Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի խորհրդարանի` քրդամետ Ժողովուրդների դեմոկրական կուսկացությունից հայ պատգամավոր Կարո Փայլանը Ահմեդ Հաքանին տված հարցազրույցում խոսել է նաև հայերի ձեռքբերումների մասին, երբ «Արդարություն և զարգացում»-ը դեռ իշխող կուսակցությունն էր:
«Ճիշտ է, ԱԶԿ-ի իշխանության առաջին շրջանում համեմաբար հանգիստ էինք, սակայն վերջին շրջանում ավտորիտար քաղաքականությունից մեր բաժինը ստացանք` մեզ վրա էլ մատ թափ տվեցին: Ասացին՝ «կներեք, հայերը...», սակայն հայերը, դրան ի պատասխան, ասացին. «Դու ինձ հիմնադրամին պատկանող մի շարք գույքեր վերադարձրիր, սկզբնական շրջանում մասամբ հանգստացանք, սակայն ինչքան էլ մեր գույքը մեզ հետ վերադարձնես, հայհոյելով չես կարող մեր քվեն ստանալ»,- ասել է նա:
Հարցին, թե հայերը ԱԶԿ-ի օգտին քվեարկե՞լ են, թե՞ ոչ, Փայլանը պատասխանել է. «Հայերի մի մասը Ժողովրդա-հանրապետական կուսակցության օգտին է քվեարկել: Սելինա Դողանի (սույն կուսակցության հայ պատգամավոր) ազդեցությամբ... Առաջ ենք շարժվում Հրանտ Դինքի հարթած ճանապարհով»:
Փայլանի խոսքով՝ կարելի է հեղափոխություն համարել Թուրքիայի Մեջլիսում երեք հայ պատգամավորի գոյությունը:
«Հրանտ Դինքի միջոցով այս հեղափոխությունն իրականացավ՝ նրա կյանքով, պայքարով, նաև, դժբախտաբար, սպանությամբ... Հրանտը ֆենոմեն էր, նա ինքը՝ միայնակ, արև էր: Մենք ընդամենը երիտասարդներ էինք, ովքեր նրա համարձակությանը երանությամբ էինք նայում և նրա հետ փորձում առաջ շարժվել նրա իսկ հարթած ճանապարհով: Նրա սպանությունը փոխեց բոլորիս կյանքը: Մարգար Եսայանն էլ, Սելինա Դողանն էլ, ես էլ Հրանտ Դինքի համար արդարություն որոնող պայքարի` կոչեր անող երիտասարդներն ենք»:
Հարցին` «եթե ողջ լիներ Հրանտը և տեսներ Մեջլիսում երեք հայ պատգամավորների գոյությունը, կհուզվե՞ր», Փայլանը պատասխանել է. «Իհարկե, անկասկած, շատ կհուզվեր: Մեր «երևացող» առաջին հայը Հրանտ Դինքն էր: Նրա իրական կեցվածքը հասարակության շրջանում դրական ազդեցություն ունեցավ: Երբ հայերը երևացող են դառնում, դեն են նետվում «բոբո հայերի» հեքիաթները (Թուրքիայում երեխաներին այդպես են վախեցնում): Այս աշխարհագրական վայրում բոլորն իրար նման են: Գիտական առումով էլ մենք իրար նման ենք: Մեր լեզուն, մշակույթը, ճաշերն ու երաժշտությունը համատեղ ենք ստեղծել»:
Կարոն պատմել է նաև այն դեպքերի մասին, երբ Անատոլիայում «հայ» բառն օգտագործվում էր որպես հայհոյանք: «Հենց որ մտնում ես այդ միջավայր, «բոբո հայ»-ը գնում, փոխարենը «մարդ Կարո»-ն էր գալիս: Հարաբերվելուն զուգընթաց հայկական ինքնությանը փոխարինում էր մարդկային ինքությունը»,- նշել է նա:
Զրույցի ընթացքում Փայլանը հայտնել է, որ պետք է վերացնել ազգությանը հավաքական տեսանկյունով նայելու երևույթը: «Քուրդ ասելիս պետք է տարբերել՝ ո՞ր քուրդը. Մեհմեդ Մեթիներն էլ կա, Սելհաթթին Դեմիրթաշն էլ կա: Հայ ասելիս ո՞ր հայը՝ Մարգար Եսայա՞ն, թե՞ Կարո Փայլան»,- ասել է հայ պատգամավորը:
Նրա խոսքով՝ Մեջլիսում միակ հայը պատգամավորը լինելու դեպքում ինքը կդժվարանար: «Ես չեմ ուզում, որ հայ լինելու համար ինձ հատուկ վերաբերմունք ցուցաբերեն: Ես ցանկանում եմ իմ քաղաքականությամբ գնահատվել: Նորմալ հարաբերությունների համար անցյալի հետ առերեսվելը պայման է: Ես շարունակելու եմ լինել հայ Կարոն, սակայն այդ նեղություններից ձերբազատվելուց հետո լինելու եմ հենց Կարոն: Գուցե այդ ժամանակ ինձ կգնահատեն իմ քաղաքականությամբ»,- ասել է Փայլանը:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի