Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավելի քան մեկ ամիս է անցել Սպիտակ-Երևան ավտոճանապարհին զինվորական բեռնատարի վթարից:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել էր ժամկետային զինծառայող Արտյոմ Թովմասյանը, իսկ նրա 9 ծառայակիցները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վիրավորված զինվորներից շատերն ապաքինվելուց հետո վերադարձել են ծառայության, իսկ երկուսը դեռևս գտնվում են զինվորական հոսպիտալում:
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքի առթիվ նշանակված ծառայողական քննությունն արդեն ավարտվել է: Ծառայողական քննության արդյունքների, մասնավորապես` հնարավոր մեղավորների և նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել նախարարություն:
Դեպքի վերաբերյալ զրուցեցինք նաև զոհված զինծառայողի հոր՝ Արայիկ Թովմասյանի հետ: Նա մեզ տեղեկացրեց, որ մինչ այժմ ծառայողական քննության և հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ ոչ ոք իրեն չի իրազեկել: «Միայն գիտեմ, որ Սեյրան Օհանյանն ասել ա, որ մեղավորները կպատժվեն, բայց ո՞ւր ա, էսքան ժամանակ ա անցել...»,- ասաց նա:
Զինծառայողի հոր խոսքով՝ դեպքի համար պետք է պատասխանատվություն կրեն այն անձինք, ովքեր թույլատրել են շահագործել տեխնիկական խնդիրներ ունեցող մեքենան: «Դեպքի նախորդ օրը տղայիս հետ խոսել եմ, ասաց, որ մեքենայի տոռմուզի ռեմենն ա կտրել, ու զորամասում ասել ա էդ մասին, ասել են` նորը կտան, բայց չեն տվել: Էրեխեն էլ ստիպված հին ռեմեն ա ճարել, դրել»,-պատմեց Թովմասյանն ու հավելեց, որ որդին, իր կյանքը զոհելով, փրկել է մյուսներին: «Էնպես չի, որ տղաս անփորձ էր, բացառվում ա, ինքը 6-րդ դասարանից մեքենա էր քշում, մենակով գնում էր դաշտ, հսկայական խոտը բարձում էր գռուզավիկն ու բերում»,- ասաց նա:
Հայրը տեղեկացրեց, որ սպասում է` որդու քառասունքն անցնի, անձամբ գնա Երևան՝ գործի ընթացքով հետաքրքրվի: «Սա հենց էնպես չեմ թողնի, չմտածեն՝ անցավ, գնաց, տղես օջախիս լույսն էր…»: Զոհված զինծառայողի հայրը պատմեց, որ նախորդ տարի էլ դիրքում հակառակորդի գնդակից որդու համադասարանցի ընկերն էր զոհվել: «Երկուսն էլ նույն բախտին արժանացան, բանակից հետ չեկան…»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հ.Գ. Yerkir.am-ը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել հիշյալ գործը: Գործի ընթացքի վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել նաև ՀՀ քննչական կոմիտե և սպասում ենք պատասխանի: