կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-03 13:10
Քաղաքական

Ինչո՞ւ էին լրագրողներին հայհոյում, թող Տարոն Մարգարյանին հայհոյեին

Ինչո՞ւ էին լրագրողներին հայհոյում, թող Տարոն Մարգարյանին հայհոյեին

ԱԺ այսօրվա նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսագիտական համալսարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ տեղի ունեցած սկանդալային միջադեպին:

 

Նշենք, որ նրա ելույթը պարբերաբար ընդհատում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հորդորելով Նիկոլ Փաշինյանին ելույթ ունենալ ԱԺ օրակարգի սահմաններում: Շարմազանովն անգամ հայտարարեց, որ ԱԺ նախագահը պատասխանել է այդ հարցին, եւ դա այն դեպքում, երբ Փաշինյանն անգամ հարցը չէր հասցրել հնչեցնել:

 

«Տնտեսագիտական համալսարանը խուլիգանների ո՞րջ է: Ինչո՞ւ հեռացված չեն ռեկտորը և այդ խուլիգանները, մի՞թե Հովիկ Աբրահամյանի ու Սերժ Սարգսյանի հետ այդ խուլիգանների լուսանկարները նշանակում են, որ նրանք ինդուլգենցիա ունեն` օրենքը խախտելու: Նրանք խախտել են քրեական օրենսգրքի երկու հոդված՝ լրագրողի մասնագիտական գործունեության խախտում և խուլիգանություն: Ինչո՞ւ նրանք չեն կրել պատասխանատվություն ու չեն հեռացվել բուհից»,- ԱԺ նախագահին հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

 

Հովիկ Աբրահամյանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանին` չանցնել կոռեկտության սահմանը: «Ձեր հարցը համարում եմ կոռեկտության սահմաններից դուրս: Ձեզ համար սովորույթ է դարձել վիրավորել մարդկանց, ինչը ճիշտ ու հիմնավոր չէ: Չի կարելի վիրավորել այլ գերատեսչությունների ղեկավարներին, չեմ կիսում ձեր տեսակետը»,- ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ, որպես տվյալ բուհի խորհրդի նախագահ, պատրաստ է այդ հարցին անդրադառնալ, թեև, իր կարծիքով, դա ավելի շատ շինծու գործ էր, և ցանկացել են ստվեր գցել քաղաքապետի գործունեության վրա:

 

Նիկոլ Փաշինյանը նախ` ԱԺ դե ֆակտո փոխնախագահին կոչ արեց մնալ սեփական լիազորությունների շրջանակներում և չգերազանցել դրանք: «Իսկ Հովիկ Աբրահամյանին ուզում եմ ասել` երբ ասում եք, որ տնտեսագիտական համալսարանում ցանկացել են ստվեր գցել Տարոն Մարգարյանի անվան վրա, այդ դեպքում ինչո՞ւ էին լրագրողներին հայհոյում, թող Տարոնին հայհոյեին»,- ասաց նա: