կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-01 23:28
Հասարակություն

Արմավիրի մարզպետը ցավակցել է մարզում դժբախտ դեպքերի արդյունքում զոհվածների հարազատներին

Արմավիրի մարզպետը ցավակցել է մարզում դժբախտ դեպքերի արդյունքում զոհվածների հարազատներին

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ցավակցել է մարզում անհայտ ծագման ալկոհոլից թունավորման և «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում բռնկված հրդեհի արդյունքում զոհվածների հարազատներին: Ցավակցական գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Թեպետ այս օրն Արմավիրի մարզում պետք է խորհրդանշվեր կրթության ոլորտում հաճելի և սպասված իրադարձություններով, բայց, ցավոք, այն մեր հիշողության մեջ կմնա որպես դժբախտ դեպքերով առանձնացող մի օր, որը մեծ վիշտ ու տխրություն պատճառեց բոլորիս: Դեռևս երեկոյան տեղեկացանք Արմավիրի մարզում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերի մասին, որին էլ ժամեր անց հաջորդեց «Պռոշյան կոնյակի գործարանի» Արմավիր համայնքի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհը:

Խորը ցավով պետք է նշեմ, որ այս դժբախտ դեպքերը խլեցին տասը կյանք, իսկ ութ անձ այժմ կյանքի ու մահվան կռիվ է տալիս մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական հաստատություններում: Արմավիրի մարզի ազգաբնակչության և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում մահացածների հարազատներին ու մերձավորներին, մաղթում համբերություն և ոգու արիություն, իսկ հոսպիտալացվածներին՝ շուտափույթ ապաքինում:

Աստված պահապան բոլորիս»:

Արմավիրում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից 10 մահվան դեպք է արձանագրվել, 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279­-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական վարկածի՝ Արմավիրում անձինք թունավորվել են մեթիլ սպիրտից: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ:

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի  մասնաճյուղում սեպտեմբերի 1-ի ժամը 12:00-ի սահմաններում, գինու մթերման  բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր»  բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են  մի շարք աշխատակիցներ: Քրեական գործով վերոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող : Նշանակվել  են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: