կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-01 13:01
Տարածաշրջան

Երբ հայհոյում էին հայերին, Եսայանը փորձում էր կոծկել դրանք. լարվածություն՝ Թուրքիայում հայ պատգամավորների միջև

Երբ հայհոյում էին հայերին, Եսայանը փորձում էր կոծկել դրանք. լարվածություն՝ Թուրքիայում հայ պատգամավորների միջև

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցազրույց է տվել լրագրող Ահմեդ Հաքանին:

Հարցազրույցի ընթացքում Փայլանը հայ պատգամավորների մասին ասել է, որ Մեջլիսում կարևորը միայն նրանց հայ լինելը չէ, այլ այն, թե նրանք ինչ են պաշտպանում:

Ըստ «Ակօս»-ի՝ Փայլանն անդրադարձել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հայ պատգամավոր Մարգար Եսայանին և նրան սուր քննադատությունների ենթարկել:

«Միայն այն, որ նա հայ է, ինձ համար շատ բան չի նշանակում» ասելով՝ Փայլանը թվել է Եսայանի մասին այդ կարծիքն ունենալու պատճառները:

«Գեզիի և Քոբանիի իրադարձություններն անտեսել է: Այն ժամանակ, երբ հայերին հայհոյում էին, երբ «հայ» բառն արտասանելուց առաջ «կներեք» էին ասում (Էրդողանի աղմկահարույց ելույթը), Մարգարն անընդհատ փորձում էր կոծկել դրանք՝ ասելով. «Իրականում այդպես չեն ցանկացել ասել»: Այդ մեղքերն իրագործվելիս նա «լիդերություն» մասին էր զառանցում: Ինձ համար կարևորն այն է, թե նա ինչ է ասում, ինչն է պաշտպանում»,- ասել է նա:

«Եթե կարևորը հայ լինելը չէ, ապա ի՞նչն է» հարցին՝ Փայլանը պատասխանել է. «Կարևորը մեր ասելիքն է ու այն, թե ինչ ենք պաշտպանում: Կարևորն այն է` մենք պաշտպանում ենք համատեղ ապրելու փո՞րձը, թե՞ «միակ մարդը լինելու» ծրագիրը: Այսուհետ կարևորը սա է»:

Նա նաև նշել է, որ Եսայանի հետ իրենք ընկերներ են դեռ հին ժամանակներից, սակայն այժմ տարբեր գաղափարներ պաշպանող երկու հայեր են իրենք:

Փայլանն անդրադարձել է նաև Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից  ազգությամբ հայ պատգամավոր Սելինա Դողանին: «Նրա ներկայությունն ինձ ուրախացնում է:  Իմ սիրելի բարեկամն է, իմ ընկերը: Կարծում եմ՝ կարող ենք միասին աշխատել»,- ասել է նա:

Լրագրողի հարցին, թե, համախմբվելով Մեջլիսում, իրենք՝ երեք պատգամավորներով, հայերի հարցերը կարո՞ղ են բարձրացնել, Փայլանը պատասխանել է. «Եթե կարողանանք գտնել քաղաքական մի նոր լեզու, իհարկե: Եթե նկատեմ, որ Մարգարն ապաշխարում է, անշուշտ, կարող ենք միասին գործել»:

Հարցին, թե, ապաշխարել ասելով, ի՞նչ նկատի ունի, նա պատասխանել է, որ խոսքը «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանի թույլ տված սխալների մասին է:

Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից առաջ ԱԶԿ-ի հայ պատգամավոր Մարգար Եսայանը հայտնել էր, որ բարձրաստիճան պաշտոնյաները խոստացել են Թուրքիայի հայկական որբանոցը հայկական հիմնադրամին վերադարձնել, և անձամբ ինքը միջամտել է հարցին: Հետագայում Թուրքիայի հայկական «Նոր Զարթօնք» միությունը բացահայտնել էր, որ Եսայանի այդ հայտարարությունը կեղծ է և զուտ քարոզչական նպատակ է հետապնդել, ինչի վառ ապացույցն էլ որբանոցի սեփականությունը վերադարձնելու ուղղությամբ մինչ օրս չձեռնարկված քայլերն են եղել:

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի