կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-18 17:27
Առանց Կատեգորիա

100 դրամը մեկ հացի գին է` մեկ թարմ հացի գին

100 դրամը մեկ հացի գին է` մեկ թարմ հացի գին

Թող անիծված լինի այս կյանքը, որտեղ մարդը նույնիսկ մեռնել չի կարող առանց փողի:

Ռոբերտ Լուիս Սթիվենսոն

 

Հուլիսի 20-ից տրանսպորտի գինը կթանկանա 50 դրամով, այսինքն` միայն աշխատանքի գնալու եւ տուն վերադառնալու համար 100 դրամ ավելի կվճարենք: 100 դրամը մեկ հացի գին է:

 

Մութ ու ցուրտ տարիներին տատին հաց էր վաճառում. վաճառում էր ցրտին ու շոգին, իսկ օրվա օգուտը մեկ հացն էր` մեկ թարմ հացը: Ցերեկը տատիին ուտելիք էինք տանում: Մի օր չեմ հիշում` ինչ էր պատահել, տատին համոզեց, որ մենք մեկ ժամով փոխարինենք իրեն: Ես ու մորաքրոջս աղջիկն էինք` 7-8 տարեկան... Ամաչում էինք. բա որ փողոցի երեխաներից մեկը ծնողներից մեկի հետ շուկա այցելած լինե՞ր: Միակ ելքը հացը որքան հնարավոր է շուտ վաճառելն էր: Սկսեցինք «էստի համեցեք» անել: Մինչեւ տատին կգար, ողջ հացը վաճառեցինք: Տատս ուրախացել էր. «Կհասցնեմ` գնամ մի 10 հատ էլ բերեմ, ծախեմ»: Իսկ մեզ` որպես նվեր, տատին լցնովի պաղպաղակ գնեց: Էդ գիշեր տատին հաց չբերեց տուն, բայց փոխարենը ամբողջ գիշեր հիշում էինք, թե ինչպես շուկայից մինչեւ տուն` երկու կանգառ, պաղպաղակը չկերանք, որ գանք ու մեր փողոցում ուտենք, թե` մենք էլ ենք երբեմն պաղպաղակ ուտում:

 

Տատին մի օր շուտ տուն եկավ` մի մեծ տոպրակ թարմ հացով. մետրոյում ոստիկանները քաշքշել էին հաց վաճառող կանանց, իսկ հացով լի տոպրակները նետել գնացքի ռելսերի վրա: Բնականաբար, կանայք իջել ու հավաքել էին հացերը, բայց ոստիկանների հրամանով տուն վերադարձել: Մերոնք տխուր էին, ես` զարմացած. ախր, լիքը հաց ունենք: Մեկ հաց փախցրել էի, թարմ հաց, ու փողոցի երեխաներով նստել էինք հարեւաններից մեկի կտուրին` ուտում էինք: Տատիին էդ տարիներից ճողվածքն ու սապատը մնաց նվեր` մեկ թարմ հացի դիմաց:

 

Հետո, երբ մեր սոցիալական վիճակը մի քիչ բարելավվեց, սկսեցինք արեւածաղիկ վաճառել, օրվա վերջում խանութից առանց կտրոնի մեկ հաց էինք գնում` թարմ հաց: Պապին նստում-քնում էր սեղանիկի մոտ, իսկ փողոցի երեխաները գալիս, արեւածաղիկը բռերով տանում էին: Շատ անգամ, երբ պապիին արեւածաղկի գինն էին հարցնում, պատասխանում էր` ինչքան կտաս, տուր. էդ օրերին ստիպված էինք կես գնով գնված, հին ու սեւ, հազար ձեռքով մաժմժված հացով կշտանալ: Էդ օրերին ես սոված էի մնում. հին հացերից սեւ օճառի համ էի զգում ու չէի ուտում:

 

Մաման խանութում էր աշխատում` տնտեսական իրերի խանութում: Ամբողջ ամիս սպասում էի, թե երբ է աշխատավարձ ստանալու, որ թարմ հաց գնենք, իսկ ամսվա վերջում մամային աշխատավարձի փոխարեն մեկ-երկու տնտեսական զրթուզիբիլ էին տալիս: Հետո պապին սկսեց ինչ-որ հիմնարկում պահակություն անել: Աշխատավարձ այդպես էլ չէր ստանում, բայց շարունակում էր աշխատել` «մի օր կտան, էլի, փող չկա» պատճառաբանմամբ:

 

Տանն ամեն մեկն ինչ-որ բանով էր զբաղված, միակ պարապը ես էի, որ ամբողջ օրը երազում էի մեծանալ եւ հացի փռում աշխատել, որ ամեն օր թարմ հաց բերեի տուն:

 

Վերջերս, երբ առավոտ շատ շուտ արշավի էի գնում, մեր խանութի մոտ տատիներ էին հավաքվել` հին, հազար ձեռքով մաժմժված, բայց կես գնով հաց էին գնում...

 

100 դրամը մեկ հացի գին է` մեկ թարմ հացի գին:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ