չեն համապատասխանել չափանիշներին»,- ասաց Բադեյանը:

Նա չբացառեց նաև այն տարբերակը, երբ գազալցակայանների մեղավորության պատճառով են լինում դժբախտ դեպքերը: Ըստ մասնագետի`գազալցակայանի աշխատակիցները ճիշտ չեն անում, որ լիցքավորելիս փաստաթուղթ չեն պահանջում:

«Գազալցակայաններում, իհարկե, ճնշման գերազանցման դեպքեր տեղի ունենում են: Նախարարության կողմից տրվել է հանձնարարական, որպեսզի վերահսկողական գործառույթ տրվի 911 ծառայությանը»,- ասաց Բադեյանը` հավելելով, որ գազաբալոնների շահագործման ժամանակն առնվազն 15-16 տարի է, և շատ հաճախ մարդիկ այդ չափանիշներին էլ չեն հետևում և հին բալոններ են տեղադրում իրենց մեքենաների մեջ:

«Սպասում ենք վերահսկողության համար համապատասխան որոշմանը, որը կյանքի է կոչվելու կառավարության և նախարարության կողմից: Պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ գազաբալոնների տնտեսությունը մաշվել է»,- ասաց մասնագետը: