Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազ Արամյանը առավելագույն պատիժներ է միջնորդել Իջեւանի նախկին ոստիկանապետ, փոխգնդապետ Անդրանիկ Ազիբեկյանի, ոստիկանության Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանի եւ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի համար:
Նախորդ դատական նիստում դատախազը հրապարակել է մեղադրական ճառը: Նա պահանջել է ամբաստանյալ Անդրանիկ Խոջումյանին դատապարտել 7 տարվա, Անդրանիկ Ազիբեկյանին՝ 5 տարի վեց ամիս, Արտակ Ավետիսյանին` 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Նշենք, որ սրանք ամբաստանյալներին առաջադրված հոդվածներով նախատեսված առավելագույն պատժաչափերն են:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Խոջումյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Ըստ մեղադրանքի` Խոջումյանը 2014թ. ապրիլի 1-ին` ժամը 24-ի սահմաններում, «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի զուգորդմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ: Մասնավորապես` համալիրի բակ եկած Աշոտ Այդինյանի և Արսեն Չապուխյանի ուղղությամբ իր օրինական զենքով կրակոցներ է արձակել, ինչն էլ իրական վտանգ է ստեղծել նրանց կյանքի և առողջության համար:
Անդրանիկ Ազիբեկյանին և Արտակ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Ամբաստանյալների պաշտպաններից Երեմ Սարգսյանը, yerkir.am-ի հետ զրույցում խոսելով մեղադրողի առաջարկած պատժաչափի մասին, նշեց, որ վերջին շրջանում դատախազության կողմից հաճախ են նկատվում օրենսդրական ոչ իրավաչափ մոտեցումներ: «Դատախազությունը, տեսնելով, որ դատարանում մեղադրանքը չի հիմնավորվում, դիմում է ծայրահեղ քայլների. գալիս են, առավելագույն պատիժներ են միջնորդում՝ դրանով փորձելով դատարանին կաշկանդել, որպեսզի ոչ թե արդարացում լինի կամ հոդվածի վերաորակում, այլ պատժաչափի բավարարում»,- ասաց նա:
Նշենք, որ վերջին շրջանում դատարաններում արատավոր պրակտիկա է ձևավորված դատախազների առաջարկած պատիժները հաստատելու կամ դրան մոտ պատիժ նշանակելու մասով: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրելու, որ գործով վճիռ կայացնողը, ըստ էության, ոչ թե դատավորն է, այլ նախաքննական մարմինը կամ դատախազը, որը նախքան գործի` դատարան մտնելը «կանխորոշում» է դրա ելքը:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ արդարադատության համակարգի հետ առնչությունը ցույց է տալիս, որ պատահական չէ, որ դատախազությունը նման քայլի է դիմում: «Եթե մենք համեմատենք այլ դեպքերով միջնորդված պատիժները այս գործով միջնորդված պատժաչափերի հետ, ծայրահեղ տարբերություն կլինի, և դատախազությունը չի կարող պատճառաբանել, թե ինչո՞ւ է նման պատժաչափեր առաջարկել: Պարզապես նրանք գիտեն, որ դա աշխատող մեխանիզմ է, և այդպես են անում»,- ասաց նա:
Խոսելով այս գործով հարցաքննված վկաների մասին` փաստաբանը նշեց, որ ակնհայտ է` գործով ամենաէական նշանակություն ունեցող վկաները կաշկանդված էին, քանի որ անձնական շահեր ունեին: «Ակնհայտ էր, որ այս առումով նախաքննությունը ոչ լիարժեք էր կատարված»,- նշեց նա:
Հաջորդ դատական նիստում պաշտպանական ճառով հանդես կգան ամբաստանյալների պաշտպանները: