Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրւջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ երեք քաղաքացիների կողմից Դուբայում Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիին սպանելու, նրան պատկանող գրասենյակից 1.700.000 ԱՄՆ դոլար արժողության ադամանդներ գողանալու, դրանք մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա նիստում հայտնի դարձավ, որ սպանված Սալոնկիի կինը, ով գործով որպես վկա է անցնում, բացակայում է Արաբական Միացյալ Էմիրություններին, և նրան ծանուցել հնարավոր չի եղել:
Այսօրվա նիստում ցուցմունք տվեցին գործով ամբաստանյալները: Նրանցից Հովհաննես Մելքոնյանը, ով, ըստ նախաքննական տվյալների, հանցագործությունը կատարելու համար կայուն խումբ է ստեղծել, պատմեց, որ ժամանակին աշխատել է բաղնիքի ոսկու շուկայում` որպես զարդերի վրա թանկարժեք քարեր տեղադրող, սակայն հետագայում մեկնել է Դուբայ:
Հովհաննեսը պատմեց, որ Դուբայում ծանոթացել է ադամանդների վաճառքով զբաղվող Սալոնկիի հետ, որի հետ որոշ ժամանակ համագործակցել է՝ նրա համար ադրբեջանցի և ռուս գնորդներ բերելով: Սակայն, քանի որ իրեն այդ աշխատանքը ձեռք չի տվել, վերադարձել է Հայաստան:
Հովհաննեսի խոսքով՝ 2014-ի հունվարին գործով անցնող մյուս ամբաստանյալներին՝ հորողբոր որդուն՝ Խոսրովին, և նրա ընկերոջը՝ Սեյնորին, հրավիրել է Դուբայ: «Նրանց համար էժան հյուրանոց էի վարձել, ծով եմ տարել, առևտրի կենտրոն»,- ասաց ամբաստանյալը և հավելեց, որ նրանցից որևէ մեկին Սալոնկիի հետ չի ծանոթացրել և նրա գրասենյակ չի տարել: Ամբաստանյալը նշեց, որ ինքը սպանության հետ որևէ կապ չունի, այդ մասին իմացել է Հայաստանում ձերբակալվելիս:
Նշենք, որ Սալոնկիի գրասենյակում հայտնաբերվել էր Հովհաննես Մելքոնյանին պատկանող վարորդական վկայականը: Այս կապակցությամբ ամբաստանյալն ասաց, որ դա ինքն է թողել Սալոնկիի մոտ` որպես երաշխիք վերցված ադամանդների համար:
Անդրադառնալով մաքսանենգ ճանապարհով Հայաստան ադամանդներ բերելուն` ամբաստանյալը հայտնեց, որ ինքն ադամանդները շամպունի մեջ է լցրել, քանի որ առանց փաստաթղթերի է եղել, սակայն մտադրվել է Հայաստան տեղափոխելուն պես դրանք մաքսազերծել, սակայն չի հասցրել, քանի որ ձերբակալվել է: Նա նշեց, որ իրավապահներն են իրեն պատմել, թե ինչպես է Դուբայում տեղի ունեցել դեպքը:
Անդրադառնալով «02» հաղորդաշարի ժամանակ տեսախցիկի առջև մեղքը խոստովանելուն` ամբաստանյալն ասաց. «Ինձ ասացին՝ քո վրա վերցրու, քեզ չենք դատի, ադամանդներն օրինականացնենք՝ քեզ բաց կթողնենք: Ասացին ՝ չերկարացնենք՝ մեռնողը հնդիկ ա, կարևորը բռլյանտներն են»:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստում դատարանում հետազոտվեցին որպես իրեղեն ապացույց ճանաչված` առանձնապես խոշոր չափերի` 1.700.000 ԱՄՆ դոլար արժողության 6.800 կարատ, տարբեր գույների ադամանդները: