Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Շտեֆան Հերցիգը: Համալսարանի ղեկավար կազմի հետ հանդիպումից հետո ստորագրվել է համագործակցության հուշագիր Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև: Այն ստորագրել են Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր Շտեֆան Հերցիգը և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպել է համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ և ելույթ ունեցել:
«Տեղեկատվական տեխնոլոգիաները հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էին: Թափանցիկություն, հաշվետվողականություն եւ մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանություն. ահա ոչ լրիվ ցանկն այն դրական փոփոխությունների, որ խոստանում է թվային եւ տեխնոլոգիական դարաշրջանը: Հայ ժողովուրդը հաջողությամբ կատարել է այդ ամենը եւ հավատարիմ է իրական ժողովրդավարություն հաստատելու իր հանձնառությանը»,-ասել է վարչապետ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով (2018թ. դեկտեմբերի 9-խմբ.) ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը, «Այժմ մենք ունենք ոչ պակաս կարեւոր խնդիր: Մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից»:
Տեխնոլոգիական նորարարությունը շահավետ է նաեւ ծառայություն մատուցողների համար. գլոբալ նյութատեխնիկական մատակարարման շղթաներն ավելի արդյունավետ են դարձել, իսկ սպասարկման գները նվազել են: Բացվել են նոր շուկաներ, խթանվել է տնտեսական աճը: Եվ որ ամենակարեւորն է, ՏՏ-ը եւ թվային դարաշրջանը բարձրացնում են երկրների միջազգային մրցունակությունը: «Սա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն են ունենում գլոբալ գործընթացների վրա»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:
Նա նաև նշել է, որ արդեն տասնամյակներ շարունակ տեխնոլոգիական հեղափոխություն է ընթանում, և դա անդառնալի իրականություն է, որը մեզ տեղափոխում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության շեմ: «Մենք ականատեսն ենք առաջադեմ վերափոխման այն ամենի, ինչ ասում և անում ենք: Թվային սարքերը փոխեցին հաղորդակցության եղանակները. այսօր կիրառվում են սպառողների, արտադրողների եւ մատակարարների, եւ որ առավել կարեւոր է՝ քաղաքացիների եւ կառավարությունների միջեւ հարաբերության նոր բանաձեւեր»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը: «Հաշվի առնելով շուրջ հարյուրամյա վաղեմություն ունեցող ավանդույթները` մենք իրապես բռնել ենք տեխնոլոգիական և արդյունաբերական տնտեսություն կառուցելու ճանապարհը»,- ասել է նա: