Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրենց կարծիքն է` կարող են կողմ լինել, կարող են կողմ չլինել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագամավոր Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին: Սահակյանն ընդգծեց, որ չի կարծում, թե ԲՀԿ-ն երկակի խաղ է խաղում:
«Ես երբեք ու երբեք չեմ մտածել, որ որևէ կուսակցություն երկակի խաղ է խաղում: Պարոն Ծառուկյանը գտնում է էդպես, թող գտնի էդպես, դա երբեք չի վնասում իմ ասածին: Նա գտնում է, որ պիտի լինի դեկտեմբերին, ես գտնում եմ, որ պիտի չլինի: Եթե ամեն ինչն օրենսդրությամբ գնա, բնականաբար, դեկտեմբերին չի լինի»,- ասաց նա:
Հարցին` եթե առաջիկա օրերին վարչապետը հրաժարական տա, հնարավո՞ր է Հանրապետականը թեկնածու առաջադրի, Սահակյանը պատասխանեց. «Հանրապետականի քայլերի մասին հետո, շատ հետո տեղյակ կլինեք»:
Ըստ պատգավորի` չպետք է աղմկոտ բաներ ասել անընդհատ, նաև` ժողովուրդն ընդամենը ուզում է լավ ապրել: «Մենք բոլոր ճանապարհներով կարողացել ենք զարգացում ապահովել»,- շեշտեց նա:
Դիտարկմանը` ժողովուրդը լավ չի ապրել, Սահակյանն արձագանքեց. «Ժողովուրդը, բնականաբար, և այսօր լավ չի ապրելու, և վաղը լավ չի ապրելու, որովհետև մենք փակված պետություն ենք այսօր: Դրա կողքին ինչպես հիմա, այնպես էլ առաջ եղել են նաև կոռուպցիոն երևույթներ»:
Նրա խոսքով` այսօր ազգի երեսուն տոկոսն է կանգնած իշխանությունների կողքին, ինչը պարզ դարձավ Երևանի ընտրություններից: «Երևանում բավականին մեծ բնակչություն կա, և նրանց 30 տոկոսն է ձայն տվել իշխանություններին, մնացած 70 տոկոսը ձայն չի տվել»:
Ճշտող հարցին` դա նշանակում է, որ մնացած 70%-ը ՀՀԿ համակիրնե՞ր են, պատգամավորը պատասխանեց` եթե իրենց համակիրներն էին, թող ձայն տային իրենց, բայց չեն մասնակցել:
Դիտարկմանը` ինչո՞ւ ՀՀԿ-ն թեկնածություն չէր դրել, որ իմանայինք` 70%-ը նրանց համակիրներն էի՞ն, թե՞ ոչ, Սահակյանն արձագանքեց. «Եթե իմ համակիրներն եք ցանկանում իմանալ, կարող եմ ձեզ բոլորիդ կանգնեցնեմ և ասեմ` ով է իմ համակիրը, ով` ոչ: Եթե իմ համակիրներն եք ուզում, դրանք շատ մեծաթիվ են, եթե ընդհանուր կուսակցությանն եք ուզում, դրանք կան, գոյատևելու են»:
Հարցին էլ` եթե դեկտեմբերին ընտրություններ լինեն, ՀՀԿ-ն մեծամասնություն կկազմի՞, նա պատասխանեց. «Մի' մտածեք, որ մենք ուզում ենք մեծամասնություն կամ փոքրամասնություն կազմենք, մենք ընդամենն ասում ենք, որ ընտրությունները պետք է կայանան իր ժամանակին: Ես չեմ կարծում, թե դեկտեմբերին կլինի, որ հիմա մտածեմ` կմասնակցե՞նք, թե՞ չենք մասնակցի»:
Սահակյանն ասաց, որ աշխարհում այդպես է` երբ ընտրությունների ես գնում, Ընտրական օրենսգիրքը պիտի փոխվի, բայց մեզ մոտ դեռ չի փոխվել: «Միշտ ընտրություններից առաջ ԸՕ-ն պետք է քննարկվի, կարող է որևէ բան չփոխվի, բայց ես չեմ կարծում որևէ բան չի փոխվի, որովհետև ինչքան ընտրություններ եղել են, ԸՕ-ն ամբողջությամբ փոխվել է»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը` վարչապետն ասել է` եթե ՀՀԿ-ն համաձայն չէ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն, կարող է չմասնակցել, Սահակյանը պատասխանեց, որ այդտեղ Հանրապետականի հարցը չէ: «Խնդիրը երկրի կայունությունն է, իսկ Հանրապետականը` մասնակցի, չմասնակցի, միշտ ոտքի վրա է մնալու»,- եզրափակեց նա: