կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-13 14:30
Մշակույթ

Սերժ Ավետիքյանի նոր ֆիլմի «բանալիներից» մեկը ռեփն է

Սերժ Ավետիքյանի նոր ֆիլմի «բանալիներից» մեկը ռեփն է

Ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը սահմանամերձ Խաչիկ գյուղում օրերս ավարտել իր նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ի դեպ, ֆիլմի գլխավոր դերակատարը ֆրանսիացի անվանի դերասան Պատրիկ Շենեն է:

Yerkir.am-ի հետ զրույցում Ավետիքյանը նշեց, որ ֆիլմը սահմանի մասին է, այն մասին` ինչ է նշանակում ապրել սահմանին: «Ֆիլմը տարիքն առած ֆրանսիացի դերասանի պատմությունն է իր` երկու շաբաթվա կյանքի մասին` Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում` Խաչիկում, որտեղ նա պատահաբար է հայտնվում: Ֆիլմում ներկայացված են դերասանի շփումները, հարաբերությունները գյուղացիների հետ: Հերոսը հայերեն չի խոսում, գյուղացիներն էլ նրա լեզվին չեն տիրապետում, բայց կամաց-կամաց սկսում են հասկանալ միմյանց: Այս պատմությունը, բնականաբար, համեմված է դրամատուրգիական տարրերով և անեկդոտներով»,- ասաց ռեժիսորը:

Հերոսին, ըստ Ավետիքյանի, գյուղում շատ կարևոր մարդու տեղ են դնում, ով պետք է փրկեր գյուղացիներին` էլեկտրականության փողը վճարելով: Գլխավոր դերակատարն էլ, հասկանալով դա, սկսում է խաղալ այդ մարդու դերը: «Ֆիլմը դերասանի պարադոքսի վրա էլ է հիմնված` ի՞նչ է նշանակում խաղալ-չխաղալ, ի՞նչ դեր խաղալ, ե՞րբ խաղալ: Ի դեպ, հատուկ եմ ընտրել սահմանամերձ գյուղ, որովհետև հերոսը ոտքով սահման է անցնում` առանց իմանալու այդ մասին»,- պատմեց ռեժիսորը:

Ֆիլմում Պատրիկ Շենեից բացի, ընդգրկված են նաև հայ դերասաններ` Նարեկ Դուրյան, Ռոբերտ Հարությունյանը, Նիկոլայ Ավետիսյան…

Ռեժիսորը ևս մեկ գաղտնիք բացեց` նշելով, որ ֆիլմի «բանալիներից» մեկն էլ ռեփն է, որն այդ գյուղում երգում են երիտասարդները, և որը ֆիլմի սինոփսիսն է դարձել:

Ավետիքյանը տեղեկացրեց նաև, որ, որպես դերասան, չի մասնակցում իր ֆիլմին: «Այս անգամ որոշեցի միայն կադրի հետևում լինել: Ի դեպ, ֆիլմի սցենարը գրել ենք Պատրիկ Շենեի հետ միասին»,- ասաց նա: