Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում վերջին շրջանում, կարծես, մոդայիկ է դարձել ավելի բարձր պաշտոնից համեմատաբար ցածր պաշտոնի անցնելը: Տարօրինակ է, սակայն մեր երկրում, օրինակ, դատավորները ձգտում են դառնալ դատախազ, նախարարի տեղակալ, մարզպետները` նախարար, խորհրդական կամ գերադասում են գլխավորել պետական ինչ-որ կոմիտե և այլն: Սակայն լինում են նաև դեպքեր, երբ մարդիկ կանգնում են ընտրության առաջ` կա\'մ պաշտոնի իջեցում, կա\'մ ոչինչ:
Ասվածի վառ ապացույցն ու թարմ օրինակը մեր երկրի ամենափոփոխական համակարգերից մեկում` ՀՀ ոստիկանությունում կատարված վերջին նշանակումներից մեկն է: Սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության քննչական գլխավոր վարչության (այսուհետ` քննչական կոմիտե) Լոռու մարզի քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից և ոստիկանապետի մեկ այլ հրամանագրով նշանակվեց ոստիկանության Իջևանի բաժնի պետ:
Հիշեցնենք, որ մինչ այդ մարզի ոստիկանապետն էր փոխգնդապետ Անդրանիկ Ազիբեկյանը, ով նույն օրը կալանավորվել էր ամիսներ առաջ տեղի ունեցած մի հանցագործություն կոծկելու համար և տեղափոխվել «Վարդաշեն» ՔԿՀ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Ազիբեկյանին է մեղսագրվում այս տարվա ապրիլի 4-ին «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի բակում տեղի ունեցած հրաձգության դեպքի վերաբերյալ կեղծ ապացույցներ ստեղծելը:
Ըստ նախաքննության` Ազիբեկյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ռեստորանի սեփականատիրոջ` Անդրանիկ Խ.-ի հետ և, նրանից տեղեկանալով Աշոտ Ա.-ի ուղղությամբ նրա կողմից «Սայգա» տեսակի ինքնաձիգով շուրջ 30 կրակոցի արձակման մասին, Անդրանիկ Խ.-ին օգնելու նպատակով հանցագործության մասին ստացված հաղորդումն ընդունելու, գրանցելու և բացահայտման ուղղությամբ օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ի հետ ձեռնամուխ են եղել մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականության խեղաթյուրմանը:
Նշենք, որ մինչև Իջևանի ոստիկանապետ դառնալը Ազիբեկյանը զբաղեցրել է Կոտայքի մարզի ոստիկանապետի տեղակալի պաշտոնը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` նրա պաշտոնանկության հարցում իր «ներդրումն» ունի Իջևանի ներկայիս ոստիկանապետ Կարեն Հակոբյանը:
Բանն այն է, որ քննչական կոմիտեի ստեղծումից հետո արդեն իսկ պարզ էր, որ կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը համակարգը մաքրելու է Վլադիմիր Գասպարյանի կադրերից: Ավելին` քննչական վարչություններում էլ խոսակցություններ կային, որ նախկին դատախազը կադրային ջարդը սկսելու է Լոռու մարզից:
Քաջ գիտակցելով մոտալուտ պաշտոնանկությունը` Կարեն Հակոբյանը, կարելի է ասել, ճարպիկ գտնվեց և, օգտագործելով ոստիկանության ղեկավար օղակներում իր ունեցած կապերը, «հարմարավետ» աթոռ ընտրեց` նշանակվելով Իջևանի ոստիկանապետի պաշտոնում: Ի դեպ, քննչական կոմիտեի նախագահի` սեպտեմբերի 19-ի հրամանով Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ նշանակվեց Արման Գալստյանը, որի վրա դրվեցին նաեւ մարզային քննչական վարչության պետի պարտականությունները: Մեկ այլ հրամանով` վարչության պետի տեղակալ նշանակվեց նաեւ Վաղինակ Մարտիրոսյանը: Նման պարագայում մնում է միայն արձանագրել, որ այսօր մեր երկրում նախապատվություն են տալիս ոչ թե աթոռի «կշռին», այլ դրա «հարմարավետությանը»:
Իսկ Ազիբեկյանի կալանավորման և նրա վերաբերյալ հարուցված քրեական գործի իրական պատճառներին yerkir.am-ը կանդրադառնա իր առաջիկա հրապարակումներում: