Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեմ եմ, կողմ եմ, պետք է, պետք չէ: Հարկավոր է…
Ինչեր ասես, որ չենք լսում նոյեմբերից: Զարմացա, շատ զարմացա, երբ Բաքու գնալու որոշումը կայացվեց: Մինչև վերջին օրը սպասում էի, որ կմտափոխվեն: Հարցն այնքան նուրբ է, որ դիվանագետների գործն է, երևի: Գնալ, թե չգնալ. փաստորեն, սա չէր խնդիրը: Խնդիրը ինչ թիմով գնալն էր, ինչպես մի օր ինձ հետ զրուցում նշեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ինչի մասին, անկեղծ ասած, մինչև իր «խելքի գցելը» չէի էլ մտածել: Միշտ կարծում էի, որ նման արենաներ, ինչպիսին Ադրբեջանն ու Թուրքիան են հայերի համար, կա\'մ պետք է մեծ արսենալով գնալ, կա\'մ էլ չգնալ:
Բաքուն ցույց տվեց
Բաքուն տվեց այն, ինչն ակնկալում էինք՝ միջազգային մեդիայի ուշադրությունը, որը սկսվեց և, ամենայն հավանականությամբ էլ, կավարտվի հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարութունյանի արծաթե մեդալով: Ինչո՞ւ կավարտվի, որովհետև դժվար թե թույլ տան, որ մեդալի որևէ այլ հավակնորդ հայտնվի այնպիսի վիճակահանության ցանցում, որ կարողանա դուրս գալ այնտեղից: Մրցավարական ակնհայտ սխալներ և կողմնապահություն: Խոստացել էին, որ չի լինի, երաշխիք էին տվել բոլոր բարձրաստիճան մարզական մարմինները: Սակայն ամեն ինչ արվում է, որ Ալիևը չկանգնի հայկական հիմնի տակ, և մենք դա գիտեինք: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ գնացինք: Բաքու մեկնած մարզիկների մեծ մասը նշել էին, որ գնում են` դրոշ բարձրացնելու, հիմն հնչեցնելու: Կարծում եմ` սա մի արտահայտություն է, որն ազգովի այնքան ենք ասել, որ մեխանիկորեն դուրս է գալիս բերաններիցս, առանց հասկանալու և հաշիվ տալու, որ սա սպորտ է, ոչ թե կռվի դաշտ:
Սպորտը ստեղծվել է մարզիկի համար, մարզիկին փառավորելու, ոչ թե երկիրը: Բայց ժամանակին մարկետոլոգները հասկացան, թե որքան գումար կարելի է աշխատել մարդկային կամ էլ ոհմակային հպարտության վրա:
Ինչո՞ւ մենք պատրաստ չենք
Շատերը պատրաստ չեն, ոչ միայն Հայաստանը: Պատրաստ չէին 1990-ին Սիեթլի «Բարի կամքի խաղեր»-ին, երբ մրցակցությունը հիմնականում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հավաքականների միջև էր:
Արծաթե մեդալակիրներ Ստեփան Սարգսյան, Գնել Մեջլումյան…
Հայրս պատմում էր, թե ինչ կռիվներ էին գնում Ամերիկայում, թե ինչպես ամերիկացները ջանք ու մրցավար չէին խնայում` իրենց պարտության մատնելու համար: Ջոն Սմիթից էին պատմում, Սարգսյանի տաբուն էր` օլիմպիական ոսկուց նրան զրկողը: Դեռ այն ժամանակ, երբ խնդիրը, կարծես, ավելի մասշտաբային և հեռու էր հենց մեզնից՝ հայերից, հնչում էր սովետական հիմնը, մարզիկները դարձել էին գլադիատորներ, ովքեր նման արենաներում պարտվելու իրավունք չունեին: Մի բան էլ էր հայրս պատմում, արդեն չեմ հիշում` հավանաբար, մայրս էր պատմում, ավելի հավանական է, հայրս իր սխրանքների մասին չէր խոսում…
Թուրքիայում աշխարհի առաջնությանը, երբ Գնել Մեջլումյանը դարձավ աշխարհի չեմպիոն, թուրք մարզիկը կուրացնող յուղ էր քսել ձեռքերին և մարմնին: Ինչ-որ գերբնական ուժով, հավանաբար` այդ գլադիատորական ու հայրենասիրական ոգու շնորհիվ հայրս կարողացել է հաղթել և ոսկե մեդալ նվաճել:
«1989 թ. Անկարայում անցկացված Եվրոպայի առաջնությանը Գնելի վերջին մրցակիցը թուրք Շյուքրու Օղլին էր»,- գրում է «Վիկիպեդիա»-ն: Օղլու անունը մեր տանը շատ է շոշափվել… Մայրս պատմում էր, որ թուրքական ալիքով էլ նայել են գոտեմարտը, ասում է` լարված էր:
Առ այսօր սա առասպել է մնացել ինձ համար, երևի երբեք էլ չեմ հասկանա, քանի որ, բարեբախտաբար կամ դժբախտաբար, երբեք նման կերպով հայրենիքիս համար կռիվ չեմ տվել ու իմաստն էլ չեմ հասկացել:
Սեփական չէ, բայց մերձավորի փորձից, զգում եմ` ինչ են զգում տղաները Բաքվում, ինչ ծանր սուր է կախված նրանց գլխին, որն էլ խանգարում է հաղթել: Այսօր մեր ընտրանին փոքր է, երկիրը` նույնպես, միջազգային հարթակներն էլ շատ չեն, մի տեսակ փորձի պակաս ունենք, անպաշտպան ենք, միակ հույսը մրցակցից, մարզական լեզվով ասած, մի քանի գլուխ ուժեղ լինելն է: Հոգեբանություն շատ-շատերը չունեն, երիտասարդ են, դժվար է կառավարել զգացմունքները, հաղթահարել վախը, գլխներին կախված ամոթը: Բոլորն էլ ուզում են ասօր Միհրանի նման փառավորվել, սակայն հասկանալ է պետք, որ սա սպորտ է, այստեղ վայրկյանն է թելադրում: Մրցակցին պարտվելն ամոթ չէ, ամոթ է ինքդ քեզ պարտվելը:
Այսքանից մի բան պարզ է` մեզ ոչ թե հոգեբան է պետք, այլ նոր հոգեբանություն. 21-րդ դարում ապրելով կեսթշնամի, կեսբարեկամ տարածաշրջանային հարաբերություններում` պետք է հանել գլադիատորի հոգեբանությունը, չպետք է պարտադրել գիտակցաբար կամ անգիտակցաբար: Հայերիս սիրած «թասիբ» բառը պետք է հանել մարզական բառապաշարից: Ծանր Բաքուն դարձրել ենք ծանրագույն հենց մեր մարզիկների համար:
Ինչու Ալեքսանյանն ու Ջուլֆալակյանը չգնացին
Շատերը հարցնում են` ինչո՞ւ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը չգնացին Բաքու: Ի՞նչ է, վախենո՞ւմ էին, ի՞նչ է, թքա՞ծ ունեին… Պատասխանում եմ` ո\'չ մեկը, ո\'չ մյուսը, պարզապես կա սպորտ, և կա գլադիատորություն, մարզիկների համար այս պահին ավելի կարևոր է հաղթել աշխարհի առաջնությունում, որը կկայանա սեպտեմեբերին Լաս Վեգասում, հետագայում ոսկե մեդալ վերցնել օլիմպիական խաղերում, քան թե առաջին անգամ կազմակերպված և դեռ հարց է` հետագայում կազմակերպվելիք, թե` ոչ, Եվրոպական խաղերում: Դա ընտրություն էր, որը պետք է հանգիստ թողնել: Իսկ ի՞նչ կլիներ, եթե աշխարհի և օլիմպիական հայ պոտենցիալ չեմպիոնները վնասվածք ստանային Բաքվում, իսկ ի՞նչ կլիներ, եթե բոլոր խաղաքարտերը դնեինք սեղանին, արդյո՞ք ավելի լավ չէր ներկայանալ միջին կարողությունների տեր թիմով: Լևոն Ջուլֆալակյանն ավելի լավ գիտի. առաջին անգամ, երբ ինքս ինձ բռնեցրի որևէ մարզչի որոշումից գոհ և բավարարված:
Այդուամենայնիվ, այս օրերին բոլորս սպասում ենք Բաքվից առաջինը՝ բարեհաջող վերադարձ, գուցե նաև խաղաղության թաքուն փափագով, որ մի օր կարիք չի լինի կռվել գլադիատորի նման, այլ կարիք կլինի կռվել մարզիկի նման:
Անի Մեջլումյան