կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-22 21:00
Առանց Կատեգորիա

ԵՄ-Ադրբեջան «գործարք» Ռիգայում՝ Հայաստանի շահերի հաշվին

ԵՄ-Ադրբեջան «գործարք» Ռիգայում՝ Հայաստանի շահերի հաշվին

Ռիգայում ավարտվեց ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը: Արդյունքների ամփոփման հանգրվան դառնալու փոխարեն այն դարձավ ներքին խնդիրների սրման թատերաբեմ, բացահայտեց գոնե ներկա պահին կուտակված հիմնախնդիրները լուծելու` Բրյուսելի անընդունակությունը և մեծ հաշվով՝ այն փաստը, որ ԱրլԳ ծրագիրն իրականում գտնվում է ճգնաժամում:


Ծրագրի մաս կազմող 6 երկրներից և որևէ մեկի մասով կոնկրետ ձեռքբերում չվավերացվեց: Չնայած Վրաստանն ու Ուկրաինան կանգնած են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի լիբերալացման նախաշեմին, բայց ռեժիմի վերացման ուղղությամբ Բրյուսելը շարունակում է խուսափել խոստումներ տալուց: Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններն առավել քան անհասկանալի են: Դեռ նախորդ տարի Վիլնյուսի գագաթաժողովից էր պարզ, որ այս երկրների հետ հարաբերությունների ձևաչափը ենթակա է հիմնովին վերանայման՝ ունիվերսալ ծրագրերից անցնելով անհատական ծրագրերով առաջնորդվելու մարտավարության՝ նրանց աշխարհաքաղաքական և ռեգիոնալ խնդիրները, Ռուսաստանի հետ հարաբերությունների առանձնահատկությունները հաշվի առնելով: Չնայած Ռիգայում ԵՄ ղեկավարներն այդ նոր մարտավարությանն անցնելու մասին էին հայտարարում, սակայն դատելով այդ ուղղությամբ որևէ գործնական քայլի բացակայությունից` կարելի է ասել, որ ոչ ԵՄ-ն և ոչ էլ առավելևս ԱրլԳ անդամ այդ երեք երկրները դեռևս պատկերացումներ չունեն՝ ինչպես է դա իրականացվելու: Եվ դա բնական է. որպեսզի այս դաշտում գործակցության սահմանները հստակեցվեն, նախ անհրաժեշտ է թե տնտեսական, թե քաղաքական ասպեկտներով հստակեցնել Ռուսաստանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների շրջանակը: Մինչդեռ անգամ ԵՏՄ անդամ հանդիսացող Հայաստանն ու Բելառուսը չեն հասկանում՝ որտեղով է անցնում Ռուսաստանի շահերը չկոխկրտելու սահմանը: Եվ պատահական չէ, որ չնայած մինչ գագաթաժողովի անցկացումը հայտարարվում էր, թե ԵՄ-ն ու Հայաստանը հռչակագիր կստորագրեն համագործակցության Շրջանակային համաձայնագրի մշակման բանակցություններ սկսելու շուրջ, սակայն կողմերն ընդամենը բավարարվեցին այդ հարցում պատրաստակամություն հայտնելուն ուղղված հայտարարություններով, այդ կամքը համատեղ ամփոփիչ հռչակագրում ամրագրելով: Որոշ վերապահումներով՝ գրեթե նույն իրավիճակն է նաև Բելառուսի և Ադրբեջանի պարագայում:


Այն հանգամանքը, որ չնայած անորոշությանը, Բրյուսելը և Երևանը, գոնե եղածը պահպանելու և զարգացնելու արտաքուստ ցանկություն են հայտնում, թույլ է տալիս հարաբերությունները պահել որոշակի մակարդակի վրա: Հայաստանին, բովանդակային իմաստով չտալով ոչինչ, քաղաքական առումով դա մանևրելու, արտաքին քաղաքականության հարաբերական հավասարակշռվածությունը վերականգնելու հնարավորություն է տալիս: Դրա բացակայությունը կնախանշեր Հայաստանի մեկուսացումը՝ վերջնականապես նրան արժեզրկելով նաև ԵՏՄ-ում: Մինչդեռ Սերժ Սարգսյանի կողմից արված պնդումն առ այն, որ Հայաստանը «հանձնառու է ԵՄ գործընկերների հետ ձևավորել հարաբերությունների իրավական նոր հիմքը», Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին, օրինակ, թույլ է տվել ասելու, որ ողջունում է ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև կամուրջ դառնալուն ուղղված  Հայաստանի հավասարակշռված քաղաքականությունը:


Որ ԱրլԳ ծրագիրը հայտնվել է փակուղում, հստակ դրսևորվեց հատկապես ամփոփիչ հռչակագրի ընդունման հարցում արձանագրված խնդիրներով: Նախ՝ Հայաստանը և Բելառուսը հրաժարվեցին այն ստորագրել՝ Ղրիմը Ռուսաստաի կողմից աննեքսիայի ենթարկված լինելու մասին կետի պատճառով: Դա ստիպեց տապալումից խուսափելու համար հռչակագրում նաև ամրագրել երկու երկրների առարկությունները: Ապա Ադրբեջանի արտգործնախարարը դեմոնստրատիվ լքեց նիստերի դահլիճը՝ ցույց տալով, իբր, նույն կետի կապակցությամբ իր անհամաձայնությունը: Ադրբեջանը համաձայնեց ստորագրել փաստաթուղթը միայն Ալիևի հետ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հեռախոսային բանակցություններից հետո, ինչը տեղի ունեցավ Հայաստանի շահերի հաշվին:


Գագաթաժողովից հետո կայացած ասուլիսում Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայուման հայտարարեց, իսկ ԵԵԽ  նախագահ Դոնալդ Տուսկը կրկնեց, որ գագաթաժողովը ճանաչում է ծրագրի անդամ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Սա, թերևս, հենց այն նախապայմանն էր, որ Ալիևը դրել էր Տուսկի առջև՝ Ադրբեջանի կողմից հռչակագիրն ստորագրելու համար: Խնդրի բուն էությունը, սակայն, թաքնված է ոչ այնքան  Ղրիմի հարցում կամ Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչման տակ, որքան հռչակագրում ԼՂ հիմնահարցի մասով արվող չափազանց ընդհանրական ձևակերպումներում: Բանն այն է, որ այդ մասով ընդամենը հղում է կատարվում միջազգային իրավունքի շրջանակներում հարցի կարգավորմանը՝ առանց այդ սկզբունքները կոնկրետացնելու: Ակնհայտ է, որ Բրյուսելը դրանով ցանկացել էր այնպես անել, որ  Ուկրաինայի հարցում տարածքային ամբողջականության սկզբունքի միարժեք պաշտպանության մոտեցունը հակասության մեջ չմտնի ԼՂ հարցում ձևավորված միջազգային դիրքորոշման հետ, որը նաև խարսխվում է ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Որովհետև եթե նշվեին այդ սկզբունքները, պարզ էր դառնալու երկու համակարտությունների վերաբերյալ ԵՄ-ի և ԱրլԳ երկրների տարբերակված մոտեցումը: Հենց սա է, որ Ադրբեջանին դուր չէր եկել: Բաքուն արդեն տևական ժամանակ է՝ ձգտում է ԼՂ հիմնահարցը նույնացնել ուկրաինական հիմնախնդրի  հետ և Արևմուտքին այս իմաստով մեղադրում է երկակի ստանդարների կիրառման մեջ: Դա է պատճառը, որ երբ Դոնեցկում և Լուգանսկում սկսվում են բախումները, Ադրբեջանն անմիջապես սաստկացնում է սահմանային սադրանքները:


Այս երկակիությունը շեշտելու համար էր Բաքուն որոշել խոչընդոտել Ռիգայի հռչակագրի ընդունմանը: Եվ չնայած Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե Բաքուն զիջումների գնալով է այդ փաստաթուղթն ստորագրել, իրականում զիջում կատարողը եղել է հայկական կողմը, որովհետև համակերպվել է ԵՄ առաջնորդների կողմից անուղղակիորեն ԼՂ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս հայտարարելու  իրողությանը: Այս համատեքստում է պարզ դառնում, թե ինչու  նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց. թե՝ «Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանզի երբեք չի հանդիսացել անկախ Ադրբեջանի մաս»: Դրանով նա փորձեց բացատրել, թե ինչու է Հայաստանն ստորագրում հռչակագիրը մի պարագայում, երբ, փաստորեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը զուգահեռվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Պարզ է, որ սա շատ թույլ քայլ է և չի կարող փոխել իրերի դրությունը. Երևանը նախապատվությունը տվել է ոչ թե ԼՂ հիմնահարցին՝ ելնելով, թերևս նրանից, որ ԵՄ-ն այդ խնդրի վրա ուղղակի ազդելու միջոց չունի, այլ ԵՄ-ի հետ հարաբերությոնները չվիժեցնելուն, ինչը կարող էր տեղի ունենալ, եթե Ադրբեջանից հետո մեկ էլ Հայաստանն սկսեր «պոզեր ցուցադրել»:


 

Գևորգ Աղաբաբյան