կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-21 12:25
Իրավական

Երեկվա զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել. կա 16 ձերբակալված

Երեկվա զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել. կա 16 ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում  ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ հուլիսի 20-ի ուշ երեկոյան  տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 20-ին` ժամը 22:15-ի սահմաններում, մի խումբ ցուցարարներ կատարել են անկարգություններ, որոնք ուղեկցվել են գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են քննիչներ տարածքային ստորաբաժանումներից։ ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է քննչական խմբին՝ ապահովել քրեական գործի նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը։

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ: Ներբեռնվել և ուսումնասիրվում են անկարգությունների վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը:

Հուլիսի 21-ին` ժամը 08-ի դրությամբ, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով  բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից 16-ը՝ ձերբակալվել:

Քրեական գործով նախաքննությունը, ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար: