կարևոր
3916 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-22 17:45
Քաղաքական

Բոլոր տեսակի վճարները փակվում են Հայաստանի առկա և հնարավոր շահերի հաշվին. Զաքարյան

«Առաջարկվում է իրական խաղաղություն, ոչ թե այսպիսի խաղաղություն, որտեղ դու շարունակում ես կորցնել, զոհվել, խայտառակ լինել, նսեմանալ, ստորանալ ու էլի մնալ ծնկաչոք վիճակում՝ մուրացողի դերում»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա. փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով «խաղաղության պայմանագրին»։

Նրա խոսքով, այդպես էլ անհասկանալի է, թե  այդ «խաղաղություն» բառի երաշխիքն ով է լինելու, եթե դու ինքդ չես, թշնամին էլ չի, երրորդ կողմ է պետք, որ այդ երաշխավորությունը տա։

Այդ երրորդ կողմը, այս պահի դրությամբ, փաստացի ՌԴ-ն է,  որից, ըստ էության, Հայաստանի իշխանության լիազորություներով օժտված օղակները հաճախ  դժգոհում են, երբեմն տեղին, բայց չհասկանալով, որ այդ դժգոհության պատճառների աղբյուրը հենց իրենք են, քանի որ քաղաքականության մեջ  ամեն ինչ փոխադարձության սկզբունքով է լինում»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Ա. Զաքարյանն ասաց, որ աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ և  Հարավային Կովկասի  տարածաշրջանը լինելով կարևորագույն հանգուցային կետ  տարբեր աշխարհաքաղաքական շահերի և նրանց կապող ճանապարհների միջև, բնականաբար, անմասն չէր կարող մնալ։

«Իշխանությունը դրսից ունի որոշակի աջակցություն՝ տարածաշրջանային փոփոխություններում Հայաստանն օգտագործել որպես գործիք, ոչ թե գործոն՝ ի հաշիվ Հայաստանի: Տեսեք՝ ի հաշիվ վրացական շահի ոչինչ տեղի չի ունենում, ի հաշիվ ադրբեջանական շահի առայժմ ոչինչ տեղի չի ունենում, այսինքն՝ շահած իրավիճակում են: Բոլոր տեսակի վճարները, հաշիվները փակվում են Հայաստանի Հանրապետության առկա և հնարավոր շահերի հաշվին։

Մենք բավականին բարդ  պատմական ժամանակներ ենք ապրում, շատ էական ու կարևոր է, թե ինչպիսի ընթացք կստանան հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- ասաց Արտակ Զաքարյանը։