կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-24 14:58
Հասարակություն

Քրդերը, սպանելով հանդում եղած հայերին, թալանեցին ու տարան անասունները

Քրդերը, սպանելով հանդում եղած հայերին, թալանեցին ու տարան անասունները

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Դավիթ Ղազարյանի պատմությունը

1908 թ., Մուշ

Ցեղասպանության ականատես Դավիթ Ազատի Ղազարյանը ծնվել է 1908 թ. փետրվարի 7-ին Ռումինիայի Չերնովից քաղաքում: Ծնողներն էին Ազատը (Ազզե), որին ռումինացիները կոչել են Լազար, և Եղիսաբեթը (Սավետ): Եղբայրներն էին Գրիգորը (ծնվել է 1901 թ.) և Արմենակը (ծնվել է 1905 թ.): 1908 թ. Սահմանադրության հռչակումից հետո հայրն ընտանիքով փոխադրվում է Մշո Խարս գյուղ: Մեծ եղեռնի ժամանակ փրկվում են Դավիթը, եղբայրը` Գրիգորը, հորեղբայրը` Պողոսը, հորեղբոր կինը` Լուսինը, հորեղբայր Հակոբի կինը` Ազնիվը…

 

«1915 թ. Վարդևորի (Վարդավառի) երկուշաբթի օրը (հունիսի 29-ին) մահացած մորս 7-ի անասունների ոտ ու գլուխները դեռ տանն էին, երբ առավոտյան` մոտավորապես ժամը 10-ին, քրդերը Մառնիկ գյուղից (գտնվում էր մեր գյուղից մոտավորապես 5 կիլոմետր դեպի հարավ) Խարս եկան: Հանդում եղած մարդկանց սպանելով` որին խանչալով, որին հրացանով, որին կեռով, անասունները թալանին ու տարան:

 

Եկավ մոլլան: Մեր տան բոլոր ունեցածը, մեզ էլ` Արմենակին և ինձ, հորեղբորս՝ Հակոբին, և նրա կնոջը` Ազնիվին, վերցրեց ու տարավ Մառնիկ:

 

Մյուս օրը մոլլան, իմ և եղբորս ձեռքերը բռնած, բերեց մեր տուն, գոմի դուռը բացեց, ներս արավ, դուռը փակեց ու գնաց: Թալանող մյուս քրդերը դուռը բացին: Մեզ թվում էր, թե մեր փրկությունը Մառնիկ գյուղն է: Ես 7 տարեկան էի, Արմենակը` 9: Մենք լալով դուրս եկանք գյուղից, մտանք արտի մեջ, մեկ նստում էինք, մեկ բարձրանում և նայում:

 

Քրդերը մեզ ծեծին, ճանապարհը տեսցրին դեպի Մառնիկ: Մի մհաջր (գաղթական), որը եկել էր Դաղստանից, Արմենակին վերցրեց իր մոտ որպես հոտաղ, իսկ ես մինչև չոքերս հասնող կարճ շապիկով, ոտաբոբիկ գյուղում հաց էի հավաքում: Գիշերներն աթարի ամրոցներում էի քնում մինչև ձմեռ: Քալաշո անունով մի քուրդ ինձ տարավ, որ իր գառներին նայեմ:

 

Եկավ գարունը: Գարնանը գառներին տանում էի արածեցնելու, բերում էի գոմ, մսրքում քնում:

 

Ձմռանը ասին, թե ռուսը գալիս է: Քրդերը հավաքվեցին Քալաշոյի կտուրը` ասելով, թե ռուսը գալիս է: Ի՜նչ կանեն քրդերը ռուսական կանոնավոր զորքի դեմ: Քրդերը հեծան իրենց ձիերը, փախան դեպի Սև սար` Տավրոսի լեռներ:

 

Մենք կարծում էինք, թե ռուսները մեզ կսպանեն: Փախանք, Մեղրագետն անցանք: Այդ ժամանակ տեսա Արմենակ եղբորս` նստած հորթիկի վրա: Գետն էր անցնում: Քրդերը մեզ ծեծին, հետ դարձրին, եկանք գոմ: Երկուսով մտանք գոմ և քնեցինք: Շատ էինք քնել, թե քիչ, դուռը սկսեցին ուժեղ թակել, վեր կացանք: Ընկերոջս հայրը գիշերը եկել, դռան սողնակը բացել էր և մտել, իսկ մենք չէինք իմացել: Նա ռուսների մոտ խաչ հանեց երեսին: Ռուսներն իմացան, որ խաչապաշտ է: Մեծ կերոնները ձեռքերին` մեզ իջեցրին թոնրատուն, թոնիր վառեցին, սկսեցին մեզ հայերեն հարցեր տալ: Շորերս ամբողջապես փոխեցին, շալվարիս փաչեքը և թևքերս ծալեցին, շատ մեծ էին:

 

Մի ժամանակից հետո գնացինք Մուշ քաղաք: Մեր ապրած տնից ներքև ապրում էր զորավար Անդրանիկ փաշան: Մուշ քաղաքից տեղափոխվեցինք Առնջվան գյուղը: Ես մնում էի հորեղբորս՝ Հակոբի մոտ, դարձյալ տավար էի արածեցնում: Մի օր էլ իմ հորեղբայր Պողոսը եկավ, նորից հետ եկանք մեր գյուղ` Խարս:

 

1916 թ. սայլերը լծինք, գնացինք Խնուսներ և այնտեղ մնացինք մինչև ձմեռ: Մի օր տեսանք, որ բլրի գլխին կանգնած մի մարդ բղավում է.

–Տղեկնե՛ր, նհանջ է:

 

Մերոնք ասում են.

 

–Ա՛յ տղա, նհանջ ի՞նչ է:

 

–Թուրքը եկա՜վ, փախե՜ք…

 

Ես հորեղբորս կնոջ` Լուսոյի հետ էի մնացել: Մայրիկիս մահանալուց հետո նա էր ինձ պահում, իսկ Պողոսին բանակ էին կանչել:

 

Ձյուն-ձմեռ էր: Ես ու Լուսոն, բարձած երկու եզները, տանջալից գնում էինք ձյուների միջով: Ճանապարհը նեղ էր, հազիվ երկու սայլ էր իրար հետ անցնում: Գիշերը քայլում էի, քունս որ տանում էր, գլորվում էի մինչև փոսը: Այդպես տանջանքներով քայլում էի եզների հետևից, մեկ-մեկ էլ բռնում էի եզան պոչից, որ չընկնեմ…

 

Մենք եկանք Խարղուն գյուղ և մնացինք այդտեղ…»

 

1918 թ. գաղթում են Խարղուն, 1920 թ.-ին` նախ Ապարան, ապա Ախուրյանի շրջանի Լուսաղբյուր գյուղ:

 

1930 թ. Լուսաղբյուրում ամուսնանում է Արաքսյա Մկրտչյանի հետ (1916-1993) և ունենում 8 զավակ:

 

1941-1944 թթ. մասնակցում է Երկրորդ աշխարհամարտին: Լենինգրադյան ռազմաճակատի մարտերի մասնակցության համար արժանանում է Լենինգրադի պատվավոր քաղաքացու կոչման:

 

1946 թ. Լուսաղբյուրից փոխադրվում է Երևան:

 

1946 թ.-ից աշխատում է Երևանի շինարարական 2-րդ տրեստում` որպես քարտաշ-որմնադիր: Մասնակցում է նաև ՀՀ Գիտությունների ակադեմիայի, Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցման աշխատանքներին:

 

Պարգևատրվել է աշխատանքային և ռազմական շքանշաններով: Ստացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածի վկայական: Վախճանվել է 2004 թ. նոյեմբերի 22-ին 96 տարեկանում և ամփոփվել Նուբարաշենի գերեզմանոցում:

 

Հուշագրական ժառանգություն, գիրք ԺԴ, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ, Երևան, 2011, 384 էջ, էջ 67-72: