Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ որբերի համար Օսմանյան Թուրքիայում ստեղծված որբանոցները իրականում շատ ծանր գին ունեցան՝ նրանց զրկեցին ինքնությունից․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ս.գ.թ. դոցենտ, ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը։
Ցեղասպանության տարիներին միայն թուրքական կառավարության կողմից ֆինանսավորվող որբանոցներում 200 հազար հայ որբերի հաց ու ջուր տալու, մահից փրկելու գործընթացը ուղեկցվեց թլպատումներով, հավատափոխությամբ, անվանափոխությամբ, որոշակի արարողակարգերով, որոնք նրանց նմանեցնում էին իրենց ազգին ոչ հարիր այլ ազգի։
Միրա Անտոնյանը մի օրինակ բերեց ականատեսի պատմությունից․ հայ երեխային պատժում էին յուրաքանչյուր անգամ սխալվելու և հայերենով ինչ-որ բառ ասելու համար՝ հայերեն խոսելու իրավունք չունեին, պիտի խոսեին անպայման օսմաներեն։ Եվ անգամ պատժի ժամանակ, երբ երեխային մտրակում էին և վախից գոռում էր «վա՜յ, մամա»՝ հայերեն էր ցավն արտահայտում, կրկնակի պատժի էին ենթարկում դա հայերեն անելու համար․ «Այնպես որ, դա դաժան է եղել, բավական դաժան»։
Մինչև Հայոց մեծ եղեռնի ողբերգական դեպքերը, որբացած հայ երեխաների խնամքը կազմակերպում էին հայ համայնքի ներքին ուժերը՝ տեղավորելով հարազատների մոտ, եթե չկային հարազատներ՝ հարգանք վայելող այլ ընտանիքներում։
Եղեռնի ժամանակ որբացած երեխաների թիվն այնքան մեծացավ, որ հայ համայնքի ներքին ուժերը դարձան անբավարար և ստացվեց այնպես, որ ոչ միայն հայ համայնքը, եկեղեցին կամ հայ բարերարները իրենց ուժերի ներածին չափով փորձեցին կազմակերպել որբացած երեխաների խնամքը, այլև թուրքական կառավարությունը որբանոցներ բացեց, նաև օտարազգի շատ բարերարներ և միսիոներական կազմակերպություններ։
Բայց հատկապես թուրքական կառավարության ստեղծած որբանոցներում հայ որբերը կորցրին ինքնությունն ու ուծացան՝ նշեց Միրա Անտոնյանը։
Նա պատմեց, որ շատ որբանոցներ միայն հայ երեխաների համար էին ստեղծվում․ և դա հատուկ էր արված։ Մի տիկին կար, որին թուրքական կառավարությունը հերոսացրել է՝ հատկապես ուծացման գործընթացին առանձնահատուկ ծառայություններ մատուցելու համար․ «Ինքը երեխաների տեղավորման օրվանից հստակ արգելում էր հայերեն խոսելը, հատուկ իսլամացման պրոցեդուրաներ էր անում, օրվա մեջ մի քանի անգամ մուղամ և երգեր ընտրողաբար՝ միայն թուրքական երգեր․․․ ամեն ինչ շատ խտացված էր հատկապես այդ մանկատանը»։
Թուրքական կառավարության, այսպես կոչված, «բարեսիրտ» վերաբերմունքով խրախուսվում էր անվանափոխությունը, հավատափոխությունը, այդ երեխաները որպես ծառաներ էին աշխատում թուրքական ընտանիքներում, շատերին դարձնում էին ենիչերիներ՝ զինվորներ և հենց անվանափոխելով և հավատափոխելով ուղարկում կոտորելու հայերին։ Շատ հայ աղջիներ գերեվարվում էին թուրք ընտանիքների կողմից և կառավարությունը այդ ընտանիքներին գումար էր վճարում և այդ աղջիկները երեխա էին պարգևում թուրք ընտանիքին, որպեսզի ավելի սպիտակամաշկ լինեն՝ որակի առումով փոփոխություն բերեն իրենց ազգին։
«Այսինքն, սա այն դեպքն է, որ միջազգային տերմինաբանությամբ կոչվում է «թրաֆիքինգ»։ Երբ մարդուն վերածում են ապրանքի և արդեն սկսում են օգտագործել շահույթ հետապնդելով։ Այսինքն, վերածվել են ապրանքների այս երեխաները»,-ասաց Միրա Անտոնյանը։
Հայ երեխաներին թուրք պաշտոնյաները հավաքել են գաղթի ճամփաներին՝ խլելով իրենց ծնողներից։
Երբ շրջան առ շրջան հայերին մեծ շարքով քշել են դեպի անապատ, այդ ժամանակ է թուրքական կառավարությունը հրաման և հորդոր ուղղել թուրք հասարակությանը, որ կառավարությունը պատրաստ է վճարել՝ հայ որբերին որպես ծառա վերցնելու համար։
«Այսինքն, կոտորածից հետո կենդանի մնացածներից փորձել են առավելագույն շահույթ ստանալ»,-ասաց Միրա Անտոնյանը։
Թեև Թուքիայում բավական թվով միսիոներական քրիստոնեական որբանոցներ կային, կառավարությունը որբերին տեղավորում էր թուրքական որբանոցներում` բռնի իսլամացման համապատասխան հանձնարարականներով և դրա դիմաց հավելյալ ֆինանսավորման խայծով: 1916թ.-ին Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվերի՝ ներքին գործերի նախարար Թալեաթին ուղղված նամակում նշվում է . «Կրոնափոխ և ոչ կրոնափոխ հայ որբերին եթե վերցնենք մեր որբանոցները, ես պատրաստ եմ ռազմական բյուջեից հոգալու դրա համար անհրաժեշտ ծախսերը»։
Միրա Անտոնյանը բերեց Ջեմալ փաշայի օրինակը, որը պատմելով իր «որբախնամ» գործունեության մասին, ասել է. «Բռնագաղթի ենթարկված երեխաներին մահից և բարոյական վտանգներից փրկելու համար Սիրիայում պահեցի: Նրանց համար որբանոցներ բացեցի. մեկ հատը Լիբանանում` Ային Թուրա մենաստանում, երկրորդը՝ Դամասկոսում, երրորդն էլ՝ Հալեպում: Այս որբանոցները, որտեղ կային 3000-4000 երեխաներ, անձամբ իմ պաշտպանության տակ վերցրեցի և երեխաներին ուտելիք, հագուստ և դաս տալու համար ամբողջ ծախսերը բանակի բյուջեից վճարեցի»:
Այնինչ, թուրք կառավարիչների կողմից հայ որբերի հանդեպ նման «հումանիստական մոտեցման» նպատակը առավելագույնս օգտագործելն էր՝ «սև գործ անող ծառա», ենիչերի, առանց փրկագին վճարելու՝ գենոֆոնդի հարստացման աղբյուր ծառայեցնելով։
Այս ամենը հանցանք որակող՝ միջազգային իրավունքի նորմերը ՄԱԿ-ի կողմից ընդունվել են ավելի ուշ, քան Հայոց ցեղասպանությունն է տեղի ունեցել։ Բայց այդ ամենը հակասում է մարդկային պարզ օրենքներին՝ նկատեց Միրա Անտոնյանը, դա ուղղակի հակասում է մարդու էությանը, ակունքներին։
«Կան ընդունված նորմեր՝ կողք-կողքի հարևանությամբ ապրելու նորմեր, որի շրջանակներում օգնության ձևը, աջակցելը երբեք չի նշանակել օտարացում սեփական ակունքներից։ Այդ գնով օգնելը, կյանքի իրավունք տալը առնվազն անթույլատրելի է․ կան իսլամացած հայեր, որոնք իրենց անցած ճանապարհին հետ նայելով՝ գերադասում են մորթված լինել, ինչպես մյուսները, քան այդչափ խեղաթյուրված իրենց ծագումը»,-ասաց նա։
Անապատ քշված հայ որբերի համար բազմաթիվ կառավարություններ ճամբարներ բացեցին։ Եվրոպա և ԱՄՆ տեղափոխությունը եղել է ելնելով այն անհրաժեշտությունից, որ տեղում հնարավոր չէ կազմակերպել խնամքը, քանի որ անվտանգ չէ։
Միրա Անտոնյանի ուշադրությունը գրավել է դրվագ՝ կապված Ֆրանսիայի որբախնամ գործունեության հետ։
«Մենք Ֆրանսիայի պես բարեկամ երկիր դժվար թե գտնենք, հայերի հանդեպ տրամադրվածությունը միշտ եղել է շատ դրական, բայց օրինակ, ես մի աղբյուրում կարդացի՝ ինչպես է Դաշնակցական կառավարությունը ահազանգում այն մասին, որ Ֆրանսիա տեղափոխված երեխանեին կտրում են առաքելական եկեղեցուց և կաթոլիկ եկեղեցու ավանդույթներով են դաստիարակում։ Եվ այդ ահազանգն է եղել պատճառը, որ նոր ձևավորված կառավարությունը շատ արագ որբախնամ ծառայություն ծավալեց՝ կոնկետ Գյումրիի ներկայիս ռազմաբազայի ամբողջ տարածքը վերածելով որբաքաղաքի և տարբեր երկրներից սկսեցին հավաքագրել ծագումով հայ որբ երեխաների և տեղափոխել Հայաստան»,-պատմեց նա։
Աղբյուրը նաև նշում էր, որ կնքելուց հետո հայ երեխաների անունները փոխում էին և իրական անունը կարող էր մոռացության մատնվել։ Բայց սա, իհարկե, Միրա Անտոնյանը ուծացում չի համարում, քանի որ գոնե երեխաները քրիստոնյա էին մնում, թեև այլ ավանդույթներով։
Նմանատիպ պատմություններ կան նաև Ամերիկայի օգնության կոմիտեի միջոցով ԱՄՆ տեղափոխված հազարավոր հայ երեխաների մասին։
«Ուղղակի, աղբյուրները երբ նայում ես, տեսնում ես, որ այն հումանիզմը, որ դրսևորվել է Եղեռնի զոհերի հանդեպ, իր հետ բերել է նաև «կողմնակի էֆեկտներ»․ դա ուծացումն է, ինքնության կորուստն է․․․ Սփյուռքը, ի վերջո, ձևավորվեց երեխաներին հայկական տարածքներից տեղափոխելու հետևանքով, որից հետո լեզվի, ինքնության կորուստը, հայապահպանությունը, որպես այդպիսին, դարձել է շատ մեծ խնդիր»,-ասաց Միրա Անտոնյանը։
Նա պատմեց՝ ինչպես է Վահան Տերյանը սկսել գումար հավաքագրել և ամեն հայ երեխայի համար 5 ոսկի վճարելով՝ ռուսական կազակների մոտից վագոններով երեխաներ վերադարձրել նախ՝ Թիֆլիս, հետո Թիֆլիսից Հայաստան։
«Ամբողջ անհանգստությունն այն էր, որ գնացքներով Թուրքիայի տարածքից Ռուսաստան տեղափոխված երեխաները որդեգրվում էին և խնամքի էին վերցվում կազակների կողմից։ Միանգամից անվանափոխվում էին, իրենց ապրելակերպի, սոցիալական նորմերի մեջ, թուրքահայերի միջավայրից բավականին տարբերվող ապրելակերպով և այդ ահազանգին արձագանքելով՝ Տերյանը նախաձեռնեց այդպիսի հայապահպան գործունեություն։ Երեխաները հետ գնվեցին գումարի դիմաց»,-ասաց Միրա Անտոնյանը։
Դաշնակցության կարճատև կառավարության շրջանում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին փորձեր է արվել Ֆրանսիայից, այլ երկրներից որբերին տեղափոխելու, ասաց նա, բայց Խոհրդային կառավարության հաստատումից հետո ավելի շատ ջանքերը ուղղվեցին Հայաստանում գտնվող որբերին խնամելուն։ Խորհրդային նոր գաղափարախոսությամբ՝ Եղեռնի մասին խոսելը թույլատրելի չէր և այլևս ջանքեր չգործադրվեցին այլ երկրներից որբերի տեղափոխման վրա, առավել ևս, որ երկիրը չուներ էլ այդ ռեսուրսը։ Եվ որբահավաքության հարցը մղվեց լուսանցք։
«Ուծացումը սարսափելի երևույթ է, դա նշանակում է՝ հեռացում քո սկզբից, քո ինքնությունից, քո ինքնության խեղում ուղղակի։ Այնպես որ, իրականում շատ ծանր գին ենք վճարել»,-նշեց Միրա Անտոնյանը։
Նրա ղեկավարած՝ «Երեխաների աջակցության կենտրոնում» այժմ այլ մշակույթ և այլ կրոն կրող 2 երեխա կա՝ մեկն Աֆղանստանից, մյուսն Իրաքից։ Նրանց մոտ այս շրջանում սկսվում է ազգային կրոնական ծես, երբ միայն գիշերն են ուտում, ցերեկը իրավունք չունեն, լույսի ժամանակ քնում են, գիշերը ավելի ակտիվ են լինում։ Դա շատ կարևոր ծես է, որը չպահպանողը իրեն մեղավոր է զգում և կարող է անգամ ինքնասպանությամբ ավարտել։
«Սա Հայաստանն է, մեզ մոտ 99,9 տոկոսը հայ երեխաներ են, բայց քանի որ ծառայություն է, որը միջազգային իրավունք գիտի և երեխայի իրավունքի կոնվենցիա հարգել գիտի, մենք այդ երկու երեխաների համար լրիվ առանձնացված պայմաններ ենք ստեղծել իրենց աղոթքն անելու համար՝ օրվա որ ժամերին ճիշտ են համարում, իրենց ուտելիքներն ունեն առանձին, հայերեն սովորում են, քանի որ հայ երեխաների հետ պետք է շփվեն, բայց ոչինչ չի խանգարում իրենց լեզվով շփվելու հարազատների հետ, միմյանց հետ այդ լեզվով խոսելու համար»,-ասաց Միրա Անտոնյանը։
Միջազգային օրենքները և ստանդարտները տեղահանված երեխաների, երկրից երկիր տեղափոխված, սահման անցած երեխաների մասով պահանջում են երկրներից հարգել ինքնությունը, հարգել նրանց լեզուն, հնարավորություն ստեղծել՝ շփվելու իրենց մշակույթի հետ, իրենց հարազատների հետ՝ նշեց նա։ Դա հիմա պահանջ է՝ նվազագույն ստանդարտ։
Միրա Անտոնյանը կարծում է՝ դասերից մեկը, որ միջազգային հանրությունը քաղել է, շատ ծանր այն գինն է, որ հատկապես հայ որբերն են վճարել իրենց ուծացմամբ և իրենց ուծացման հետևանքների մասին բարձրաձայնելով։ Ու այդտեղից են ելել, որ պետք է երկրները մշակեն հատուկ ստանդարտներ, որպեսզի արգելեն փոխել լեզում, շփման մակույթը, սովորույթները, ծեսերը։ Քանի որ դա ծանր ողբերգություն է՝ ազգային ողբերգություն է, և պետք է չլինեն նորերը։
Աննա Բալյան