Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա նիստում ցուցմունք տվեց Մերիի սկեսուրը՝ Օլգա Հարությունյանը: Նրա համար դատարան էին հրավիրել թարգմանչի, քանի որ նա վարժ չէր տիրապետում հայերենին: Հարությունյանն իր ցուցմունքում մանրամասն պատմեց դեպքին նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցածի ու կատարվածում Շենգավիթ ԲԿ-ի բժիշկ Շուշանիկ Բախշյանի մեղավորության մասին: Դատավորի հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի նիստերի դալիճում նստած կողմերի հետ, նա հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանին, ով իր մոտ, բացի բացասական էմոցիաներից, այլ բան չի առաջացնում:
Վկան պատմեց, որ իր որդին ու հարսն ամուսնացել են 2014-ի հոկտեմբերին, իսկ 2015-ի փետրվարի 11-ից հարսը հաշվառվել է «Շենգավիթ» ԲԿ-ում: Ըստ նրա՝ հետազոտությունների ընթացքում պարզվել էր, որ պտուղը հասակի հետ կապված խնդիր ունի, հետո որոշակի դեղամիջոցներ են նշանակել և հայտնել, որ պտուղը մեծանում է:
«Հուլիսի 1-ին պարզվեց, որ պտուղը մի փոքր մեծացել է, և այդ օրից մինչև հուլիսի 20-ը բժիշկը հետազոտություն չէր նշանակել, մինչդեռ` նման դեպքերում, երբ պարզվում է, որ պտուղը խնդիր ունի, բժիշկն ավելի հաճախ պետք է հետազոտություններ նշանակի: Հուլիսի 23-ի առավոտյան զանգեցի Մերիին, ասաց, որ վատ է զգում, հետո իմացա, որ ջերմությունը բարձրացել է: Դրանից հետո գնացել եմ տուն և մինչև վերջին պահը Մերիի կողքին եմ եղել»,- հուզմունքը զսպելով` ասաց սկեսուրը:
«Կողքիս նստած` Մերին զանգեց իր բժշկուհուն՝ Շուշանիկ Բախշյանին, ասաց, որ վատ է զգում, ջերմություն ունի: Շուշանիկը պատասխանեց, որ իմաստ չունի գալ, հնարավոր է վիրուս է, թող պարացետամոլ խմի: Մենք Մերիի մայրիկի հետ պնդեցինք, որ տանենք հիվանդանոց: Եկանք հիվանդանոց, ասացին` բժիշկը քնած է, երեք օր հիվանդանոցում է եղել»,- շարունակեց վկան և ընդգծեց, որ տեղեկությունը, թե իբր Շուշանիկ Բախշյանը Մերիի համար է եկել հիվանդանոց, իրականությանը չի համապատասխանում:
«Մենք ասացինք` եկեք պառկեցնենք Մերիին: Բախշյանն ասաց՝ ոչ մի շեղում չկա, չգիտեմ թղթերի մեջ ինչ գրեմ, ինչ հիմքով եմ պառկեցնելու: Ասաց` պարացետամոլ թող խմի, ջերմությունը կիջնի, և ուղարկեց ատամնաբույժի մոտ, քանի որ կասկածներ ուներ, որ ատամնացավից կարող է լինել: Սակայն ատամնաբույժն ասաց, որ որևէ խնդիր չկա, և ատամնացավը ջերմության հետ կապ չունի: Հետո բժիշկն ասաց` եթե պարացետամոլը չօգնի՝ անալգին–դիմեդրոլ ներարկեն: Մենք պնդեցինք՝ պառկեցնել Մերիին, Բախշյանն ասաց, որ քաղաքում չէ: Մերիի ճնշումը չափած բուժքույրն ասաց, որ կարիք չկա մնալու, կարող ենք գնալ տուն: Հետո ուղարկեցին Բաբլոյանի կենտրոն՝ մտածում էին անգինայի հետ կապված խնդիր կա: Մերիի վիճակը չէր լավանում, նա շատ հավատարիմ էր իր բժշկուհուն: Առավոտյան զանգեց որդիս՝ Արթուրը, և ասաց, որ Մերիի վիճակը կտրուկ վատացել է: Նրան տարանք «Շենգավիթ» ԲԿ: Մերին չէր կարողանում շնչել, ձեռքերը դողում էին: Ես բժշկին ասացի՝ կեսարյան հատում արեք, նա ասաց, որ պետք է 24 ժամ սպասենք, որպեսզի հետազոտության պատասխաններ գան: Մերիի վիճակը գնալով վատանում էր: Բժշկուհին միս ու բրոկոլի էր ուզել, որ Մերիին տայինք, բայց նա ի վիճակի չէր ուտել: Մերիի եղբոր բարկանալուց հետո միայն բժիշկները նրան բարձրացրեցին վերակենդանացմա բաժանմունք: 2-3 ժամ հետո բժիշկն ասաց, որ պետք է նյարդաբանին բերեն, ով եկավ մեկ ժամ անց, հետո ասացին` պետք է կանչեն վարակաբանին, նա էլ եկավ 3 ժամ անց: Հետո ասացին` պետք է ЯМР անեն, բայց իրենց մոտ այդ սարքավորումից չկա, և ուղարկեցին «Էրեբունի» ԲԿ: Ես հարցրեցի Բախշյանին, թե` ի՞նչն այնպես չեք արել, որ Մերիի վիճակը վատացել է, նա ասաց, որ ինքը ոչ մի սխալ բան չի արել: Մենք շտապօգնություն կանչեցինք, տարանք «Էրեբունի» ԲԿ: Այստեղ անմիջապես եկավ վերակենդանացման բաժանմունքի բժիշը, տեսավ Մերիի վիճակը»,- պատմեց Հարությունյանն ու ընդգծեց, որ, ի տարբերություն «Շենգավիթի» բժիշկների, «Էրեբունի»-ում բոլոր բժիշկները վազում էին, արագ-արագ հետազոտեցին, Մերիին արհեստական շնչառությանն ապարատով ուղարկեցին կեսարյան հատման, սակայն հետո Մերին մահացավ, որոշ ժամանակ անց էլ՝ երեխան: «Ոչ մեկ «Շենգավիթ» ԲԿ-ում չօգնեց Մերիին»,- շեշտեց վկան և խնդրեց դատարանին` մանրամասն հետազոտել գործում եղած փաստերը, որպեսզի մեղավոր բժիշկները պատժվեն, որպեսզի ոչ մի կին այսուհետ Մերիի իրավիճակում չհայտնվի:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի աթոռին են «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանը: Շուշանիկ Բախշյանի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրված է գրավը, իսկ Անի Բաբելյանի հանդեպ՝ ստորագրություն չհեռանալու մասին: