Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռևս հայտնի չէ` արդյո՞ք ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության համար ամբաստանվող` Անիի նախկին ոստիկանապետի որդու` Հարություն Սարգսյանի և նրա պաշտպան Լուսինե Սահակյանի բողոքը:
Հիշեցնենք, որ Ղուկասյանի փեսայի` Կարեն Եսայանի սպանությունը կատարելու համար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հարություն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հերթական անգամ թվեց այն բոլոր խախտումները, որոնք արձանագրվել են այս գործով նախաքննության և դատաքննության ընթացքում: Սահակյանի խոսքով` Հարություն Սարգսյանը չէր կարող առնչություն ունենալ դեպքին, քանի որ Եսայանին սպանելու շարժառիթ չուներ:
«Եթե անգամ պատկերացնենք, որ Ղուկասյանը դեմ էր Հարությունի և դստեր ամուսնությանը, և եթե նա Եսայանին ցանկանար սպանել Ղուկասյանի դստեր հետ ամուսնանալու նպատակով, դրանից ինչ-որ բան փոխվելո՞ւ էր, Վարդան Ղուկասյանը համաձայնելո՞ւ էր»,-ասաց փաստաբանը և հավելեց, որ պարզապես ստեղծել էին այդ վարկածը, քանի որ պետք է հնարավոր շարժառիթ ներկայացնեին:
Բացի այդ, ըստ նրա, քրեական գործով հիմնավորվել է, որ Հարություն Սարգսյանն ընկերուհի է ունեցել, և որ նրանք պետք է ամուսնանային: Սահակյանի խոսքով` փորձաքննությունը ցույց է տվել, որ իր պաշտպանյալի վրա կրակոցի արգասիքներ ու արյան հետքեր չեն եղել, իսկ դեպքի վայրում հայտնաբերված մատնահետքերը չեն համընկել Հարություն Սարգսյանի մատնահետքերի հետ:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ նշեց, որ թեև խորությամբ չի ուսումնասիրել գործը, սակայն տեղյակ է, որ Սարգսյանը ոստիկանության բաժնում խոշտանգումների է ենթարկվել, իսկ դատավարության ընթացքում ակնհայտ ապօրինություններ են եղել:
Ըստ նրա` Հարություն Սարգսյանի պես ապօրինությունների զոհեր քրեակատարողական հիմնարկներում շատ կան, պարզապես նրանց բախտը չի բերել, որ լավ փաստաբան չեն ունեցել:
Հարցին` ինչո՞ւ պետք է դատարանը շահագրգռված լիներ դատապարտել Սարգսյանին, եթե Վարդան Ղուկասյանն այլևս չի պաշտոնավարում, Իշխանյանը պատասխանեց. «Հայաստանում նախկին իշխանություն ասելը պայմանական է, քանի որ շատ նախկիններ իրենց ազդեցությունն ունեն, թեև` ոչ դե յուրե: Այստեղ, քանի որ սպանվածը ազդեցիկ մարդու փեսա էր, պետք էր ինչ-որ մեկին պատժել»:
Ըստ նրա` իրականում եթե լուրջ քննություն ընթանար, ո՞վ իմանա` ինչեր կպարզվեին:
Իշխանյանը նշեց նաև, որ բոլոր հիմքերը կան` այս գործով Եվրադատարան դիմելու համար: