Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Ընդհանրապես` Հայաստանում բնակվողների թվի մասին տեղեկություն ստանալու համար առաջին քայլը, որ պետք է անել, հացի արտադրության ծավալի վրա ուշադրություն դարձնելն է: Հացն այն եզակի արտադրանքներից է, որը մենք չենք արտահանում, հետևաբար` դրա ծավալի նվազումը պայմանավորված է ոչ թե միջազգային տնտեսության խնդիրներով, որոնցով միշտ սիրում է արդարանալ մեր կառավարությունը, այլ զուտ տեղական խնդիրներով:
Հացի խնդիրը վաղուց դարձել է քաղաքական կատեգորիա, և տարբեր ուժեր այն դարձնում են շահարկման առարկա՝ մի մասը ժողովրդից դիվիդենդներ հավաքելու, մյուս մասն էլ` Հայաստանի տխուր վիճակն առավել ընդգծելու համար:
Հացի սպառման և արտադրության ծավալի անկման պատճառները կարելի է պարզել հաշված րոպեներում: Ենթադրենք` մեր երկրի վիճակն այնքան աղետալի է, որ մենք սկսել ենք ավելի քիչ հաց ուտել, սակայն այս տարբերակը փոքր-ինչ անհավանական է՝ հաշվի առնելով պատմական ճշմարտությունը, որ հայերը ուտող-խմող ազգ են: Մեկ այլ տարբերակով` Հայաստանում բնակվող ուտող-խմողների մի ստվար զանգված իր և ընտանիքի ստամոքսի հարցերը լուծելու համար ուղևորվել է ֆինանսական առումով ավելի «տաք երկրներ»: Միգրացիոն ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2014-ի առաջին 9 ամիսներին Հայաստանից մեկնել է մոտավորապես 2 միլիոն 122 հազար մարդ, վերադարձել` 2 միլիոն 18 հազարը: Ստացվում է, որ Հայաստանն այս տարի լքել է 105 հազար քաղաքացի և դեռևս չի վերադարձել:
Մտապահելով այս թիվը` անցնենք առաջ և ուշադրություն դարձնենք արդեն հացի արտադրության ծավալներին: Մենք այս տարի մինչև այս պահը, նախորդ տարվա համեմատ, արտադրել, հետևաբար` նաև սպառել ենք մոտավորապես 2 տոկոսով քիչ հաց: Հետևություն` վերևում նշված 105 հազար քաղաքացիների բացակայությունը հացի արտադրության ծավալի նվազման հիմնական պատճառն է:
Սակայն արդարության դեմ չմեղանչելու համար, ուսումնասիրենք մեկ այլ վարկած: Հետաքրքիր ու միաժամանակ տրամաբանական է, որ հացի արտադրության, հետևաբար` նաև հացի սպառման ծավալների նվազումը կարող է տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի բարելավման արդյունք լինել: Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ եթե մարդը քիչ փող ունի, հետևաբար` կուշտ մնալու համար կարող է ցամաք հաց ուտել, իսկ շատ փող ունենալու դեպքում հացը փոխարինվում է այլ սնունդով: Բայց, իհարկե, սա միայն տարբերակ է, քանի որ արտագաղթի և աղքատության նման մակարդակի պայմաններում ֆինանսական բարելավում տեղի ունենալ չի կարող: Ընդհանրապես կարող է, բայց Հայաստանի դեպքում դա միայն մեծահարուստներին է վերաբերում:
Մոտավոր հաշվարկներով` Հայաստանում մեկ անձն օրական սպառում է միջինը 350 գրամ հաց: Հասկանալու համար, թե ինչ ցուցանիշ է սա, նշենք, որ, օրինակ, ԱՊՀ և եվրոպական շատ երկրներում մեկ անձի սպառած հացի միջին օրական ցուցանիշը կազմում է 150 գրամ: Բնական է, քանի որ եվրոպացիներն ավելի շատ փող ունեն, քան մենք և կշտանալու համար նախընտրում են այլ սնունդ: Հետևաբար, զարմանալի չէ նաև, որ մեր նվազագույն սպառողական զամբյուղում հացի տեսակարար կշիռը սնունդի մեջ կազմում է 20 տոկոս:
Ընդհանրապես` 350 գրամ հացը ցուցանիշ է, որը գրանցվում է պատերազմների ժամանակ, քանի որ զինվորները մարտի դաշտում շատ հաճախ ցամաք հացի հույսին են: Ստացվում է, որ մենք մի երկիր ենք, որը, գտնվելով պայմանական խաղաղության մեջ, մինչև հիմա սնվում է պատերազմական ճաշացանկով:
Գևորգ Խաչատրյան