Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), ով հանրությանն այնքան էլ հայտնի չէ ԱԺ-ում իր «ծավալած գործունեությամբ», հաճախ է հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Կարապետյանի և նրա հարազատների անվան հետ են կապված տարբեր սկանդալային պատմություններ:
Վերջին շրջանում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց նրա փեսան` «Վերնիսաժ»-ում տեղի ունեցած կրակոցների գործով կալանավորված Գոռ Առաքելյանը: Հիշեցնենք, որ կրակոցների արդյունքում վիրավորվել էր 5 քաղաքացի:
Հենց այդ ընթացքում տարբեր լրատվամիջոցներ հիշեցրեցին Կարապետյանի կյանքի մի քանի «հիշարժան դրվագներ»: Դրանցից առավել ուշագրավն էր 2009 թվականին նրա մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: Ըստ շրջանառվող լուրերի` հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Կարո Կարապետյանը Երասխ-Երեւան ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում` իրեն պատկանող «Մերսեդես» մեքենայում վեճի էր բռնվել Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ: Վերջինս հարվածել էր Յուվեցի Կարոյին, իսկ Կարոն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել էր Զադոյանի վրա: Փամփուշտները վնասել էին Զադոյանի ուսն ու ոտքերը: Բացի հրազենային վնասվածքներ պատճառելուց, Կարո Կարապետյանը, ըստ մամուլի հրապարակումների, նաեւ ծեծել էր Զադոյանին, ինչի հետեւանքով նա ստացել էր ուղեղի ցնցում:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Սակայն հետո, դատարանի որոշմամբ, Կ. Կարապետյանը գործով ներգրավվեց որպես տուժող, իսկ Զադոյանը` մեղադրյալ: Հետագայում գործի վարույթը կասեցվեց, և միայն ամիսներ առաջ դատախազությունն ընթացք տվեց դրան և գործը հուլիսի 2-ին ուղարկեց Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ներկայումս Զադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածի հատկանիշներով (ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին մասի` ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, ՔՕ 113-ի 1-ին մասի` դիտավորությամբ ուրիշի առողջությանը վնաս պատճառելը, և ՔՕ 137-րս հոդվածի 1-ին մասի` սպանության սպառնալիք տալը հատկանիշներով):
Ըստ մեղադրանքի` Զադոյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, կրել հրազեն և ռազմամթերք: 2009 թվականի հոկտեմբերի 5-ին` ժամը 11-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը:
Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, այս գործով արդեն 3 դատական նիստ է տեղի ունեցել, որոնք տարբեր պատճառներով հետաձգվել են:
Yerkir.am-ի տեղեկություններով` ամբաստանյալի շահերը պաշտպանելու համար գործում նոր պաշտպան է ներգրավվել, ով ժամանակ է խնդրել` գործի նյութերին ծանոթանալու համար: Նշենք, որ սկզբում նրա պաշտպանությունը ստանձնում էր հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը:
Մասնագիտությամբ իրավաբան պատգամավորի շահերը դատարանում պաշտպանում է հայտնի փաստաբան Կարոմվել Գրիգորյանը: Նա yerkir.am-ին հայտնեց, որ գործում ներգրավվել է վերաբացումից հետո: Գրիգորյանը նշեց, որ իրենք հակված են նրան, որ Զադոյանի արարքը սպանության փորձ է, և բնականաբար, կմիջնորդեն, որպեսզի նրա խափանման միջոցը փոխվի, այսինքն` կալանավորեն, քանի որ, ըստ փաստաբանի, այդ անձը վտանգավոր է հանրության համար:
«Իմ պաշտպանյալը հույս ունի, որ արդարությունը կվերականգնվի, և ամբաստանյալը նրան կվերադարձնի պարտք եղած գումարը»,- ասաց Գրիւգորյանը: Նշենք, որ խոսքը 57600 դոլար գումարի մասին է: Ըստ տուժողի` այդ գումարն է առիթ հանդիսացել, որպեսզի մեքենայի մեջ վիճաբանություն սկսվի:
«Անարդարության զոհ դարձած» պատգամավորի գործին ուշի-ուշով կհետեւենք: