Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթը գրում է.
«Սիսի կաթողիկոսարանի գործով դատի զարգացումների քննարկման շրջանակներում չորեքշաբթի՝ հունիսի 1-ին, Անթիլիասի մայրավանքի «Կիլիկիա» թանգարանի սրահում տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսը, որին ներկա են եղել հայկական և լիբանանյան մամուլի ներկայացուցիչներ և լրագրողներ:
Տեղեկատվական բաժնի պատասխանատու Հուսիկ ծ. վրդ. Մարտիրոսյանը բացված է հայտարարել ասուլիսը` ներկայացնելով զեկուցաբեր բանախոսներին` կալվածային հարցերի փաստաբան, պրոֆ. Ջեմ Սոֆուօղլուին, Հայոց ցեղասպանության մասնագետ, պրոֆ. Թաներ Աքչամին և Լիբանանյան համալսարանի դասախոս, դոկտ. Նորա Պայրագտարյանին:
Պրոֆ. Ջեմ Սոֆուօղլուն պարզել է Սիսի կաթողիկոսարանի դատին ներկայացման առնչակից պայմանները, դժվարություններն ու հնարավորությունները: Նա ընդգծել է, թե դատական այս հայցի հարուցումը աննախընթաց քայլ է թուրքական կալվածային ու դատական պատմության մեջ: Նա շեշտել է նաև, որ հարցը ներկայացված է զուտ մարդու իրավունքների դիտանկյունից` հեռու քաղաքական և այլ նկատառումներից:
Սոֆուօղլուն նշել է, որ, 1983-ին և 2001-ին հրապարակված հրամանագրերի համաձայն, թուրքական կառավարությունը արգելում է կալվածային որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ արձանագրել, ինչպես նաեւ արգելում է առնչակից արխիվների ուսումնասիրությունը: Նրա խոսքով՝ 1963-ի օրենքի համաձայն՝ արգելվել է կալվածային որևէ սեփականություն վերադարձնել իր սեփականատիրոջ (հատկապես` հայերին):
Պրոֆեսորը խիստ հավանական է համարել, որ առաջիկա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում թուրքական դատարանը կարող է հրապարակել իր որոշումը: Սոֆուօղլուն նշել է, որ դատի հետապնդման հիմնական նպատակը Սիսի կաթողիկոսարանի կալվածքի վերադարձն է և ոչ թե դրա նյութական փոխհատուցումը:
Թաներ Աքչամն, իր հերթին, հայտնել է, որ այս հարցով ավելի քան հազար փաստաթղթեր կան օսմանյան արխիվներում, և որ օսմանյան իշխանությունները հատուկ կարևորություն են տալիս Սիսի կաթողիկոսարանի վարկին` այն համարելով հայ ժողովրդի հոգեմտավոր կրոնական կարևոր կենտրոն՝ բոլորովին անկախ Պոլսի և Էջմիածնի հոգևոր կենտրոններից: Նա մեջբերել է Թալեաթի և Ջեմալ փաշայի միջև փոխանակված նամակից, որում շեշտվել է, թե գրեթե անկարելի է հիմնովին ջնջել Սիսի կաթողիկոսարանը` նկատի ունենալով դրա ճակատագրական կարևորությունը հայության համար»: