Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամանակակից աշխարհում վիճելի տարածքների խնդիրը եզակի չէ՝ Կոսովո, Պաղեստին, Լեռնային Ղարաբաղ, Արևմտյան Սահարա, Հյուսիսային Կիպրոս, Մերձդնեստր և այլն: Սակայն այդ վեճերը կարգավորվում են բանակցային գործընթացի շրջանակներում, և պատմությանը հայտնի չեն դեպքեր, որ ինչ-որ պետության իշխանություններ վիճելի տարածաշրջան այցելած լրագրողների հետախուզում հայտարարեն, առավել ևս՝ անհեթեթ են թվում այդ լրագրողներին առևանգելու փորձերը:
Վերջերս Schweizer Monat շվեյցարական ամսագրի՝ իրենց ծառայողական և մասնագիտական պարտականությունները կատարելու համար Լեռնային Ղարաբաղ այցելած լրագրողների դեմ քրեական գործ հարուցելու ու նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու՝ Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքը մի շարք լուրջ հարցեր է բարձրացնում: Ադրբեջանն իր սպառնալիքում հղում է անում իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ տեղի ունեցած նախադեպին. 2011-ին որպես լրագրող Լեռնային Ղարաբաղ աշխատանքային այց կատարելու համար նրան ձերբակալել էին Բելառուսում և արտահանձնել Բաքվին: Խոսելով Լապշինի գործի մասին՝ Ադրբեջանի իշխանությունները հասկացնում են, որ դա կարող է տեղի ունենալ ԼՂ այցելած ցանկացած լրագրողի հետ: Սակայն նրանց թաքցնում են այն փաստը, որ Լապշինը, որի ընտանիքի մեծ մասը Հոլոքոստի ժամանակ զոհվել է ֆաշիստական ճամբարներում, 2017-ի սեպտեմբերի 10-ին՝ Մինսկում ձերբակալվելուց ու Բաքվին արտահանձնվելուց հետո, դաժան հարձակման է ենթարկվել Ադրբեջանում, անգամ՝ մահափորձ է իրականացվել: Լրագրողը, որը չէր ընդունել, որ ԼՂ այցի մեջ որևէ մեղք կա, անմիջապես արդարացվեց նախագահ Ալիևի կողմից, որը վախեցավ, թե նրա մահն Ադրբեջանում կարող է լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ: Բաքվի իշխանությունները չեն հիշատակում նաև փաստը, որ Եվրադատարանը ներկայումս քննում է Լապշինի բողոքն ընդդեմ Ադրբեջանի, որում լրագրողը մեղադրում է երկրին իր դեմ մահափորձի ու ապօրինաբար ազատազրկելու մեջ:
Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները սպառնում են շվեյցարացի լրագրողների հանդեպ քրեական գործեր հարուցել և հետախուզում հայտարարել այն բանից մեկ շաբաթ անց, երբ բազմաթիվ ԶԼՄ-ներ հայտարարեցին, որ Բաքուն 2019-ի դեկտեմբերի 12-ին Կիևից առևանգել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Էլվին Իսաևին, իսկ դեկտեմբերի 15-ին նախատեսել էին առևանգել նաև Լապշինին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Այդ մասին լրագրողին նախազգուշացրել էին Լոնդոնում ենթադրյալ առևանգումից 3 օր առաջ, նաև՝ տեղեկացրել, որ Ադրբեջանն Ինտերպոլի ստանդարտ ընթացակարգը շրջանցող ուղիղ հարցումներ է ուղարկել Լատվիա, Լիտվա և Լեհաստան: Լապշինին հայտնել էին, որ այդ ամենի հետևում գեներալ Ալի Նագիևն է՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը:
Լապշինը ստիպված հրաժարվել է Ռիգա անցից, որտեղ հրավիրվել էր զբոսաշրջային համաժողովի մասնակցելու՝ որպես խոսնակ: Միջոցառման բազմաթիվ մասնակիցներ տեսել են մի քանի ադրբեջանցիների, որոնք հերթապահել են Mercury Riga հյուրանոցի մուտքերի մոտ: Տեղի իշխանությունների տեղեկություններով՝ հյուրանոցից երկու փողոց այն կողմ գողացված համարվող մեքենա է կանգնած եղել, որով էլ հեռացել են ադրբեջանցիները: Ենթադրաբար, նրանք սպասել են Լապշինին՝ նրան առևանգելու և հետագայում Բաքու տեղափոխելու համար:
Ինչպե՞ս տեղափոխել առւանգվածին Լատվիայից Ադրբեջան: Բավական է հիշել Վրաստանում ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըի առևանգումը: Նրան բռնել էին Թբիլիսիի կենտրոնում և ցամաքային սահմանով տեղափոխել Ադրբեջան՝ ադրբեջանցի քրեական տարրերի ու վրացի կոռումպացված ոստիկանների աջակցությամբ՝ կապկպված ձեռքերով և սև պարկը գլխին: Դրանից հետո ադրբեջանական իշխանություններն իրենց լրագրողին մեղադրեցին «ապօրինաբար սահմանը հատելու մեջ»: Նման սցենարը, ենթադրվում է, մշակվել էր նաև իսրայելցի բլոգերի համար, և հաշվի առնելով երկու բռնապետերի՝ Ալիևի ու Լուկաշենկոյի սերտ կապերը, ադրբեջանցիները, հավանորեն, Լատվիայից Բելառուս «միջանցք» են ունեցել, որ Ռիգայում առևանգված և հոգեմետ միջոցներով անգիտակից վիճակի բերված Լապշինին տեղափոխեն Մինսկ, այնտեղից էլ՝ Բաքու:
Ադրբեջանի փորձերը օտարերկրյա լրագրողներին սպառնալու միջոցով ուժեղացնել Ղարաբաղի հայ բնակչության շրջափակումը հակասում են հենց նրանց հայտարարություններին, թե ԼՂ հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են: Ստացվում է՝ Բաքվի իշխանությունները խախտում են իրենց քաղաքացիների իրավունքները: Ադրբեջանը բոլոր ճակատներում (ռազմական և դիվանագիտական) ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ իրեն լուծելու հարցում դաշնակիցներ ներգրավելու համար, սակայն մասնավոր անձանց, լրագրողներին և հասարակական գործիչներին վախեցնելու ճանապարհը ոչ մի տեղ չի տանի: