կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-27 15:24
Հասարակություն

ՀԷՑ-ը նոր պայմանագրեր է կնքում ՓՄՁ-ների հետ. դրանք ահազանգում են անխուսափելի հետեւանքների մասին

ՀԷՑ-ը նոր պայմանագրեր է կնքում ՓՄՁ-ների հետ. դրանք ահազանգում են անխուսափելի հետեւանքների մասին

Էլեկտրաէներգիայի նոր սակագների պատճառով դժվար ու անորոշ վիճակում են հայտնվել ՓՄՁ-ները: Կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հստակ նշեց, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների էլեկտրաէներգիան կառավարությունը չի սուբսիդավորելու, իսկ ՓՄՁ-ների հետ կապված` դեռ պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Կառավարությունը դեռևս այդ քննարկման փուլում է, սակայն ՀԷՑ-ն արդեն նոր սակագնի վերաբերյալ պայմանագրեր է ներկայացնում ՓՄՁ-ներին:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հաստատեց, որ ՀԷՑ-ի աշխատակիցները փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացնում են նոր պայմանագրեր, որոնց կից հավելվածներ կան, դրանցում էլ նշված են էլեկտրաէներգիայի` 2015թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած նոր սակագները:

Հարցին, թե ի՞նչ է լինելու, եթե ՓՄՁ բաժանորդները չստորագրեն այդ պայմանագրերը, արդյո՞ք նրանք կհոսանքազրկվեն, Նատալյա Սարջանյանը պատասխանեց, որ պետք չէ պայմանագրերի հարցը կապել հոսանքազրկելու հարցի հետ: «Իրավական կողմը չեմ կարող մեկնաբանել` որ եթե տվյալ սպառողը չի ստորագրում ՀԷՑ-ի կողմից ներկայացված պայմանագիրը: Նախ` չեմ հասկանում, թե ինչպես կարող են չստորագրել այդ պայմանագրերը, որովհետև դրանք պայմանագրեր են մատակարարի ու սպառողի միջև»,- ասաց նա:

Իսկ հարցին, թե օգոստոսի 1-ից որքա՞ն է կազմելու սակագինը ՓՄՁ-ների համար, Նատալյա Սարջանյանը պատասխանեց. «Տարբեր լարման սպառողների համար տարբեր սակագներ կան»: Նա հավելեց, որ նոր սակագների մասին տեղեկատվությունն առկա է ինչպես ՀԷՑ-ի կայքում, այնպես էլ հանձնաժողովի կայքում:

ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Կարեն Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, բնականաբար, սակագնի բարձրացումը բացասական գործոն է, ուստի շատ են դժգոհությունները, բողոքները ՓՄՁ-ների կողմից: «Մեկ-երկու օր առաջ Վանաձորում էինք, բոլորն էլ բողոքում են: Բայց միայն Վանաձորը չէ, մենք բազմաթիվ մասնաճյուղեր ունենք տարբեր քաղաքներում, բոլորն էլ բողոքում են: Որովհետև դա ակնհայտորեն բերելու է գների բարձրացման, այստեղ երկու կարծիք չի կարող լինել»,- ասաց նա:

Իսկ թե ի՞նչ են մտադիր անել այս պարագայում ՓՄՁ-ները, Կարեն Վարդանյանը դժվարացավ պատասխանել` ասելով, որ քայլեր պետք է անեն ոչ թե ՓՄՁ-ները, այլ սակագին բարձրացնողները:

Մեր հարցին` հնարավո՞ր է, որ հոսանքի սակագնի բարձրացման արդյունքում որոշ ՓՄՁ-ներ փակվեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա որոշիչ նշանակություն ունենա, որ ՓՄՁ-ները դադարեցնեն իրենց գործունեությունը, դա չափազանցություն կլինի, բայց նաև չի նպաստի ՓՄՁ-ների գործունեության ընդլայնմանը»:

Նա նաև հավելեց, որ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնն այս պարագայում կարող է օգնել նրանով, որ կարող է բողոքի ձայնը հասցնել պատկան մարմիններին:

Yerkir.am-ը զրուցեց նաև կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Ապարան գրուպ» և «Իգիթ» ՍՊԸ-ների ներկայացուցիչների հետ: «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը նշեց,որ ինքը տեղյակ է, որ այսուհետ վճարելու են էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնով: Հարցին, թե դա ազդելո՞ւ է իրենց կաթնամթերքի գնի վրա, «Ապարան Գրուպ»-ի ներկայացուցիչը պատասխանեց. «Դեռ չենք որոշել»:

«Իգիթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը նույնպես նշեց, որ կաթնամթերքի գինը բարձրացնելու վերաբերյալ դեռ որոշում չեն կայացրել, ասաց, որ իրենց արտադրանքի գինը կբարձրացնեին, եթե վստահ լինեին, որ կարող են այն վաճառել: «Բոլորին էլ հասկանալի է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը ազդելու է ՓՄՁ-ների վրա, արտադրության վրա, ՓՄՁ-ները կունենան հավելյալ կորուստներ, դա կազդի արտադրանքի գնի վրա, ուրեմն` կա\'մ գինը պետք է բարձրացնել, կա\'մ էլ, եթե թանկացնելուց հետո ապրանքը առնող չեղավ, ուրեմն, ինչպես Հայաստանի ՓՄՁ-ների 90 տոկոսն է վարվում, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը ու տեղափոխվեն այնտեղ, ուր կկարողանան աշխատել»,- ասաց «Իգիթ» կաթնամթերքի արտադրության ներկայացուցիչը: