կարևոր
4294 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-04 15:39
Քաղաքական

Փաշինյանը իրականացնում է աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը` Հայաստանի եւ Արցախի շահերի հաշվին. Թեւանյան

Հայ-ռուսական հարաբերություններում կան որոշակի խնդիրներ, որոնք ուզում են օգտագործել մեր հակառակորդները: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին, քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Ռուսական կողմի համար գլխավոր խնդիրը Կրեմլի կոմունիկացիան է հայ հասարակության հետ, իսկ ավելի կոնկրետ ` այդ կոմունիկացիայի լրիվ բացակայությունը: Ավանդականորեն Կրեմլի համար գլխավոր դաշնակիցը եղել են իշխող ուժերը, իսկ մյուս ուժերի, առավել եւս հասարակության հետ ռուսական իշխանությունները աշխատել են երկրորդ հերթին: Ուկրաինայում ստեղծված իրավիճկաը նույնպես ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ չեն աշխատում հասարակության հետ»,- ասաց նա:

Նրա խոսքով` դեռ 2018 թվականին Բոլթոնի այցի ժամանակ էր պարզ, թե ինչպիսի է  լինելու իշխպանությունների գործողությունների քարտեզը:

«Բոլթոնը Փաշինյանին դեռ 2018 թվականին էր ասել, թե ինչպես պետք է հրաժարվել Իրանի եւ Ռուսաստանի հետ ստրատեգիական հարաբերություններից, դրա փոխարեն հարաբերություններ կառուցել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ` նույնիսկ հայկական արխետիպային մտածողությունը փոխելու հաշվին: Բոլթոնի տված դասը Փաշինյանն ամբողջովին յուրացրել է, նույնիսկ կարելի է ասել գերակատարել է եւ դրա հետեւնաքը դարձավ ԼՂ ողջ բանակցային գործընթացի ոչնչացումը, որն իր հերթին 2020 թվականի պատերազմի հիմքը դարձավ: Պարտությունը պատերազմում փոխեց տարածաշրջանի ռազմաքաղաքական բալանսը, Հայաստանը Փաշինյանի պատճառով կորցրեց իր դիրքը տարածաշրջանում: Մենք կարող էինք կորցնել ողջ Արցախը եւ միայն Պուտինի ջանքերի միջոցով կարողացանք կանխել այդ արհավիրքը»,-ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` ԼՂ հարցը կարող է լուծվել միայն Հայաստան- Ադրբեջան – Ռուսաստան բանակցությունների միջոցով. «Նիկոլ Փաշինյանը հիմա շատ վտանգավոր քայլ է արել, նա Ռուսաստանի օգնությամբ համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, սակայն ցանկանում է հայ-ադրբեջանական եւ Արցախի հարցը լուծել արեւմտյան հարթակներում: Պրահայում կատարվածը բերեց Լաչինի միանցքի փակմանը, Պրահայի գործընթացն ուղղված է ռուս խաղաղապահների դուրսբերմանը Արցախից, եթե հավելենք Փաշինյանի այն հայտարարությունը, որ ռուսական 102-րդ ռազմաբազան սպառնալիք  է ՀՀ-ի համար, ապա կարող ենք ասել, որ դա Բոլթոնի ծրագրի իրականացումն է: Փաշինյանը իրականացնում է աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը` Հայաստանի եւ Արցախի շահերի հաշվին»: