Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յուրաքանչյուր հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է մշակել դրա ճանապարհը: «Գնալ-նստել Բաղրամյան 26-ում և սպասել, որ ջրցան մեքենաները գան ու ցրեն ցույցը, կներեք, բայց դա ամենապարզունակ և ոչ ճիշտ ճանապարհն է»,- այսօր լրագրողներին ասաց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Ի դեպ, նա նույնպես երեկ եղել է Բաղրամյան պողոտայում:
Բաբայանը նշեց, որ չի ուզում նեղացնել ոչ մեկին, և թող իր խոսքն ընկալեն որպես իրենցից մեծի խոսք: Նրա համոզմամբ` փորձը ցույց է տալիս, որ եթե կա հաղթանակին հասնելու մտածված ճանապարհ, հարցը լուծվում է, ինչպես, օրինակ, տրանսպորտի թանկացման կամ Մաշտոցի պուրակի դեպքում էր:
«Ցանկությունը` բոլոր հարցերը լուծել «թագավորի» միջոցով, ճիշտ չէ: Պետք է որոշել` որոնք են մեր հետագա քայլերը, որոնք, իմ կարծիքով, պետք է լինեին ավելի շատ մարդկանց ներգրավումն ու հստակ պահանջների ձևակերպումը: Ի դեպ, պահանջ ասելով` պետք չէ հասկանալ վերջնագիր, դրանք տարբեր բաներ են. պահանջները ենթական են բանակցությունների, իսկ վերջնագրերը` ոչ: Ես երեկ եղել եմ այնտեղ և փորձել զգուշացնել, որ վերջը դա է լինելու»,- ասաց Բաբայանը:
Ըստ նրա` հարկավոր է դուրս գալ բարոյախրատական ճառեր ասելու մակարդակից և հստակ պահանջ ձևակերպել, «իշխանությունները թուրք են», «բա սրանք մորական կաթ կերել են» ասելով` ոչինչ չի փոխվի:
«Պետք է ուղղակի ասել, որ մենք չենք ուզում վճարել ուրիշի գողության դիմաց: Սա մեր երկրի իշխանության պակասի արդյունքն է, և կարծես ոչ ոք չի թաքցնում, որ վատ կառավարում է եղել, որի համար հիմա ստիպում են, որ ժողովուրդը վճարի: Պետք է դատարան դիմել, գտնել մեղավորին և հենց նրանց էլ ստիպել վճարել` անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի են նրանք»,- առաջարկեց Բաբայանը:
Նրա կարծիքով` պետք է նաև լիդերներ լինեն, իսկ լիդերները ձևավորվում են պրոցեսի ընթացքում: Առանց լիդերի, Բաբայանի կարծիքով, հնարավոր չէ, հակառակ դեպքում, ըստ նրա, սա կոչվում է ամբոխ: «Ես խոսում եմ հետագայի համար, որ ամեն անգամ չսահմանափակվենք բարոյական հաղթանակներով: Հիմա գիտեք` ի՞նչ է լինելու. մի շարք ձերբակալվածներ կան, գնալու ենք նրանց համար ցույց անելու, որոշ ժամանակ դրանով ենք զբաղվելու: Ինչ-որ ժամանակ անց ոստիկանները նրանց բաց են թողնելու, իսկ մենք էլ տոնելու ենք մեր հաղթանակը, որ նրանք ազատության մեջ են: Այսինքն` շեղվելու ենք բուն թեմայից»,- նշեց Բաբայանը:
Ինչ վերաբերում է ոստիկանների գործողություններին, ապա, նրա կարծիքով, նրանց հրաման էր տրված, որն էլ նրանք կատարել են: «Նրանք արեցին այն, ինչ խոստացել էին մինչ այդ, բայց արեցին այնպես, ինչպես Հայաստանում անում են այդ ամենը: Հաշվի առեք, որ նրանք անգլիական ոստիկաններ չեն, որոնց ամեն ամիս թատրոն կամ օպերա են տանում»,- նշեց ռեժիսորը:
Եզրափակելով իր խոսքը` Բաբայանը նշեց, որ այսօր էլ եթե Ազատության հրապարակում հավաքվելու և միայն ոստիկանների պահվածքի մասին է խոսվելու` իզուր է այդ ամենը, պետք է չմոռանալ բուն թեման: