կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-12 12:31
Հասարակություն

Հացի «պղծման» հարցը չէր էլ կարելի քննարկել. Հենրիկ Հովհաննիսյան

Հացի «պղծման» հարցը չէր էլ կարելի քննարկել. Հենրիկ Հովհաննիսյան

Կան հարցեր, որոնք քննարկվելիք չեն, դրանք ուղղակի պետք է դատապարտել: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը` խոսելով ալյուրի հարստացման մասին: Ըստ նրա` հացի «պղծման» հարցը չէր էլ կարելի քննարկել:

«Հարցեր կան, որոնք կրոնական են, ոչ թե գիտական. հացը մեզ համար սրբություն է, և պետք չէ այն պղծել: Ալյուրի հարստացման դատապարտման գործընթացին պետք է մասնակցի նաև եկեղեցին, քանի որ նրա սրբության վրա են ձեռք բարձրացնում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա զարմացած է այն գիտնական-բժիշկների պահվածքից, որոնք կողմ են արտահայտվում ալյուրի հարստացմանը` արտասահմանյան ինչ-ինչ «գիտական» ամսագրերի հոդվածներ հիմք ընդունելով: Բժիշկը, ըստ Հովհաննիսյանի, պետք է ոչ թե ամսագրի, այլ սեփական հետազոտությունն ու սեփական գիտելիքը հիմք ընդունի:

«Թե այս խնդիրն արծարծողներն ի՞նչ շահերից են ելնում, մութ է ինձ համար: Ամենակարևորն այն է, որ ոչ ոք չպետք է վախենա իր կարծիքն արտահայտել: Քաղաքացիական արիություն ունեցող մարդիկ պետք է գտնվեն, և ոչ ոք չպետք է վախենա պաշտոնից զրկվելու համար: Ես էլ պաշտոն ունեի, բայց հետո այն կորցրի, հետո՞»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ է մտածել, երբ առաջին անգամ լսել է ալյուրի հարստացման մասին, Հովհաննիսյանը պատասխանեց, թե մտածել է` թշնամու ձեռքի գործ է:

Դիտարկմանը, թե առողջապահության նախարարը դիլետանտ է անվանել նրանց, ովքեր դեմ են արտահայտվել ծրագրին, արձագանքեց, թե համաձայն է` ինքն էլ է դիլետանտ: «Այո, եթե այդպես է, ես էլ եմ դիլետանտ: Մյուս կողմից` իրենք էլ են դիլետանտ, որովհետև Աստված չեն ճանաչում»,- ասաց Հենրիկ Հովհաննիսյանը: