կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-04 15:24
Իրավական

Դատավորը հեռացավ Իջևանի նախկին ոստիկանապետի գործով վճիռ կայացնելու

Դատավորը հեռացավ Իջևանի նախկին ոստիկանապետի գործով վճիռ կայացնելու

Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը 7 ամիս տևած դատաքննությունից հետո հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Իջևանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանի, ոստիկանության Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանի եւ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի գործով վճիռ կայացնելու:

Մինչ այդ վերջին խոսքով հանդես եկավ ամբաստանյալներից Արտակ Ավետիսյանը, ով հայտարարեց, որ իր խոսքն արդեն ասել է պաշտպանական ճառում և ավելացնելու ոչինչ չունի: Նշենք, որ Ավետիսյանն իր վերջին խոսքում ուշագրավ հայտարարություն է արել գործը քննած Հատուկ քննչական ծառայության վերաբերյալ: Մասնավորապես նա պատճառաբանել է, թե ինչու է նախաքննության ընթացքում Անդրանիկ Ազիբեկյանի դեմ ցուցմունք տվել: Նա հայտնել է, որ Հատուկ քննչական ծառայությունում իրեն առաջարկել են մեղքն ընդունել և Ազիբեկյանի դեմ ցուցմունք տալ՝ փոխարենն իրեն առաջադրված մեղադրանքը մեղմացնել: Նշենք, որ մեղադրող դատախազը Ավետիսյանի համար չորսուկես տարվա ազատազրկում է պահանջել:

Yerkir.am-ի հետ զրույցում Անդրանիկ Ազիբեկյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը հայտնեց, որ ամբաստանյալների հարազատները հայտարարել են, որ եթե արդար դատաքննություն չլինի, իրենք բողոքի ակցիաներ կկազմակերպեն և կօգտագործեն պայքարի բոլոր միջոցները, որպեսզի այս գործով մեղավորները պատասխանատվություն կրեն, այլ ոչ թէ անմեղ մարդիկ դատապարտվեն:

Հիշեցնենք, որ մեղադրողը պահանջել է ամբաստանյալ Անդրանիկ Խոջումյանին դատապարտել 7 տարվա, Անդրանիկ Ազիբեկյանին՝ 5 տարի վեց ամիս, Արտակ Ավետիսյանին` 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Նշենք, որ սրանք ամբաստանյալներին առաջադրված հոդվածներով նախատեսված առավելագույն պատժաչափերն են: Դատավճիռը կհրապարակվի հաջորդ դատական նիստին: