Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտպանել է Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները մեծացնելու և այդ նպատակով ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ինտենսիվ բանակցություններ վարելու՝ Վրաստանի կառավարության ուղեգիծը: Հիմնական փաստարկն այն է, որ Ադրբեջանից գնվող գազի գինը զգալիորեն բարձր է, ինչը ադրբեջանական SOCAR ընկերությանը գազմատակարարման ոլորտում տրված մոնոպոլ կարգավիճակի հետևանքն է: Այլ կերպ ասած` Վրաստանի կառավարությունը փորձում է ռուսական գազի ներկրման ծավալների մեծացմամբ այդ ոլորտում ստեղծել մրցակցային պայմաններ:
Իրականում, սակայն, գների վրա ազդելու տնտեսական բաղադրիչից բացի, այս նոր մոտեցումը քաղաքական լուրջ շարժառիթներ ունի: Առաջինը, իհարկե, Ադրբեջանից գազային կախվածության նվազեցման ցանկությունն է` առանց Բաքվի հետ հարաբերությունները վտանգելու: «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների մեկնարկից անմիջապես հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անակնկալ այցելեց Բաքու` բանակցություններ վարելու նախագահ Ալիևի հետ, որից հետո պարզ դարձավ, որ այս տարվա նոյեմբերին, հավանաբար, Ադրբեջանի նախագահը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի: Դրանից հետո նաև SOCAR-ը հայտարարեց, թե չի վախենում մրցակցությունից և պատրաստ է վրացական գազամատակարարման շուկայում նոր խաղացողի հայտնվելուն: Ըստ ամենայնի` վարչապետ Ղարիբաշվիլուն ինչ-որ կերպ հաջողվել է Ալիևին համոզել, որ դա ուղղված չէ Ադրբեջանի դեմ:
Երկրորդը, ամենայն հավանականությամբ, Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու, Վրաստանը տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ հանգույցի վերածելու և դրանով Վրաստանի քաղաքական կշիռը և տարածաշրջանային դերակատարությունը բարձրացնելու՝ վրացական ներկայիս իշխանությունների ցանկությունն է: Դրա մասին «Հայացք» թերթին տված հարցազրույցում անուղղակի ակնարկել է Իվանիշվիլին: «Մենք ձգտում ենք, որ իրանական գազը ևս հասնի Վրաստան»,- ասել է նա:
Հայաստանում, կարծես, մատների արանքով են նայում Վրաստանում տեղի ունեցող այս հետաքրքիր շրջադարձերին: Մինչդեռ՝ այն քաղաքականությունը, որը գազամատակարարման ոլորտում փորձում է իրականացնել Վրաստանը, ուղղակիորեն առնչվում է Հայաստանի շահերին: Խնդիրն այն է, որ, դատելով ռուս-վրացական սկսված բանակցությունների նպատակների մասին պաշտոնական Թբիլիսիի և «Գազպրոմ»-ի բացատրություններից,` խոսքը գնում է նաև Հայաստան մատակարարվող ռուսական գազի ծավալների մեծացմանը և Վրաստանի տարանցման պայմաններին: Քալաձեի հետ Միլանում կայացած վերջին հանդիպման մասին «Գազպրոմ»-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «Հանդիպման ընթացքում շարունակվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման և կոմերցիոն մատակարարումներին առնչվող հարցերի դիտարկումը»: Իսկ, ինչպես հայտնի է, Վրաստանի տարածքով ռուսական գազը կարող է տարանցվել միայն Հայաստան, եթե խոսքը Ռուսաստան-Վրաստան-Թուրքիա ինչ-որ նոր նախագծի մասին չէ:
Տարօրինակն այն է, որ Երևանն այս ամենի շուրջ դեռևս որևէ բացատրություն, մեկնաբանություն չի տվել: Պարզ չէ` իսկապե՞ս Երևանն սկսելու է ավելի շատ գազ գնել Ռուսաստանից, և եթե՝ այո, ապա` ինչո՞ւ: Ավելին` եթե բանակցությունների թեման Հայաստան ներկրվող գազի ծավալների մեծացումն է, ապա ինչո՞ւ ռուս-վրացական բանակցություններում ներգրավված չէ Երևանը: Համենայն դեպս, դրա մասին ոչ ոք Երևանում չի խոսում: Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ ռուսական կողմը Վրաստանի հետ բանակցություններն սկսել է մինչ այդ Երևանի հետ բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո: Բայց այդ դեպքում ինչո՞ւ կառավարությունը դրա մասին պաշտոնապես չի խոսում: Սա այն դեպքում, երբ ամռանը կառավարությունը մեծ շուքով հրապարակեց էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման մի ծրագիր, որով, որպես հնարավոր սցենար, նախատեսվում է, 2018-ից սկսած, Իրանից ներկրվող գազի ծավալները հասցնել մինչև 2 մլրդ խմ-ի: Հիմա հարց է առաջանում` ինչպե՞ս է Երևանը իրականացնելու այս ծրագիրը` Ռուսաստանից գնվող գազի ծավալը մեծացնելուն ուղղված ներկայիս պրոցեսների պարագայում:
Սակայն այս հանելուկային իրողությունները հարցի դեռ միայն մի կողմն են: Մյուս կողմն այն է, թե որքանով են հաշվարկվել Վրաստանի որդեգրած այս նոր քաղաքականությունից Հայաստանի՝ դիվիդենդներ քաղելու կամ վնասներ կրելու հնարավորությունները: Իվանիշվիլիի հայտարարությունից պարզ է դառնում, որ Թբիլիսին փորձում է ի սկզբանե օգտվել նրանից, որ Իրանը պատժամիջոցների վերացումից հետո, այսպես, թե այնպես, ձգտելու է հեգեմոն կարգավիճակ ստանալ գազի համաշխարհային շուկայում, ու հիմա Թբիլիսին փորձում է իրեն առաջարկել որպես դեպի Արևմուտք իրանական գազի տեղափոխման տարանցիկ երկիր: Նման նախագիծ իրականացնելու համար Վրաստանը երկու տարբերակ ունի՝ կա\'մ Հայաստանի տարածքով, կա\'մ Ադրբեջանի: Եթե Հայաստանի հետ այս հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել, ապա կարելի է եզրակացնել, որ Ղարիբաշվիլին Բաքու էր գնացել՝ Ալիևի հետ հենց Ադրբեջանի միջոցով իրանական գազը Վրաստան հասցնելու հնարավորությունները քննարկելու: Այցն այս լույսի ներքո դիտարկելու պարագայում արդեն չի կարելի բացառել, որ այս հարցում երկկողմ պայմանավորվածությունների հնարավոր ձեռքբերումն է «Գազպրոմ»-ի` Վրաստան «ներխուժման» և վրացական շուկայի մի մասը SOCAR-ից խլելու միանգամայն իրատեսական հեռանկարի նկատմամբ Բաքվի կողմից ներկայումս ցուցաբերվող զարմանալի հանգստության պատճառը:
Եթե այդպես է, ապա Հայաստանը կարող է հերթական անգամ դուրս թողնվել տարածաշրջանային նոր, լրջագույն ծրագրից: Մինչդեռ, հաշվի առնելով տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի կշիռը եղածից ավելի չմեծացնելու հարցում Իրանի շահագրգռությունը, Հայաստանն ինքը կարող էր ներկայիս անգործության փոխարեն նախաձեռնողականություն ցուցաբերել և հանդես գալ Վրաստանի ու Իրանի միջև կապող օղակի դերում:
Գևորգ Դարբինյան