Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս տարվա հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված` ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստացած շարքային Արսեն Մխիթարյանը որևէ պատճառ չուներ` ինքնասպանության դիմելու: Այս մասին այսօր լրագրողներին ասաց զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով՝ Արսենը, ով բժշկական համալսարանի ուսանող էր, մեկ տարվա ծառայության ընթացքում բնութագրվել է որպես ինտելեկտով առանձնացող, զուսպ զինվոր:
Փաստաբանը հայտնեց, որ տուժող կողմը տվյալներ ունի, որ Արսենը մահվանը նախորդող ժամանակահատվածում եղել է հոգեպես ճնշված վիճակում և խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ: «Մենք եղել ենք այն զորամասում, որտեղ ծառայել է Արսենը: Զրուցել ենք զինծառայողների հետ և պարզել, որ տվյալ զորամասում իրավիճակը լարված է եղել: Համակողմանի վերլուծությամբ հանգել ենք նրան, որ Արսեն Մխիթարյանի մահվան գործում կան մեղավորներ, որոնք մինչ օրս հայտնաբերված չեն, նրանք կարող են ունենալ ազդեցիկ հովանավորներ, որոնք անում են հնարավորը, որպեսզի Արսեն Մխիթարյանի մահվան իրական հանգամանքները չբացահայտվեն»,- ասաց Նորիկյանը և հավելեց, որ իրենք ամբողջական պատկերը ներկայացրել են վարույթն իրականացնող մարմնին:
«Դեպքից անցել է 3 ամիս, սակայն նախաքննական մարմինը ցույց չի տվել այնպիսի վարքագիծ, որ տուժող կողմը վստահի, որ անկողմնակալ քննություն է ընթանում»,- ասաց նա:
Փաստաբանը պատրաստվում է գաղտնի գրություն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ՔԿ նախագահին և պաշտպանության նախարարին՝ նշելով տուժող կողմի բոլոր մտահոգությունները, այդ թվում` այն բարձրաստիճան զինվորականի անունը ով այս քրեական գործի ընթացքի վերաբերյալ որոշակի շահագրգռվածություն կարող է ցուցաբերել՝ հնարավոր մեղավոր անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: