Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլորիս հայտնի է Թուրքիայի նախկին վարչապետ և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայերի հանդեպ տածած ատելությունը, որը նա բազմիցս ցույցադրել է իր արարքներով, սակայն վերջին կաթիլը եղավ այն, երբ նա չվարանեց իր ատելությունը ցույց տալ ողջ աշխարհին` ասելով. «Կներեք, ինձ ավելի վատ՝ հայ են անվանել»: Այս դեպքից հետո իսլամացած մի հայ հանդես է եկել բաց նամակով, որը հրապարակել է jiyan կայքը:
Նամակը ներկայացնում ենք ստորև:
Բարև Ձեզ
Ես Թուրքիայում բնակվող մի հայ եմ: Անունս այնքան էլ կարևոր չէ: Եթե անունս Հակոբ լինի (օրինակ), ես որպես Քենան կներկայանամ: Դռան զանգերի վրա Հակոբ չեմ կարող գրել (սխալ չհասկանաք՝ ես իմ ներկայիս անունը սիրում եմ): Հաճախ է պատահել, երբ ասել եմ հայկական ծագումով մուսուլման եմ, պատասխանել են՝ մեղա քեզ, նման բան չի կարող լինել, մի' մեղանչիր: Ականատես եմ եղել այնպիսի դեպքերի, երբ ինչ-որ մեկին հայհոյելիս հայ լինելով են փորձել վիրավորել: Չեմ իմանում՝ ինչ նպատակով, բայց, նայելով, թե ինչ հաճախականությամբ են օգտագործում «հայ բիճ» արտահայտությունը, կարելի է կարծիք կազմել: Չեմ ստելու` հանդիպել եմ էլ ավելի ծանր իրավիճակների: Ով գիտի, գուցե սա է պատճառը, որ ոչ ոք չգիտի իմ ինքնության մասին: Ինչևէ, հեղափոխության պատմության դասերը շատ եմ սիրում, մեկ է, ես նրանց երբեք չեմ ասել իմ հայ լինելու մասին: Այն բանից հետո, երբ լսեցի վարչապետ (ներկայիս նախագահ) Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած` «կներեք, դրանից էլ ավելի տգեղ՝ ինձ հայ են ասել» արտահայտությունը, «հայ» լինելու կոչումն ինձ ավելի ծանր սկսեց թվալ: Հավատալով ազգերի եղբայրությանը՝ գիտակցում եմ նաև այն, որ այս վերքը երբեք չի փակվելու, չեն փակելու…
Իմ միակ խնդիրը արմատներիս նկատմամբ կարոտն է ու մի բառ անգամ չիմացածս հայոց լեզուն: Եթե մի քանի քայլ անեմ, կհայտնվեմ իմ կարոտած այդ հողերում՝ անցյալի մասին իմ լսած պատմությունների վայրը, ապագայի մասին իմ երազած հույսերի հողերում…Ինչպե՞ս հնարավոր է` մարդը կարոտ զգա մի վայրի հանդեպ, երբ չի տեսել, ջուրն անգամ չի ըմպել և չի զգացել այդ հողը: «Քանի որ այդ հողը խմորիս հետ է շաղվել»,- ասում էր մեծ հայրս:
Այո, գիտակցում եմ` իմ իսկական հայրենիքը համարվող Անատոլիայում եմ ապրում, և այո, Հայաստանում բնակվող իմ հարազատներն իրենց հայրենիք Անատոլիայի կարոտով են լցված: Բայց ես էլ իրենց եմ կարոտում… Կարոտում եմ երբևէ դեմքերը չտեսած` մեծ հորս ընկերների, հորս` ինձ պատմած պատմությունները, որոնք հորս են փոխանցվել իր հորից, կարոտում եմ հորեղբայրներիս, Երևանը և այնտեղի մարդկանց հետ զրույցը:
Հայերենի հետ մեր կապը չընդհատելու համար հայրս մեծ քրոջս հետ հայերեն երգեր է երգել, սակայն հետո դադարել: Երբեմն զայրանում եմ այդ բանի համար, բայց գիտեմ, որ դադարել է հայերեն երգել, որպեսզի մեզ պաշտպանի: «Որպեսզի մեզ պաշտպանի». ինչ ցավալի է, փորձեցի այս նախադասության փոխարեն մեկ այլ կերպ ներկայացնել միտքս, սակայն ճիշտը սա է: Ոմանց համար կարող է անհասկանալի լինել սա: Նրանց հարցնես, կասեն՝ բոլորս եղբայրներ ենք: Եղբայր ենք այնքան ժամանակ, ինչքան չես մոռանում, որ իրենց հացն ես ուտում և սահմանդ իմանում:
Ես հայություն չեմ քարոզում: Իմ շարժումը հայոց լեզուն է՝ իմ չտիրապետած, սակայն ամենուրեք ձայն տվող և ստվերի նման ինձ հետապնդող հայոց լեզուն… Վերջերս հայոց լեզվի նկատմամբ բարոյական շատ ծանր պատասխանատվություն եմ կրում: Սա կապ չունի քաղաքական ոչ մի շարժման հետ, ես ընդամենը կարոտում եմ: Ի՞նչ արած: Ամենալավը հորս ունկնդրած` Սարգիս էֆենդիի (պարոն Սարգիսի ) «չեմ բողոքի ոչ մեկին, ինձ համար ես լաց կլինեմ` նայելով ապագայիս, հանցագործի նման դողում եմ» երգը լսելն է:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի