կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-26 17:30
Հասարակություն

Թուրքերը գտնում էին, շրջապատում և մորթում հայ երիտասարդներին՝ թողնելով անգերեզման

Թուրքերը գտնում էին, շրջապատում և մորթում հայ երիտասարդներին՝ թողնելով անգերեզման

Նախշուն Ֆիշյանի պատմությունը

1867 թ., Մուսա լեռ


Սաթենիկ Կազյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել Ցեղասպանությունը վերապրած իր ընտանիքի պատմությունը: Մոտ 2 ամիս նրա մայրը, մորեղբայրը, մորաքույրները և տատն իրենց հայրենակիցների հետ մարտնչել են պաշարված Մուսա լեռան վրա, մինչև որ մի օր Միջերկրական ծովում՝ ափից ոչ հեռու, տեսել են խարիսխած մի ֆրանսիական նավ:

 

«Նկարում պատկերվածները մորեղբայրներս են՝ Հովհաննես (ձախից) և Իսկանդար Ֆիշյանները:

 

Նրանք ծնվել և ապրել են Մուսա լեռան մոտ գտնվող Հաջի Հաբիբլի գյուղում: 1914 թվականից եղբայրները մտնում են ծառայության և դառնում ֆրանսիական լեգիոներներ: 1915 թվականի հայերի կոտորածների և տարահանման մասին իմանալով՝ Մուսա լեռան հարակից գյուղերի բնակիչների մի մասը հասցնում են փախչել և բարձրանալ սարը: Փոքր մորեղբայրս՝ Իսկանդարը, լինելով տանը, նույնպես ընտանիքի հետ փախչում է, իսկ Հովհաննեսն այդ ընթացքում գտնվելիս է լինում զորամասում:

 

Երբ իմանում են իրենց ընտանիքների և համագյուղացիների պաքարի մասին Մուսա լեռան վրա, 30 հայ զինվորականի հետ միասին, վերցնում են իրենց հետ զենք և փախչում են զորամասից, որպեսզի օգնության գնան հայրենակիցներին: Կես ճանապարհին թուրքերը գտնում են նրանց, շրջապատում և մորթում հայ երիտասարդներին՝ թողնելով անգերեզման: Մոտ 2 ամիս մայրս, մորեղբայրս, մորաքույրներս և տատս իրենց հայրենակիցների հետ մարտնչում են պաշարված սարի վրա, մինչև որ մի օր Միջերկրական ծովում՝ ափից ոչ հեռու, տեսնում են խարիսխած մի ֆրանսիական նավ:

 


Մորեղբայրս պատմում էր, որ մի քանի լավ լողորդ տղաներ (որոնց մեջ էր նաև հայրս՝ Մովսես Բոյաջյանը), լողալով հասնում են նավը և պատմում հայերի ծանր դրության մասինՖրանսիացի նավաստիները նավակով հաց և զենք են ուղարկում հայերին և հորդորում դիմանալ մինչև իրենք գան օգնության: Եվ օգնությունը չի ուշանում:

 

Մի քանի օրից ֆրանսիական մի քանի նավ գալիս և ծերերին, կանանց ու երեխաներին տեղափոխում են Կիպրոս: Մի քանի օրից այդտեղ են բերում նաև տղամարդկանց: Այստեղ գաղթականները ապրում են մոտ 4 տարի վրաններում:

 

Պատերազմի ավարտից հետո, երբ ամեն ինչ հանդարտվում է, Մուսալեռցիները ֆրանսիական կառավարությունից առաջարկ են ստանում կամ տեղափոխվել Ֆրանսիա, կամ վերադառնալ Մուսալեռ: Մուսալեռցիների մեծ մասը նախընտրում է վերադառնալ հայրենիք՝ իրենց դրախտային երկիրը: Գյուղը գտնում են ավերված և թալանված, սակայն արարող և աշխատասեր գյուղացիները շենացնում են այն և ապրում այնտեղ մինչև 1939 թվականը, երբ այդ տարածքը հանձնվում է Թուրքիային և ֆրանսիացիները՝ հայերի բարեկամներն ու պաշտպանները, հեռանում են այդտեղից: Մՙեր մեծ գերդաստանը շատերի հետ միասին, վախենալով կրկին կոտորածի ենթարկվելուց, տեղափոխվում են Լիբանան և հիմնավորվում Այնճարում: Ցավոք սրտի, ճանապարհին տիֆից մահանում է մայրս, ինձ ու եղբորս հիշատակ թողնելով միայն իր գրքերը, որոնք կարողացել էր գաղթի այդ երկար ու դժվար ճանապարհներին պահպանել: 1946 թվականին մորեղբորս ընտանիքի, տատիս հետ հայրենադարձեցինք Հայաստան և բնակություն հաստատեցինք Գյումրիում: Տատս մինչև իր կյանքի վերջը փափագում էր վերադառնալ իր Էրգիր, գոնե գտներ իր Հովհաննես որդու գերեզմանը: Իսկ ես արդեն իմ բավականին մեծ տարիքի, դեռևս գտնում ու նոր եմ ծանոթանում իմ հայրական կողմի բարեկամների և հարազատների հետ, որոնք սփռված են ամբողջ աշխարհով մեկ»: