կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-23 12:21
Հասարակություն

«Թուրքիայում մենք գառնուկ ենք, մեզ սնում, ոչխար են դարձնում, հետո մորթում են ու ուտում»

«Թուրքիայում մենք գառնուկ ենք, մեզ սնում, ոչխար են դարձնում, հետո մորթում են ու ուտում»

1974 թվին ծնված Վեյսի Զենգինը, ով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  կապակցությամբ ժամանել է Հայաստան, Սասունի Կորով գյուղից է: Ունի մեկ աղջիկ` Արմինե, և մեկ որդի` Շնորհ անունով:

 

Yerkir.am-ի հետ զրույցում նշելով, որ եկել է Հայաստան՝ մասնակցելու հիշատակի երթին և ապրելու այդ ոգևորությունը, Վեյսին պատմեց Թուրքիայում ապրող ծպտյալ հայերի կրած դժվարությունների մասին` ներկայացնելով իրենց նկատմամբ ոտնձգությունները:

 

«Ես Սասունից 12 տարեկանում եմ դուրս եկել, պատճառը ապրուստի դժվարություններն ու ճնշումների ենթարկվելն էր: Ուր որ է՝ կորցնում էինք մեր ինքնությունը, գրեթե իսլամացած էինք: Իհարկե, մենք ինքներս մեզ ճանաչում էինք, այդ պատճառով էլ ստիպված էինք դուրս գալ գյուղից, որպեսզի մուսուլման չդառնանք: Գնացինք Մարդին (գավառ՝ Արևմտյան Հայաստանում), այնտեղ ասորական գյուղ կա, հաստատվեցինք անտեղ, մկրտվեցինք: Որոշ ժամանակ անց, երբ ասորիները գաղթեցին Մարդինից, և գյուղը լցվեց արաբներով ու քրդերով, մնացինք միայնակ, և նրանք ևս սկսեցին մեզ ճնշումների ենթարկել: Այնուհետև գնացինք Կ.Պոլիս, տեսանք՝ կյանքը դժվար է այնտեղ, գաղթեցինք արտասահման՝ Ֆինլանդիա: 25 տարի է` այնտեղ եմ աշխատում»,- պատմեց մեր զրուցակիցը:

 

Զենգինը, ով Հայաստանում տուն է գնել, հայտնեց, որ առաջին անգամ երեք տարի առաջ է եկել Հայաստան և դրան հաջորդող տարիներին ևս այցելել: Նա չբացառեց նաև Հայաստանում հաստատվելու հանգամանքը: «Եթե այստեղ ապրելու համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն, քաղաքական հարցերը լուծվեն, մտադրված ենք այստեղ հաստատվել:  Ես կուզեմ, որ իմ երեխաները Հայաստանում մեծանան»,- նշեց նա:

 

Խոսելով Թուրքիայում ապրող հայերի կրած դժվարությունների և իրենց նկատմամբ թուրքերի վերաբերմունքի մասին` Զենգինն ասաց. «Նախ` մեզ մարդու տեղ չեն դնում, նվաստացնում են, հարձակվում մեզ վրա, երբ ուզում` ծեծում, երբ ուզում` սիրում: Այսինքն՝ մենք գառնուկ ենք, մեզ սնում, ոչխար են դարձնում, հետո մորթում են, ուտում»: