Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև տեղի է ունենում Պռոշյանի դաշնակցական գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով բողոքի ակցիան, որը կազմակերպել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն, ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները:
Ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայություն` վանկարկելով` «Բացահայտում», «Դատախա'զ, իջի'ր», «Պահանջում ենք»:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենք քիչ առաջ հեռախոսազրույց են ունեցել դատախազի հետ, և նա հավաստիացրել է, որ իրենց գործընկերոջ հարազատի մահվան կապակցությամբ գերեզմանոցում են, սակայն մինչև 16.00-ն դատախազությունում կլինի:
«Բոլոր` այլ անձի հետ հանդիպման առաջարկները պետք է մերժենք, որովհետև մենք ունենք մի շարք փաստարկներ ու պահանջներ, որոնք վերաբերում են կասեցված քրեական գործին: Ակնկալում ենք, որ այս հարցերի, ինչպես նաև մեր հետագա գործողությունների երաշխավորումը իրավապահ համակարգից պետք է տա հենց գլխավոր դատախազը»,- ասաց Մինասյանը` հավելելով. «6 տարի է` չի դադարել հանրային պահանջը` բացահայտել այս ստոր արարքի պատվիրատուներին, կազմակերպիչներին, օժանդակողներին ու դրդիչներին, և 6 տարի է` թե՛ Պռոշյան համայնքում, թե՛ ՀՀ բոլոր համայնքներում Հրաչ Մուրադյանին ճանաչողները` նրա մարտական ընկերներից սկսած մինչև ամենապարզ քաղաքացին, որն առնվազն մեկ անգամ հանդիպել է Հրաչին, պահանջում են ու հետևողական են այս հարցում: 6 տարիների ընթացքում անընդհատ հրապարակային միջոցառումներ են տեղի ունեցել` պահանջով, որ իրավապահ համակարգը գործի պատշաճ, արագ, որ գործի լիարժեք բացահայտում լինի: 6 տարի անընդմեջ մենք բախվում ենք իրավապահ համակարգի կա՛մ անգործությանը, կա՛մ անպատասխանատու վերաբերմունքին, կա՛մ անտարբերությանը: Դա անթույլատրելի է, և մենք էլ ավելի հետևողականորեն ենք պահանջելու, նաև այլ գործողություների միջոցով ստիպելու, որ իրավապահ համակարգն աշխատի»:
Մինասյանը նշեց, որ 2013-ի ապրիլի 2-ի ոճրագործությանը, սկսած 2009-ից, նախորդել էին մի շարք դեպքեր, որոնց նպատակը եղել է մեկը` վերջ տալ Հրաչ Մուրադյանի կյանքին. գույք է հրկիզվել, վեճ է հրահրվել, առևանգման փորձ է արվել: Թե՛ Հրաչ Մուրադյանի, թե՛ նրա ընկերների ողջախոհության շնորհիվ հնարավոր է եղել խուսափել դրանից, բայց արդեն ընտրական գործընթացի ժամանակ Հրաչ Մուրադյանի և նրա համախոհների հանդեպ շարունակվել են ապօրինի գործողությունները: Եվ իրավապահ համակարգը ոչ միայն անտարբեր է եղել, այլև հաճախ փորձել է քողարկել, իսկ առանձին դեպքերում` կեղծ պատրանքներ ստեղծել, թե իբր այս ամենում Հրաչ Մուրադյանն է մեղավոր:
«Այնուհետև 2013-ին տեղի ունեցավ ապրիլի 2-ի ոճրագործությունը` իր աշխատավայրում լուսաբացին սպանվեց Արցախյան ազատամարտի հերոսը: Բազմաթիվ վկաներ կան, որոնց մի մասը տարբեր պատճառներով խուսափում է արտաբերել բառեր, նրանք կարիք ունեն պաշտպանության, որը նախևառաջ պետք է տա իրավապահ համակարգը, մեր օրենսդրությունը: Դաշնակցության Աստվածն այնքան մեծ է, որ Դաշնակցությունը շատ ավելի մեծ բաներ կարող է անել, բայց եթե մենք օրենքի երկրում ենք ապրում, պահանջում ենք, որ օր առաջ բացահայտվեն ստահակները, մենք ուզում ենք հավատալ մեր պետական իրավական համակարգին: Այդ համակարգը պարտավոր է պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքը, պարտավոր է ապագայի նկատմամբ վստահություն սերմանել, իսկ հանցագործին` պատժել»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ 2013-ից առ այսօր մշտապես եղել է գործը բացահայտելու պահանջ համապատասխան իշխանություններից, որոնք ասել են, թե շահագրգիռ են գործը բացահայտելու հարցում, բայց հայտարարությունը մի բան է, իրականությունը` այլ:
«Անցյալ տարվա սեպտեմբերին Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի դիմումի հիման վրա քրեական գործի վարույթը վերսկսվեց, սակայն, ի զարմանս բոլորի, դեկտեմբերին որոշվեց կասեցնել վարույթը: Հիմնավորումը ` քանի որ մեղադրվող անձը բացահայտված չէ, հետևաբար` կասեցնում ենք վարույթը: Դա աբսուրդ է, դա իրավական համակարգի նոնսենս է, որովհետև այդ ուղղությամբ է անհրաժեշտ, որ քրեական գործի վարույթը սկսվի, ու ապացույցների հավաքագրման, հայթայթման աշխատանքներ իրականացվեն: Երբ ծանոթանում ենք քրեական գործի հասանելի նյութերին, տեսնում ենք, որ քննչական խմբի գործողությունները ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, այլև օրենքի պահանջներին էականորեն չհամապատասխանող»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Ցույցի մասնակիցները 4 հիմնական պահանջ ունեն, այդ թվում` քննչական ենթակայության փոփոխություն, Հրաչ Մուրադյանի գործունեության ընթացքում նրա նկատմամբ իրականացված ոտնձգությունների վերաբերյալ ցանկացած շարժառիթի և դեպքի ներառում քրեական գործի մեջ, ինչպես նաև բոլոր այն անձանց բացահայտում, որոնք ինչ-որ կերպ քողարկել ու անտեսել են ապացույցները, և նրանց պատասխանատվության ենթարկում ու վերոհիշյալ քրեական գործի վերահսկողության հանձնում ՀՀ գլխավոր դատախազին:
«Առանց այդ անձանց և շարժառիթների բացահայտման` մենք չենք կարող, ըստ էության, բացահայտել ու հասկանալ` ովքեր են եղել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ հանրային ծառայողները, որոնք հետևողականորեն փորձել են շեղել իրավապահ մարմիններին այս ապացույցների հավաքագրումից: Պահանջում ենք նաև այս քրեական գործի անմիջական հսկողությունը վերապահել գլխավոր դատախազին, այլ ոչ թե դատախազի տեղակալին կամ այլ անձի, որովհետև սա մեր երկրի, պետության արժանապատվության հարցն է: Պահանջում ենք նրա երաշխավորությունը գործի օբյեկտիվ ու բազմակողմանի քննությունն իրականացնելու հարցում, ինչպես նաև` գործի վերաբերյալ պարբերական հրապարակային հաշվետվություն»,- նշեց Արծվիկ Մինասյանը` հավելելով. «Թող որ ոք չմտածի, որ Արցախի հերոսի վրա իրականացված այս ոտնձգությունը անպատիժ է մնալու: Չի լինելու նման բան: Մենք դիմում ենք պետությանը, որովհետև վստահ ենք` սա իրավական պետություն է, և եթե այլ դեպքերում իշխանության քաղաքական շահագրգռվածությունը ստիպում է իրավապահ համակարգին` ավելի արագ գործել, ապա այս դեպքում մենք ստիպում ենք իշխանությանը, որ սա դառնա իշխանության արագ գործելու շարժառիթ, որովհետև նա ոչ թե պատահական մի անցորդ էր, այլ ՀՀ հպարտ քաղաքացի: Հայի այս տեսակին սպանելով` սպանվում է ՀՀ-ն ու նրա արժանապատվությունը»:
Հիշեցնենք, որ ազատամարտիկ և Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից անցել է 6 տարի:
Հրաչ Մուրադյանը ծնվել է 1963 թվականին Գամշլիում (Սիրիա)։ 1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր: 1989-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր` Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկը։
1990-ից համալրել էր ՀՅԴ շարքերը։ Լեգենդար Պետրոս Ղևոնդյանի` Կարոտի հետ անցել էր ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչև Ֆիզուլի։ Պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և մի շարք այլ պարգևներով ու մեդալներով։
«Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ, պետական մտածելակերպ դրսևորենք և լավ հայ լինելու պատվին արժանանանք։ Փոքր ազգ լինելու հանգամանքը մեզ ավելի պիտի պարտադրի հայրենասեր, ազգասեր ու միասնական լինել»,- ասում էր Հրաչ Մուրադյանը։
Հիշեցնենք, որ 2013-ի ապրիլի 2-ին Պռոշյանի համայնքապետարանի դիմաց հայտնաբերվեց Հրաչ Մուրադյանի դին: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Նույն օրը ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (սպանություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Դեպքից երկու օր անց` ապրիլի 4-ին, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները:
Հաջորդ օրն Արայիկ Պետրոսյանը կալանավորվեց, և նրան մեղադրանք առաջադրվեց, իսկ Արտակ Պետրոսյանը երկու օր անց ազատ արձակվեց, սակայն ապրիլի 15-ին կրկին ձերբակալվեց` այս անգամ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Նրա նկատմամբ նույնպես մեղադրանք առաջադրվեց: Այս գործով Արտակը դատապարտվեց երկուսուկես տարվա ազատազրկման, սակայն համաներման ակտով ազատ արձակվեց:
Իսկ Արայիկին առաջադրված խափանման միջոց կալանավորումը փոխվեց չհեռանալու մասին ստորագրության:
Պռոշյանի համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:
Առ այսօր գործով այլ մանրամասներ իրավապահները չեն հայտնում, ինչը թույլ է տալիս մտածել, որ հանցագործության բացահայտումը գուցե եւ միտումնավոր սխալ ուղղությամբ է տարվել՝ գործը փակուղի մտցնելու նպատակով:
Հավելենք նաև, որ դեռևս 2018 թվականին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հանդիպում են ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: ՀՅԴ ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն էին հայտնել, որ ավելի քան հինգ տարի տևող նախաքննության ընթացքում այդպես էլ դեռ բացահայտված չէ Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործը:
ՀՀ գլխավոր դատախազը վստահեցրել էր, որ նախաքննության ընթացքում ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ, ինչպես նաև ձեռնարկվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն մինչ օրս, ցավոք, հանցագործությունը բացահայտված չէ: Նա վստահեցրել էր նաև, որ հետևողական են լինելու գործի բացահայտման հարցում, և տեղեկացրել էր, որ արդեն իսկ համապատասխան հանձնարարական է տվել ոչ միայն գործող քննիչին, այլև ՀՀ ԿԱ ոստիկանությանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու համար:
ՀՅԴ ներկայացուցիչները նշել են, որ ակնկալում են գործի շուտափույթ բացահայտում, և հույս հայտնել, որ իրավապահ մարմինների հետևողական ջանքերն արդյունք կտան: