Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մի քանի արևմտամետ ուժեր շարունակում են ստորագրահավաք իրականացնել՝ «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար: Այս օրերին կազմակերպիչները մայրաքաղաքում ու մարզերում փորձում են ստանալ անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները: Մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է նաև շաբաթ և կիրակի, այսինքն՝ հանգստյան օրերին, երբ ՏԻՄ-երը չեն աշխատում: Կազմակերպիչները նշել էին, որ դիմելու են Երևանի քաղաքապետարան և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, որ թույլ տան շաբաթ և կիրակի օրերին էլ կազմակերպել: Եվ ահա, նախաձեռնողները հայտարարել են, որ արդեն այս շաբաթ և կիրակի հնարավոր կլինի ստորագրել: Այսինքն, փաստացի ստացել են համաձայնություն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այն ժամանակ, երբ «Հայաքվեն» էր ստորագրահավաք իրականացնում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ խորհրդարան մտնելու համար, կազմակերպիչներին թույլ չեն տվել հանգստյան օրերին ստորագրահավաք իրականացնել: Դիմեցինք «Հայաքվե» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանին՝ պարզելու՝ իսկապե՞ս իրենք հնարավորություն չունեին շաբաթ և կիրակի օրերին իրականացնել ստորագրահավաք, և եթե այո, ապա ի՞նչ պատճառաբանություն է իրենց ներկայացվել:
«Այո, մեզ պատճառաբանել էին, որ օրենքի պահանջով ստորագրահավաքը պետք է կատարվի տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց աշխատանքային օրերին և ժամերին՝ ժամը իննից վեցը: Այն ժամանակ, երբ մենք էինք իրականացնում ստորագրահավաքը, ակնդետ հետևում էին, որ շուտ չգանք կամ ուշ չվերջացնենք: Ընդմիջման ժամերին երբեմն թույլ չէին տալիս, որ մարդիկ շենք մուտք գործեին: Նման խոչընդոտների առաջ էինք կանգնում: Հղում էին անում «Հանրաքվեի մասին» օրենքին, որտեղ նշվում է, որ ստորագրահավաքը պետք է կազմակերպվի տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համայնքապետարաններում, և համապատասխան իրավական ակտին, որը սահմանում է աշխատանքային օրվա, ժամի և այլնի հետ կապված կարգավորումները»,-ասաց Մենուա Սողոմոնյանը:
Սակայն փաստացի «Եվրաքվեի» ստորագրահավաքի կազմակերպիչներին թույլ են տվել: «Եթե իրենք ասում են, որ համայնքապետարաններն իրենց ընդառաջել են, ուրեմն գործ ունենք երկակի մոտեցման հետ. փաստորեն, կիրառվում են երկակի ստանդարտներ: «Հայաքվեի» պարագայում շատ խիստ հետևել են օրենքի տառին»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը: