կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-05 17:45
Քաղաքական

Եթե Ռուսաստանը Հայաստանին զենք չտրամադրի

Եթե Ռուսաստանը Հայաստանին զենք չտրամադրի

ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչն օրեր առաջ Երևանում, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, ասել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները և աջակցեն հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին հանձնարարեց ուսումնասիրել այդ խնդիրը:

Դաչիչի այս հայտարարությունը Հայաստանում ընկալվեց իբրև քննադատություն Ռուսաստանի հասցեին՝ Ադրբեջանին զենք մատակարարելու, դրանով կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը խախտելու և այդքանով, իբրև միջնորդ, ոչ օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու համար:

ՄԽ երեք համանախագահող երկրներից փաստացի միայն Ռուսաստանն է ակտիվորեն զենք վաճառում կամ տրամադրում ԼՂ հակամարտության կողմերին՝ փորձելով այդ հանգամանքը դարձնել ռազմատեխնիկական առումով թե\' հայկական և թե\' ադրբեջանական կողմերի նկատմամբ ռազմաքաղաքական ազդեցությունը մեծացնելու միջոց: Մոսկվայի այս քաղաքականությունը, սակայն, Ադրբեջանին ՄԽ մյուս համանախագահող երկրների համար դարձրել է գործնականում անվերահսկելի: Բաքուն ոչ միայն հայկական կողմի և միջնորդների հետ սկսել է հարաբերվել շանտաժի լեզվով, այլև պատերազմի վերսկսման իրական սպառնալիք է ստեղծել, որը կարող է վերջնականապես «ջրել» խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի մանդատի ներքո գործադրվող բոլոր ջանքերը և դրանով ապացուցել միջազգային այդ կառույցի անգործունակությունը: Սա չի կարող չանհանգստացնել ԵԱՀԿ-ին: Դաչիչի երևանյան հայտարարությունների հիմնական նպատակն այդ անհանգստությունը դրսևորելն էր:

Կողմերին զենքի մատակարարման խնդիրն ուսումնասիրելու՝ Կասպրշիկին տված հանձնարարությունը, ըստ էության, կարող է կողմերի սպառազինման գործընթացը սահմանափակելու ուղղությամբ կոնկրետ միջոցների ձեռնարկման հիմքեր ստեղծելու նախերգանք լինել: Բայց որքանո՞վ է սա ձեռնտու Հայաստանին: Մեզ, իհարկե, դուր չի գալիս, որ Ռուսաստանն այդ ծավալի զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Այն հակասում է ոչ միայն Ռուսաստանի՝ իբրև հիմնահարցի կարգավորման միջնորդ երկրի կարգավիճակին, այլ նաև Հայաստանի անվտանգությանը, որի երաշխավորման հանձնառությունն ունի Ռուսաստանը՝ համաձայն Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրում` 2010թ. թիվ 5-րդ արձանագրությամբ արված լրացման: Բայց եթե մի փոքր ավելի անկեղծ լինենք, ապա պետք է ընդունենք, որ Ռուսաստանը ոչ օբյեկտիվ միջնորդ դարձավ ոչ թե այն ժամանակ, երբ սկսեց զինտեխնիկա վաճառել Բաքվին, այլ երբ, թեկուզ զուտ ֆորմալ, ձևական առումով, ստանձնեց Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը:

Ի վերջո, Ռուսաստանը զենք է մատակարարում նաև Հայաստանին, ընդ որում՝ իր ներքին շուկայական գներով, ինչը աղքատ, ֆինանսական ռեսուրսների չտիրապետող երկրի համար ունի կենսական նշանակություն՝ գոնե Ադրբեջանի սանձազերծած սպառազինման մրցավազքում զգալիորեն ետ չմնալու առումով: Որևէ այլ երկիր Հայաստանին պատրաստ է զինտեխնիկա տրամադրել միջազզային շուկայական գներով, որոնք չափազանց թանկ են սեփական ռազմարդյունաբերություն գրեթե չունեցող Հայաստանի համար: Հետևաբար, եթե ԵԱՀԿ-ն, ի դեմս ներկայիս գործող նախագահի, հետամուտ է միայն Ռուսաստանին զսպելու հարցում, ապա սա ակնհայտորեն աշխատելու է Հայաստանի դեմ: Որովհետև Ադրբեջանն իր նավթադոլարներով, միևնույն է, շարունակելու է զինտեխնիկա ձեռք բերել այլ աղբյուրներից, այլ երկրներից: Առավել ևս` երբ այդպիսի երկրներ կան՝ Իսրայել, Թուրքիա, Պակիստան, Բելառուս և այլն: Մինչդեռ Հայաստանը, հասկանալի պատճառներով, ստիպված կլինի նվազեցնել զինտեխնիկայի գնման ծավալները:

Այս իմաստով չի կարող փրկության միջոց լինել նույնիսկ իր 102-րդ ռազմակայանին Ռուսաստանի կողմից զենքի և տեխնիկայի անարգել մատակարարումը, որովհետև այդ տեխնիկան «նստում» է ոչ թե Հայաստանի զինուժի, այլ ռազմաբազայի հաշվեկշռում, և որևէ վստահություն չկա, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան կթույլատրի դրանք կիրառել Ադրբեջանի դեմ պատերազմում: Իսկ եթե նույնիսկ այդ տեխնիկան հետագայում հայտնվում է ՀՀ ԶՈՒ հաշվեկշռում, ապա արդեն զգալիորեն մաշված և գրեթե անպիտան վիճակով, որը ավելի շատ գլխացավանք է:

Թվում է, թե եթե Դաչիչի այս նախաձեռնությունը փորձ է` մեխանիզմ ստեղծելու առհասարակ ԼՂ հակամարտության կողմերին զենքի վաճառքը սահմանափակելու ուղղությամբ, այն կարող է եղանակ փոխել: Որովհետև թվում է, թե այդ դեպքում Հայաստանը և Ադրբեջանը կարող են հայտնվել հավասար պայմաններում: Խնդիրն այն է, սակայն, որ նման բան գործնականում հնարավոր չէ, որովհետև հնարավոր չէ որևէ երկրի արգելել սեփական անվտանգությունն ապահովելու համար այլ երկրներից իր միջոցներով զենք, զինտեխնիկա ձեռք բերել: Առավել ևս, երբ Ադրբեջանը չի վավերացրել Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի սկզբունքների և իրագործման կարգի մասին` 1992թ. Տաշքենդում նաև իր կողմից ստորագրված համաձայնագիրը, և, բնականաբար, որևէ իրավական կաշկանդում այս հարցում չունի: Այսինքն` եթե նույնիսկ ԵԱՀԿ-ն փորձի կողմերի սպառազինման մրցավազքը ինչ-որ մեխանիզմներով սահմանափակելու միջոց ստեղծել, այն Ադրբեջանի համար ոչ մի գործնական նշանակություն չի ունենալու:

Հետևաբար, Դաչիչի՝ Երևանում արած հայտարարությունները, Կասպրշիկին տված հանձնարարությունը խանդավառություն առաջացնելուց առաջ նախ մտորելու լուրջ առիթ պետք է տար: Իհարկե, Հայաստանի շահերից է բխում, որ միջազգային հանրությունը որքան հնարավոր է կոշտ արտահայտվի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զինտեխնիկայի առևտրի մասին: Բայց սա այն հարցն է, որը, տակտիկական առումով, սեփական հետաքրքրություններին չվնասելու իմաստով, ավելի ճիշտ է լուծել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կոնտեքստում: Եթե դրանում ինչ-որ բան չի ստացվում, եթե Ռուսաստանը մեր քթի տակ, փաստացի արհամարհելով մեզ, շարունակում է ռազմական տեխնիկա վաճառել Ադրբեջանին կամ շարունակում է էժանի անվան տակ հնացած, «դուրս գրած» տեխնիկա մատակարարել Հայաստանին, դա ոչ թե ԵԱՀԿ-ի խնդիրն է, այլ Երևանի:

Գևորգ Դարբինյան