կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-30 16:04
Քաղաքական

ՓՄՁ-ների պահանջն արդա՞ր է, թե՞ ոչ. վարչապետը լսեց ֆինանսների փոխնախարարի կարծիքը

ՓՄՁ-ների պահանջն արդա՞ր է, թե՞ ոչ. վարչապետը լսեց ֆինանսների փոխնախարարի կարծիքը

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությանն ու դրա առաջացրած դժգոհությանը: Հարցի պարզաբանման համար վարչապետը դիմեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին: «Ո՞րն է դժգոհողների պահանջը և մեր օրենքը: Իրենց պահանջն արդա՞ր է, թե՞ ոչ»,- հարցրեց վարչապետը:



Վախթանգ Միրումյանը նշեց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունն ընդունվել էր դեռևս 2014 թ. հունիսին և նախատեսում էր, որ պետությունը շեշտակի կնվազեցնի հարկային բեռը՝ փոխարենը սահմանելով փաստաթղթավորման պարտադիր պահանջ: Այնուհետև 2014 թ. հոկտեմբերի 1-ից այս գործընթացի ժամկետն ապրանքների գույքագրման մասով տեղափոխվեց մինչև 2015 թ. փետրվարի 1-ը, և դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ հարկ վճարողները որոշակի խնդիրներ էին բարձրացնում, որ դեռևս կան չկարգավորված հարցեր, որոնք գործընթացի իրականացումը դժվարացնում են:


2014 թ. դեկտեմբերին հստակ սահմանվեց, որ բոլոր այն դեպքերում, երբ մեծ տնտեսավարող սուբյեկտները Չինաստանից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից ձեռք են բերում համապատասխան փաստաթղթեր, անկախ այն հանգամանքից, այդ փաստաթղթերը մասնակցում են մաքսազերծման գործընթացին, թե` չեն մասնակցում, շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար դրանք համարվում են բավարար, և տնտեսավարող սուբյեկտները կարող են շատ հանգիստ շարունակել աշխատել շրջանառության հարկի դաշտում:



Երկրորդ խնդիրը կապված էր այն հանգամանքի հետ, որ տնտեսավարող սուբյեկտները դժգոհություն էին հայտնում, որ գույքագրման սահմանված ձևը մատչելի չէ, որովհետև պահանջում է, որպեսզի մանրամասն նկարագրվեն յուրաքանչյուր ապրանքախմբում ներառված ապրանքների տեսակները՝ ըստ յուրաքանչյուր ապրանքատեսակի կոնկրետ նկարագրության:



«Ձեր հանձնարարությամբ մենք վերանայեցինք նաև այդ ձևը, և այն էականորեն հեշտացվել է. տնտեսավարող սուբյեկտներն իրենց ամբողջ տնտեսական գործունեության ընթացքում ընդամենը մեկ անգամ պետք է ներկայացնեն այդ փաստաթուղթը հարկային մարմիններ»,- ասաց Վախթանգ Միրումյանը` հավելելով, որ կառավարությունը էականորեն պարզեցրեց գույքագրումը, սահմանվեց, որ այդտեղ ներառվելու է ոչ թե յուրաքանչյուր ապրանքատեսակի ամենավերջին նկարագրով նախատեսված տեղեկատվությունը, այլ խոշորացված ապրանքային խմբերի, նաև որոշակի տեղեկատվություն է կրճատվել՝ սահմանվել է, որ ընդամենը բավարար է ապրանքախմբի անվանումը և քանակը:



Հովիկ Աբրահամյանը այս զեկույցից հետո եզրակացրեց. «Փաստորեն, մենք ինչ պայմանավորվածություն ունեցել ենք, կատարել ենք»: Հետո հարցրեց` թե հիմա ի՞նչ դժգոհություններ ունեն տնտեսվարողները, ինչին Վախթանգ Միրումյանը պատասխանեց, թե իրեն որևէ բան տեղյակ չէ: