կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 14:31
Մշակույթ

«Մշո ճառընտիր»-ի փրկության մասին` Սերժ Ավետիքյանի նոր ֆիլմում

«Մշո ճառընտիր»-ի փրկության մասին` Սերժ Ավետիքյանի նոր ֆիլմում

«Նարեկացի» արվեստի միությունը կազմակերպել էր հանդիպում ֆրանսահայ կինոռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանի հետ: Հանդիպման շրջանակներում ցուցադրվեց նրա` 2010-ին նկարահանած «Շնապատում» անիմացիոն ֆիլմը` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1910-ին Ստամբուլում: Թուրքական կառավարությունը փորձում է քայլերի դիմել` Ստամբուլը թափառող շներից «մաքրելու» համար: Ի վերջո, որպես հարցի լուծում, որոշում են Ստամբուլից դեպի մի անմարդաբնակ կղզի 30.000 թափառող շուն տարհանել: Կարճամետրաժ այս ֆիլմի միջոցով կարծես զուգահեռներ են անցկացվում 1915-ի Հայոց ցեղասպանության հետ` ցույց տալով թուրքական կառավարության «մտքի թռիչքը»` տարհանման ու ոչնչացման միջոցով հարցեր լուծել: Ի դեպ, 2010-ին Կաննի կինոփառատոնում «Շնապատում» ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենի» մրցանակի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

 

Ավետիքյանը նշեց, որ աշխատում է երկու կինոնախագծի` «Վերջին ռաունդը Ստամբուլում» լիամետրաժ կինոնկարի և «Մշո ճառընտիր» գրքի պատմությունը ֆիլմի միջոցով ներկայացնելու վրա: «Վերջին ռաունդը Ստամբուլում» ֆիլմը նկարահանելու առաջարկն Ավետիքյանը ստացել է ֆրանսիացի կատակերգու Ժան Ֆրանսուա Դերեքից: Ֆիլմը նույնպես յուրովի անդրադարձ է Ցեղասպանության թեմային, քանի որ այն, Ավետիքյանի ներկայացմամբ, պատմելու է ոչ թե Ցեղասպանության հետևանքների, այլ պատճառի մասին: Այս ամենով հանդերձ` ֆիլմը պատմական չէ: Ի դեպ, արդեն 7 տարի է, ինչ Ավետիքյանն աշխատում է ֆիլմի վրա:

 

Խոսելով իր նոր` «Մշո ճառընտիր» կինոնախագծի մասին` Ավետիքյանը նշեց, որ ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքներն արդեն արվել են, իսկ բուն նկարահանումները կսկսվեն ամռանը: «Ֆիլմի միջոցով ուզում եմ ցույց տալ, թե ինչ ասել է համաշխարհային պատերազմի ժամանակ երկու կանանց շնորհիվ գիրք փրկել, մշակույթ փրկել»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ «Մշո ճառընտիրը» փրկվել է երկու հայ կանանց շնորհիվ, ովքեր Մեծ եղեռնի գաղթի ճանապարհին քանդված վանքերից մեկում գտնում են ձեռագիրը և վերցնում իրենց հետ, բայց քանի որ գիրքը մեծ էր և ծանր /շուրջ 28 կգ/` նրանք այն բաժանում են երկու մասի և այդպես բերում Արևելյան Հայաստան: Գիրքն այսօր պահվում է Մատենադարանում: