կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-05 14:12
Մշակույթ

«Նա, ում սպասում էին». սահմանամերձ Խաչիկում տեղի կունենա Սերժ Ավետիքյանի ֆիլմի պրեմիերան

«Նա, ում սպասում էին». սահմանամերձ Խաչիկում տեղի կունենա Սերժ Ավետիքյանի ֆիլմի պրեմիերան

Սեպտեմբերի 10-ին Խաչիկ գյուղում տեղի կունենա  կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Նա, ում սպասում էին» կատակերգական ֆիլմի հայաստանյան պրեմիերան:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունենում հենց այն տարածքում, որտեղ էլ տեղի են ունեցել ֆիլմի նկարահանման աշխատանքները:

Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, ուստի այն կլինի երկլեզու` հայերեն և ֆրանսերեն: Խոսելով Խաչիկ գյուղ այցի մասին` Ավետիքյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք ապրում էին այնպիսի մարդկանց հետ, որոնք շատ սրտաբաց էին. «Գյուղացիները նույնպես պաշտպանում են իրենց սահմանը, և դա է նրանց տարբերությունը քաղաքում ապրողներից, նրանք ոչ պրոֆեսիոնալ կերպով մտել են այդ կյանքի մեջ և հսկում են իրենց սահմանները: 15 օրը մեկ գյուղացիները հերթափոխով փոխում էին իրենց հագուստն ու անցնում թեժ գիծ»:

Ֆիլմը տարիքն առած ֆրանսիացի դերասանի պատմությունն է իր` երկու շաբաթվա կյանքի մասին` Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում` Խաչիկում, որտեղ նա պատահաբար է հայտնվում: Ֆիլմում ներկայացված են դերասանի շփումները, հարաբերությունները գյուղացիների հետ: Հերոսը հայերեն չի խոսում, գյուղացիներն էլ նրա լեզվին չեն տիրապետում, բայց կամաց-կամաց սկսում են հասկանալ միմյանց: Այս պատմությունը, բնականաբար, համեմված է դրամատուրգիական տարրերով և անեկդոտներով:

«Մեր խնդիրը միջին եվրոպացուն Բոլզեկի /գլխավոր հերոսը/ մաշկի մեջ դնելն էր, նրա միջոցով անծանոթ լեզվով խոսող մարդկանց մեջ և պատերազմական տարածաշրջանում հայտնվելը։ Այդ պատճառով ես նախընտրեցի, որ ֆիլմի սկզբում, երբ Բոլզեկը լսում է կրակահերթեր, ապա` հայտնվում հայկական գյուղում և լսում իր համար օտարահունչ խոսք, ֆրանսերեն լուսագրեր (սուբտիտրեր) չլինեն, որպեսզի ֆրանսիացի հանդիսատեսն ունենա հոգեբանական և հաղորդակցական այն նույն արգելանքը, որն ունի Բոլզեկը, և զգա այն, ինչ զգում է Բոլզեկը։ Սուբտիտրերն աստիճանաբար և սյուժեի զարգացմանը զուգահեռ են մտնում հանդիսատեսի տեսադաշտ»,- ասում է Ավետիքյանը:

Ֆիլմի պրոդյուսերներն են Արմեն Համբարձումյանն ու Միքայել Դովլաթյանը: Ֆիլմում նկարահանել են Պատրիկ Շենեն,  Արսինե Խանջյանը, Նարեկ Դուրյանը, Ռոբերտ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը…