կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-15 16:45
Քաղաքական

Ադրբեջանին զենք վաճառելով` Ռուսաստանը, որպես դաշնակից, կկորցնի Հայաստանին

Ադրբեջանին զենք վաճառելով` Ռուսաստանը, որպես դաշնակից,  կկորցնի Հայաստանին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքով` մեծածավալ սպառազինություն վաճառելով Ադրբեջանին՝ Ռուսաստանը, որպես դաշնակից, կկորցնի Հայաստանին:

 

«Ազատության» հետ հարցազրույցում արձագանքելով դիտարկմանը, թե Ռուսաստանը պնդում է, որ դա ընդամենը բիզնես է, Մարգարյանն ասել է. «Նշանակում է, որ բիզնեսը գերակշռում է բարեկամական (եթե այդպիսիք կան քաղաքականության մեջ) հարաբերություններին: Ինձ թվում է, որ պետք է Ռուսաստանը անդրադառնա, որ այս ձևով ինքը չի կարող երկար ժամանակվա համար իր շուրջը դաշնակիցներ պահել: Ինքը պետք է հասկանա, որ այս ձևով ինքը կկորցնի: Որովհետև միշտ ելքեր հնարավոր է գտնել, միշտ ելքեր հնարավոր է փնտրել, միշտ ձևեր կան` դժվար, դյուրին, ճանապարհներ, որոնց ծանր գին կվճարենք, բայց էլի մեզ համար ելք կլինի: Բայց չեմ կարծում, որ մենք այնքան անճար ենք, որ, ուզենք, թե չուզենք, մեր միակ ելքը Ռուսաստանի հետ է: Պետք է Ռուսաստանն ինքը նաև սա գիտակցի: Եվ պետք է հասկանա, որ սխալ մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ ինքը շատ ավելի մեծ կորուստներ ունենա»:

 

«Ինձ թվում է, տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելը նաև Ռուսաստանի շահերից է բխում,- շարունակել է Հրանտ Մարգարյանը: - Բնականաբար, դա մի բան չի, որ մենք կարողանանք դրա վրայից լուռ անցնել: Դա, կարծում եմ, պետք է մեր մեջ ստեղծի ընդվզում: Դա միայն մի ձևով կարող էր ընդունելի դառնալ` որ այն, ինչ որ վաճառում է ինքը Ադրբեջանին, մեր բաժնի գինն էլ Ադրբեջանից առներ, բայց մեզ տար անվճար»:


Հայաստանի դաշնակից Ռուսաստանը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանին հարձակողական նշանակության սպառազինություն վաճառող թիվ մեկ երկիրը: Անցած տարվա օգոստոսին Բաքվում Պուտինի հետ կայացած համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևը հրապարակեց  ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական պայմանագրի ընդհանուր ծավալը՝ 4 միլիարդ դոլար` ակնարկելով, որ այն աճելու միտում ունի:


Խոսելով Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցության գործընթացի մասին` Մարգարյանը ընդգծել է, որ Դաշնակցության համար անընդունելի է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետի տեղադրումը: